1Խրատ սիրողը գիտութիւն է սիրում, բայց յանդիմանութիւն ատողը անխելք է։
2Բարին Տէրիցը շնորհք կ’ստանայ, բայց նենգաւոր մարդին նա կ’դատապարտէ։
3Մարդս չի հաստատուիլ ամբարշտութիւնով, իսկ արդարների արմատը չի սասանիլ։
4Առաքինի կինը իր մարդի պսակն է. Բայց նորա ոսկորների մէջ փտութեան պէս է նախատինք բերողը։
5Արդարների մտածողութիւնները իրաւունք են. Իսկ ամբարիշտների խորհուրդները՝ նենգութիւն։
6Ամբարիշտների խօսքը արիւնի դարանամուտ լինել է, բայց ուղիղների բերանն իրանց կ’ազատէ։
7Ամբարիշտները կ’կործանուին ու կ’չքանան. Բայց արդարների տունը կ’մնայ։
8Իր խոհեմութեան չափ կ’գովուի մարդս. բայց ծուռ սիրտ ունեցողը կ’անարգուի։
9Լաւ է աննշան լինող՝ բայց ծառայ ունեցողը, քան թէ ինքն իրան մեծացնող ու հացի կարօտ եղողը։
10Արդարը գիտէ իր անասունի հոգսը, բայց ամբարիշտների աղիքները անգութ են։
11Իր երկիրը գործողը կ’կշտանայ հացով, բայց դարտակներին հետեւողը պակասամիտ է։
12Ամբարիշտը փափաքում է չարերի աւարին, բայց արդարների արմատը ճիւղեր կ’տայ։
13Շրթունքների խորամանկութեան մէջ չար որոգայթ կայ. բայց արդարը նեղութիւնից դուրս է գալիս։
14Մարդս իր բերանի պտուղներիցը կ’կշտանայ բարիքներով, եւ մարդի ձեռքի արարքը ետ կ’դառնայ իրան։
15Յիմարի ճանապարհն ուղիղ է իր աչքի առաջին, բայց խրատ լսողն իմաստուն է։
16Յիմարի բարկութիւնը նոյն օրը կ’իմացուի. Բայց խորագէտը անարգանքը ծածկող է։
17Ճշմարտութիւն խօսողը արդարութիւն կ’յայտնէ. Բայց սուտ վկան՝ խաբեբայութիւն։
18Շատախօս է լինում, որ սուրի պէս խոցոտում է. Բայց իմաստունների լեզուն բժշկութիւն է։
19Ճշմարտախօս շրթունքը յաւիտեան կ’մնայ. բայց վայրկեանական է ստախօս շրթունքը։
20Նենգութիւն կայ չարութիւն խորհողների սրտումը. Բայց խաղաղութիւն խորհուրդ տուողների համար՝ ուրախութիւն։
21Արդարին ոչ մի չարիք չի հանդիպիլ, բայց ամբարիշտները լիքն են չարիքներով։
22Զզուելի են Տիրոջ համար ստախօս շրթունքները, բայց հաւատարմութիւն անողները հաճելի են նորան։
23Խորագէտ մարդը գիտեցածը ծածկող է, բայց յիմարների սիրտը տխմարութիւն կ’հրատարակէ։
24Աշխատասէրների ձեռքը կ’իշխէ, բայց ծոյլը հարկատու կ’լինի։
25Մարդիս սրտին վիշտը կ’ճնշէ նորան, բայց բարի խօսքը նորան կ’ուրախացնէ։
26Արդարը ճանապարհ է ցոյց տալիս իր ընկերին՝՝, բայց ամբարիշտների ճանապարհը իրանց կ’մոլորեցնէ։
27Թոյլը չի խորովիլ իր որսը, բայց մարդիս պատուական ստացուածքը աշխատասիրութիւնն է։
28Արդարութեան ճանապարհումը կեանք կայ, եւ նորա շաւիղների ճանապարհումը մահ չ’կայ։