ԱՌԱԿԱՑ 15:1-33 ABA1910 - Bible AI

1Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կ’գրգռէ։

2Իմաստունների լեզուն գիտութիւն է ճարտարախօսում, բայց յիմարների բերանը տխմարութիւն է բղխում։

3Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին եւ բարիներին։

4Բուժող լեզուն կենաց ծառ է. Բայց լեզուի վերայի նենգութիւնը հոգիի վէրք է։

5Յիմարը կ’անարգէ իր հօր խրատը, բայց յանդիմանութիւն պահողը խելացի է։

6Արդարի տանը շատ գանձ կայ, բայց ամբարիշտների եկամուտներումը՝ աւերմունք։

7Իմաստունների շրթունքները գիտութիւն են տարածում, բայց յիմարների սիրտը այսպէս չէ՝՝։

8Անզգամների զոհը զզուանք է Տիրոջ համար, բայց ուղիղների աղօթքը նորան հաճելի է։

9Զզուելի է Տիրոջ համար ամբարշտի ճանապարհը, բայց արդարութեան հետեւողին սիրում է նա։

10Չար պատիժ կայ ճանապարհից ծռուողի համար, յանդիմանութիւն ատողը կ’մեռնի։

11Դժոխքն ու կորուստը Տիրոջ առաջին են. Էլ ո՞ւր մնաց որ մարդկանց որդիների սիրտերը։

12Ծաղր անողը չի սիրիլ իր յանդիմանիչին, նա չի գնալ իմաստունների մօտ։

13Ուրախ սիրտը կ’զուարթացնէ երեսը, բայց սիրտը վշտանալիս հոգին կ’ճնշուի։

14Խոհեմ սիրտը գիտութիւն կ’որոնէ, բայց յիմարների բերանը յիմարութիւնով է սնանում։

15Թշուառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջոյք է։

16Լաւ է քիչը Տիրոջ երկիւղով, քան թէ մեծ գանձը՝ խռովութիւնով։

17Լաւ է խոտեղէն կերակուր, եւ հետը սէր, քան թէ գէր զուարակը՝ ատելութիւնով։

18Բարկացոտ մարդը կռիւ կ’գրգռէ, բայց երկայնամիտը վէճ կ’հանգստացնէ։

19Ծոյլի ճանապարհը փշեղէն ցանկի նման է, բայց ուղիղների ճանապարհը հարթուած է։

20Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը. Բայց յիմար մարդը կ’անարգէ իր մօրը։

21Յիմարութիւնը ուրախութիւն է պակասամիտի համար. Բայց խոհեմ մարդը կ’ուղղէ իր ընթացքը։

22Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չ’լինելիս, բայց խորհրդականների շատութիւնովը հաստատվում են։

23Ուրախութիւն է մարդիս համար իր բերանի յարմար պատասխանը. Եւ խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է։

24Կենաց ճանապարհը դէպի վեր է իմաստունի համար, որ խոյս տայ ցածումը դժոխքից։

25Հպարտների տունը Տէրը քանդում է, բայց հաստատում է որբեւայրիի սահմանը։

26Տիրոջը զզուելի են չար մտածմունքները, բայց մաքուր են պարկեշտ խօսքերը։

27Իր տունը քանդում է ով որ ագահութեան մոլի է. Բայց կաշառքներն ատողը կ’ապրի։

28Արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ, բայց անզգամի բերանը չարութիւններ է բղխում։

29Հեռու է Տէրը ամբարիշտներից, բայց լսում է արդարների աղօթքը։

30Աչքի զուարթութիւնը ուրախացնում է սիրտը. Բարի լուրը պարարտացնում է ոսկորները։

31Կեանքի յանդիմանութիւն լսող ականջը իմաստունների մէջ է բնակվում։

32Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց յանդիմանութիւն լսողը խելք կ’շահէ։

33Տիրոջ երկիւղն է իմաստութեան խրատը, եւ փառքի առաջին խոնարհութիւն է գնում։

>