1Սողոմոնի առակները։ Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը, եւ յիմար որդին իր մօր տրտմութիւնն է։
2Անօրէնութեան գանձերը օգուտ չ’ունին, բայց արդարութիւնը ազատում է մահից։
3Տէրը չի թողիլ որ արդարի հոգին սովէ, բայց խափանում է ամբարիշտների բաղձանքը։
4Ծոյլ ձեռով բանողը աղքատ է լինում. Իսկ ժիրերի ձեռքը հարստացնում է։
5Ամառը ժողովողը խոհեմ որդի է, հունձքին քնողը ամօթ բերող որդի է։
6Օրհնութիւններ կան արդարի գլխին, եւ բռնութիւնը կ’խցկէ ամբարիշտների բերանը։
7Արդարների յիշատակը օրհնուած կ’լինի, բայց ամբարիշտների անունը կ’փտի.
8Իմաստուն սիրտ ունեցողը կ’ընդունէ պատուէրը. բայց յիմար շրթունք ունեցողը կ’կործանուի։
9Կատարելութեամբ վարուողը ապահով կ’գնայ. Բայց իր ճանապարհները ծռողը կ’ճանաչուի։
10Աչքով ակնարկողը նեղութիւն է տալիս, եւ յիմար շրթունք ունեցողը կ’կործանուի։
11Կեանքի աղբիւր է արդարի բերանը, բայց բռնութիւնը կ’խցկէ ամբարիշտների բերանը։
12Ատելութիւնը կռիւներ կ’քրքրէ, բայց սէրը ամեն յանցանքները կ’ծածկէ։
13Հանճարեղի շրթունքի վերայ իմաստութիւն կ’գտնուի, եւ գաւազան կայ անմիտի մէջքի համար։
14Իմաստունները գանձում են գիտութիւնը, բայց յիմարի բերանը մօտ է կործանման։
15Հարուստի ճոխութիւնն իր զօրութեան քաղաքն է, իսկ աղքատների չքաւորութիւնն իրանց կործանումն է։
16Արդարի գործողութիւնը կեանքի համար է. Ամբարշտի արդիւնքը մեղքի համար։
17Խրատ պահելը ճանապարհ է դէպի կեանք, բայց յանդիմանութիւնը ձգողը մոլորում է։
18Ատելութիւն ծածկողը ստախօս է, եւ բամբասանք հնարողը անմիտ է։
19Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է։
20Ընտիր արծաթ է արդարի լեզուն. Իսկ ամբարիշտների սիրտը չնչին բանի պէս է։
21Արդարի շրթունքները շատերին են առաջնորդում, բայց յիմարները մեռնում են պակասամտութեան մէջ։
22Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ։
23Յիմարի համար չարութիւն անելը զբօսանքի պէս է, բայց իմաստութիւնը՝ հանճարեղ մարդինը։
24Չար մարդի վախեցած բանը գալիս է նորա վերայ. Բայց արդարների փափաքը տրվում է։
25Երբոր մրրիկը անց է կենում, ամբարիշտը բնաջինջ է լինում, բայց արդարը յաւիտեան հաստատահիմն է.
26Ինչպէս որ քացախն է ատամներին. Եւ ծուխն աչքերին. Նոյնպէս է ծոյլը իր ուղարկողի համար։
27Տիրոջ երկիւղը կ’աւելացնէ օրերը, եւ ամբարիշտների օրերը կ’կարճանան։
28Արդարների յոյսն ուրախութիւն է, բայց ամբարիշտների ակնկալութիւնը կ’կորչի։
29Զօրութիւն է Տիրոջ ճանապարհը կատարեալի համար, բայց կործանում՝ անօրէնութիւն գործողների համար։
30Արդարը յաւիտեան չի սասանիլ, բայց անզգամները չեն բնակուիլ երկրի վերայ։
31Արդարի բերանը իմաստութիւն է բղխում, բայց նենգաւոր լեզուն պիտի կտրուի։
32Արդարի շրթունքը գիտեն հաճելի բանը, բայց ամբարիշտների բերանը՝ նենգութիւն։