1Կնիկների իմաստունը շինում է իր տունը, բայց յիմարը իր ձեռքովը քանդում է նորան։
2Իր ուղղութեան մէջ վարուողը վախենում է Տէրիցը, բայց իր ճանապարհները ծռածը անարգում է նորան։
3Յիմարի բերանումը գոռոզութեան գաւազան կայ, բայց իմաստունների շրթունքները պահում են նորանց։
4Արջառ չ’լինելիս մսուրը մաքուր է, բայց արդիւնքի առատութիւնը եզի ոյժովն է։
5Ճշմարտութեան վկան սուտ չի խօսիլ, բայց սուտեր կ’փչէ ստախօս վկան։
6Իմաստութիւն է որոնում ծաղր անողը, եւ չ’կայ. Բայց գիտութիւնը դիւրին է բանիմացի համար։
7Յիմար մարդի առաջով գնա, եւ բնաւ չես իմանալ թէ գիտութեան շրթունքներ ունի։
8Խորագէտի իմաստութիւնը իր ճանապարհը հասկանալն է. Բայց յիմարների անմտութիւնը խարդախութիւն է։
9Յիմարները ծաղրում են յանցանքը, բայց ուղիղների մէջ հաճութիւն կայ։
10Սիրտն է զգում իր հոգիի ցաւը, եւ նորա ուրախութեանը օտարը չի խառնուիլ։
11Ամբարիշտների տունը կ’կործանուի, բայց ուղիղների վրանը կ’ծաղկի։
12Կայ ճանապարհ որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վերջը մահուան ճանապարհներ են։
13Ծիծաղելիս էլ սիրտը կ’տրտմի, եւ նորա՝ այսինքն ուրախութեան վերջը սուգ է։
14Խոտորած սիրտը կ’կշտանայ իր ճանապարհներիցը, բայց բարի մարդն՝ ինքն իրանից։
15Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը։
16Իմաստունը վախենում է եւ հեռանում չարիցը, բայց յիմարը վրդովվում է եւ յանձնապաստան լինում։
17Բարկասիրտը յիմարութիւն կ’գործէ, եւ նենգամիտը կ’ատուի։
18Անմիտները յիմարութիւն կ’ժառանգեն, իսկ խորագէտները գիտութեամբ կ’պսակուին։
19Կ’խոնարհուին չարերը բարիների առաջ, եւ ամբարիշտները արդարի դռներին։
20Աղքատն իր ընկերին էլ է ատելի, բայց հարուստին սիրողները շատ են։
21Իր ընկերին անարգողը մեղանչում է, բայց ով որ աղքատներին ողորմէ՝ երանի՜ նորան։
22Չէ՞ որ պիտի մոլորուին չարութիւն խորհողները. Բայց ողորմութիւն ու ճշմարտութիւն կայ բարութիւն մտածողների համար։
23Ամեն աշխատութեան մէջ շահ կայ. Բայց դատարկաբանութիւնը միայն դէպի կարօտութեան է տանում։
24Իմաստունների հարստութիւնը իրանց պսակն է, բայց յիմարների տխմարութիւնը տխմարութիւն կ’մնայ։
25Հոգիներ ազատող է հաւատարիմ վկան, բայց խարդախը սուտեր կ’փչէ։
26Տիրոջ վախումը զօրեղ վստահութիւն կայ. Եւ նորա որդկանց համար ապաւէն պիտի լինի։
27Տիրոջ երկիւղը կենաց աղբիւր է մահուան որոգայթներիցը խոյս տալու համար։
28Ժողովրդի բազմութեան մէջ է թագաւորի պատիւը, բայց ժողովրդի նուազութիւնը իշխանի կործանումն է։
29Երկայնամիտ մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը յիմարութիւն է հանում։
30Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը, բայց նախանձը փտութիւն ոսկորներին։
31Աղքատին նեղողը նորա Արարչին է անարգում. Բայց Նորան պատուողը տնանկին կ’ողորմէ։
32Ամբարիշտը դուրս կ’անուի իր չարութեան համար. Բայց արդարը ապաւէն ունի իր մահումը։
33Խոհեմի սրտումը իմաստութիւն կայ, բայց յիմարների սրտինը կ’իմացուի։
34Արդարութիւնը կ’բարձրացնէ մի ազգ, բայց մեղքը անարգանք է ժողովուրդներին։
35Թագաւորի հաճութիւնը խոհեմ ծառայի վերան է. Եւ նորա բարկութիւնը կ’լինի նախատինք բերողի վերայ։