1Մարդինն են սրտի տրամադրութիւնները, բայց Տէրիցն է լեզուի պատասխանը։
2Մարդիս բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին. Բայց Տէրն է հոգիները կշռողը։
3Գցիր Տիրոջ վերայ քո գործերը, եւ կ’հաստատուին քո խորհուրդները։
4Տէրն ստեղծել է ամեն իր նշանակութեան համար. Բայց ամբարշտին էլ՝ չար օրուայ համար։
5Տիրոջը զզուելի են ամեն գոռոզամիտները. անշո՜ւշտ որ՝՝ նորանք անմեղ չեն համարուելու։
6Ողորմութեամբ եւ ճշմարտութեամբ կ’քաւուի անօրէնութիւնը եւ Տիրոջ վախովը մարդ կ’հեռանայ չարիցը։
7Եթէ Տիրոջը հաճելի են մարդիս ճանապարհները, նաեւ նորա թշնամիներին կ’հաշտեցնէ նորա հետ։
8Լաւ է քիչը արդարութիւնով, քան թէ շատ եկամուտներ՝ առանց իրաւունքի։
9Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը. բայց նորա քայլերը Տէրն է հաստատում։
10Պատգամ կայ թագաւորի շրթունքների վերայ, թող չ’սխալուի նորա բերանը դատաստանում։
11Իրաւացի կշռորդն ու կշիռը Տիրոջն է, նորա գործն են մախաղի բոլոր կշռաքարերը։
12Թագաւորներին զզուելի է չարագործութիւն, որովհետեւ աթոռը արդարութիւնով կ’հաստատուի։
13Թագաւորներին հաճելի են արդար շրթունքները, եւ ճշմարտախօսին նորանք կ’սիրեն։
14Թագաւորի բարկութիւնը մահուան հրեշտակ է. Բայց իմաստուն մարդը նորան կ’մեղմացնէ։
15Թագաւորի երեսի զուարթութիւնը կեանք է, եւ նորա հաճութիւնը՝ վերջի անձրեւի ամպին նման։
16Իմաստութիւն շահելը ո՜րչափ լաւ է ոսկիից, եւ հանճար շահելը արծաթից ընտիր է։
17Ուղիղների պողոտան չարութիւնից հեռանալն է, իր հոգին պահպանողը իր ճանապարհին զգոյշ կ’լինի։
18Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին։
19Լաւ է խոնարհամիտ լինել խոնարհների հետ, քան թէ աւար բաժանել հպարտների հետ։
20Խօսքի մասին խելօք վարուողը բարիք կ’գտնէ, եւ նա որ Տիրոջն է ապաւինում՝ երանի՜ նորան։
21Իմաստուն սիրտ ունեցողը խոհեմ կ’կոչուի. Եւ շրթունքի քաղցրութիւնը ուսումը կ’աւելացնէ։
22Կենաց աղբիւր է խոհեմութիւնը՝ իր ունեցողի համար, բայց յիմարների խրատը յիմարութիւն է։
23Իմաստունի սիրտն իմաստուն է անում նորա բերանը, եւ նորա շրթունքների վերայ ուսում է աւելացնում։
24Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը, քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին։
25Կայ ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վախճանը մահուան ճանապարհներ են։
26Աշխատող անձն իրան համար է աշխատում. Որովհետեւ բերանը պահանջում է նորանից։
27Անպիտան մարդը չարութիւն կ’փորէ. Եւ նորա շրթունքների վերայ կարծես այրող կրակ կայ։
28Խոտորնակ մարդը կռիւ կ’հնարէ, եւ քսուն մտերիմներին կ’բաժանէ։
29Անօրէն մարդը կ’խաբէ իր ընկերին, եւ նորան կ’տանէ չար ճանապարհով։
30Կ’խփէ աչքերը, որ ծուռ բաներ մտածէ, կծոտում է իր շրթունքները՝ չարութիւն կատարում։
31Փառաց պսակ է ալեւորութիւնը. Արդարութեան ճանապարհում կ’գտնուի։
32Երկայնամիտը զօրաւորիցը լաւ է, եւ իր ոգին զսպողը՝ քաղաք առնողիցը։
33Ծոցն է գցվում վիճակը, բայց Տէրիցն է գալիս նորա բոլոր վճիռը։