1Իմաստուն որդին կ’լսէ իր հօր խրատը, բայց ծաղր անողը չի լսիլ կշտամբելը։
2Մարդս բերանին պտղիցը բարիքներ կ’ուտէ, բայց անօրէնների հոգին՝ բռնութիւն։
3Իր բերանը զսպողը կ’պահէ իր հոգին. Իր շրթունքները լայն բաց անողը կործանում է իրան համար։
4Ծոյլի հոգին փափաքում է եւ չ’ունի. Բայց աշխատասէրների հոգին կ’պարարտանայ։
5Արդարը ատում է սուտ խօսքը, բայց ամբարիշտը այպանում ու խայտառակում է իրան։
6Արդարութիւնը կ’պահէ կատարեալ վարքը, բայց անզգամութիւնը կ’կործանէ մեղաւորին։
7Կան որ իրանց հարուստ են ձեւացնում եւ ոչինչ չ’ունին. Իրանց աղքատ ձեւացնողներ էլ՝ որ շատ ստացուածք ունին։
8Մարդիս կեանքի փրկանքը իր հարստութիւնն է, բայց աղքատը յանդիմանութիւն չի լսիլ։
9Արդարների լոյսը պիտի զուարթանայ, բայց ամբարիշտների ճրագը կ’հանգչի։
10Միմիայն կռիւ կ’ծագէ ամբարտաւանութիւնից, բայց խրատուածների մօտ իմաստութիւն կայ։
11Ունայնութեամբ ժողովուած ստացուածքը կ’պակասուի, բայց քիչ քիչ ժողովողը կ’շատացնէ։
12Ուշացած յոյսը սիրտը կ’հիւանդացնէ, բայց կատարուած փափաքը կենաց ծառ է։
13Խօսքն արհամարհողն իրան է վնասում, իսկ պատուիրանքից վախեցողը կ’վարձատրուի։
14Իմաստունին օրէնքը կենաց աղբիւր է, մահուան որոգայթներիցը խոյս տալու համար։
15Բարի իմաստութիւնը շնորհք կ’տայ, բայց խորամանկների ճանապարհը կոշտ է։
16Ամեն խորագէտ իմաստութիւնով կ’գործէ, բայց անմիտը յիմարութիւն կ’տարածէ։
17Անզգամ պատգամաւորը չարիքի մէջ կ’ընկնի, բայց մի հաւատարիմ դեսպան բժշկութիւն է։
18Աղքատութիւն եւ նախատինք կայ խրատը մերժողի համար, իսկ յանդիմանութիւնը պահողը կ’պատվուի։
19Կատարուած փափաքը ախորժելի է հոգիին, բայց յիմարների համար զզուելի է չարութիւնից հեռանալը։
20Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. Բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ։
21Մեղաւորի ետեւից կ’գնայ չարիքը, բայց արդարներին բարիք կ’հատուցուի.
22Բարին ժառանգութիւն կ’թողէ որդկանց որդիների համար, բայց արդարի համար է պահուած մեղաւորի կայքը։
23Աղքատների խրամհատումը շատ ուտելիք է լինում. Բայց կայ որ կորչում է անիրաւութիւնից։
24Գաւազանը խնայողը ատում է իր որդիին. Բայց նորան սիրողը կանուխ կ’խրատէ նորան։
25Արդարը կ’ուտէ մինչեւ իր անձը կ’կշտանայ. Բայց ամբարիշտների փորը կարօտ կ’մնայ։