ԱՄՈՎՍ 5:1-27 ABA1910 - Bible AI

1Լսեցէք այս խօսքը, որով ես ողբում եմ ձեզ վերայ, ով Իսրայէլի տուն։

2Ընկաւ, այլեւս վեր չի կենալու Իսրայէլի կոյսը, փռուել է իր երկրի վերայ, կանգնեցնող չ’ունի։

3Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Այն քաղաքումը, որ հազար էր դուրս բերում, պիտի մնայ հարիւր, եւ հարիւր դուրս բերողումը տասը պիտի մնայ Իսրայէլի տան համար։

4Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Իսրայէլի տանը. ինձ որոնեցէք, եւ կ’ապրիք։

5Բայց Բեթէլը մի որոնէք, եւ Գաղգաղան մի մտնէք, եւ Բերսաբէէն մի գնաք. որովհետեւ Գաղգաղա անպատճառ գերի պիտի գնայ, եւ Բեթէլը պիտի ոչնչանայ։

6Տիրոջը որոնեցէք եւ կ’ապրիք, որ նա չ’յարձակուի կրակի պէս Յովսէփի տան վերայ, եւ նա լափէ, եւ Բեթէլը հանգցնող չ’ունենայ.

7Դուք որ օշինդր էք դարձնում իրաւունքը, եւ արդարութիւնը գետնով տալիս.

8Որոնեցէք նորան, որ արաւ Բազմաստեղն ու Հայկը, որ մահուան ստուերը առաւօտ է դարձնում, եւ ցերեկը մթնեցնում է գիշերի. որ ծովի ջրերը կանչում է, եւ նորանց ածում է երկրի երեսի վերայ, նորա անունը Եհովայ է։

9Որ աւերմունք է փայլատակեցնում բռնաւորի վերայ, եւ աւերմունքը մինչեւ ամրոցն է գալիս։

10Դռան մէջ ատում են յանդիմանողին, եւ զզվում են ուղիղ խօսողից։

11Դորա համար՝ որովհետեւ ոտնահար էք անում աղքատին, եւ նորանից ցորենի պարգեւներ էք առնում. դուք սրբատաշ քարից տներ կ’շինէք, բայց նորանցում չէք բնակուիլ, ցանկալի այգիներ կ’տնկէք, բայց նորանց գինին չէք խմիլ։

12Որովհետեւ ես գիտեմ ձեր շատ յանցանքները եւ ձեր ծանր մեղքերը, արդարին նեղողներ, կաշառք առնողներ, որոնք աղքատներին ծռում են դռան մէջ։

13Դորա համար իմաստունը այն ժամանակ պիտի լռէ, որովհետեւ նա չար ժամանակ է լինելու։

14Բարութիւն որոնեցէք եւ ոչ թէ չարութիւն, որ ապրիք, եւ այսպէս Զօրաց Տէր Աստուածը ձեզ հետ կ’լինի, ինչպէս որ ասել էք։

15Ատեցէք չարութիւնը եւ սիրեցէք բարին, եւ դռան մէջ հաստատեցէք իրաւունքը, գուցէ Զօրաց Տէր Աստուածը գթայ Յովսէփի մնացորդին։

16Դորա համար այսպէս է ասում Տէրը՝ Զօրաց Եհովայ Աստուածը, ամեն հրապարակներում ողբ պիտի լինի, եւ ամեն փողոցներում վա՜յ վա՜յ պիտի ասեն, եւ երկրագործին պիտի սուգի կանչեն, եւ ողբի՝ ողբ գիտացողներին։

17Եւ ամեն այգիներում ողբ է լինելու, որովհետեւ ես պիտի անցնեմ քո միջովը, ասել է Տէրը։

18Վա՜յ Տիրոջ օրուանը ցանկացողներին, ձեզ ի՞նչ պետք է Տիրոջ օրը. նա խաւար է, եւ ոչ թէ լոյս։

19Ինչպէս որ մարդ կ’փախչէ առիւծի բերանից, եւ արջը կ’հանդիպէ նորան. կամ տունը կ’մտնէ ու ձեռքը կ’կռնեցնէ պատին, եւ օձը կ’կծէ նորան.

20Ահա Տիրոջ օրը խաւար է եւ ոչ թէ լոյս, եւ մառախուղ եւ ոչ թէ պայծառութիւն ունի նա։

21Ես ատում եմ, մերժում եմ ձեր տօները, եւ չեմ հոտոտում ձեր հանդէսներումը։

22Թէեւ ինձ ողջակէզներ էլ մատուցանէք եւ ձեր հացի ընծաներն էլ, ես չեմ ընդունիլ. եւ ձեր պարարտ անասունների խաղաղութեան զոհին մտիկ չեմ տալ։

23Քո երգերի աղմուկը հեռացրու ինձանից, որ չ’լսեմ տաւիղներիդ եղանակը։

24Բայց թող իրաւունքը յորդէ ջրի պէս, եւ արդարութիւնը վարար գետի պէս։

25Զոհեր եւ հացի ընծանե՞ր էիք մատուցանում ինձ անապատումը, այն քառասուն տարին, ով Իսրայէլի տուն։

26Այլ դուք կրեցիք ձեր Մողոքի վրանը եւ ձեր Հռեմփայ աստուծոյ աստղը՝ ձեր պատկերները որ շինել էիք ձեզ համար։

27Ուրեմն ձեզ գերի պիտի անել տամ Դամասկոսից այն կողմ, ասում է Տէրը, որի անունը Զօրաց Աստուած է։

ՀԱԸ
/div>