ԱՌԱԿԱՑ 17:1-28 ABA1910 - Bible AI

1Լաւ է մի չոր պատառը՝ խաղաղութիւնով, քան թէ մի տուն լիքը մորթուած ոչխար՝ կռիւով։

2Իմաստուն ծառան կ’տիրէ նախատինք բերող որդիի վերայ. Եւ եղբայրների մէջ ժառանգութեան բաժին կ’առնէ։

3Արծաթի համար հալոց կայ եւ ոսկիի համար՝ քուրայ, բայց սիրտերը քննողը Տէրն է։

4Չարագործը ականջ է դնում անիրաւ շրթունքների, ստախօսը լսում է կորստական լեզուին։

5Աղքատին ծաղր անողը նորա Արարչին է անարգում, ձախորդութեան վերայ ուրախացողը անպատիժ չի մնալ։

6Ծերերի պսակը որդկանց որդիքն են, եւ որդկանց պարծանքը՝ իրանց հայրերը։

7Տխմարին չի վայելիլ բարձրախօս շրթունքները, ո՞ւր մնաց որ ազնուականին՝ ստախօս շրթունքը։

8Ընծան պատուական քար է ունեցողին համար. Ուր որ էլ դառնայ՝ յաջողվում է։

9Յանցանքը ծածկողը բարեկամութիւն ուզող է, բայց խօսքը կրկնողը մտերիմ բարեկամներին կ’բաժանէ։

10Յանդիմանութիւնը աւելի է ազդում խոհեմին, քան թէ հարիւր հարուածը՝ յիմարին։

11Միշտ ապստամբութիւն է ուզում չարը, բայց մի անգութ պատգամաւոր կ’ուղարկուի նորան։

12Լաւ է մարդիս մի ձագերը կորցրած արջ պատահէ, եւ ոչ թէ յիմարն իր յիմարութեան ժամանակ։

13Լաւութեան փոխարէն ով որ չարութիւն հատուցանէ նորա տանիցը չարիքը չի հեռանալ։

14Ջրի արձակման նման է կռիւի սկիզբը. Բայց վէճը չ’բորբոքուած դու ետ քաշուիր։

15Անզգամին արդարացնողը, եւ արդարին անզգամ անողը, երկուսն էլ զզուելի են Տիրոջը։

16Ի՞նչ պէտք է յիմարի ձեռքին իմաստութիւն առնելու գինը, քանի որ խելք չ’ունի։

17Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած։

18Պակասամիտ մարդը ձեռքը երաշխաւորութեան կ’տայ, եւ գրաւ կ’լինի իր ընկերի առաջին։

19Յանցանքը սիրող է կռիւ սիրողը, իր դուռը բարձրացնողը կործանման է ման գալիս։

20Ծուռ սրտի տէրը բարութիւն չի գտնիլ, եւ լեզուն ծռողը չարութեան մէջ կ’ընկնի։

21Յիմարը տրտմութիւն է իր ծնողի համար, եւ տխմարի հայրը չի ուրախանալ։

22Ուրախ սիրտը օգտակար է ինչպէս դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կ’չորացնէ։

23Ամբարիշտը կաշառքը ծոցիցն առնում է, որ ծռէ իրաւունքի ճանապարհները։

24Իմաստութիւնը հասկացողի առաջին է, բայց յիմարի աչքերի համար՝ աշխարհքի ծայրումը։

25Յիմար որդին տրտմութիւն է իր հօր համար, եւ դառնութիւն իր ծնողի համար։

26Արդարի վերայ էլ տուգանք դնել լաւ չէ, նաեւ իշխաններին ծեծել՝ ուղղութեան համար։

27Իր խօսքերը զսպողը գիտութիւն գիտէ. Եւ ծանրաբարոյ մարդը խոհեմ է։

28Յիմարն էլ լռելով իմաստուն կ’համարուի, եւ իր շրթունքը խփողը՝ հանճարեղ։

>