1Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ իմ պատուէրները պահես քեզ մօտ.
2Որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին,
3Երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին,
4Եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես,
5Այն ժամանակ կ’հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես։
6Որովհետեւ Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը։
7Նա ուղիղների համար յաջողութիւն է պահում, նա վահան է անարատութեամբ գնացողների համար.
8Որ իրաւունքի ճանապարհները պահպանէ. նա պահում է իր բարեպաշտների ճանապարհը։
9Այն ժամանակ կ’հասկանաս արդարութիւնն ու իրաւունքը, ուղղութիւնը եւ ամեն բարի ուղին։
10Որովհետեւ իմաստութիւնը կ’մտնէ քո սիրտը, եւ գիտութիւնը ախորժելի կ’լինի քո հոգիին։
11Խոհեմութիւնը քեզ կ’պահէ, հանճարը քեզ կ’պաշտպանէ.
12Որ քեզ ազատէ չար ճանապարհիցը, եւ նենգութիւններ խօսող մարդիցը,
13Որ ուղղութեան ճանապարհները թողում են, որպէս զի խաւարի ճանապարհներովը գնան.
14Որ ուրախանում են չարութիւն անելով, եւ զուարճանում են չար նենգութիւնով.
15Որոնց շաւիղները ծուռ են, եւ որոնք խոտորում են իրանց ուղիներովը։
16Որ քեզ ազատէ օտար կնկանից, օտար կնկանից որ կակուղ խօսքեր է տալիս.
17Նա որ ձգել է իր երիտասարդութեան բարեկամին, եւ մոռացել իր Աստուծոյ ուխտը։
18Որովհետեւ նորա տունը խորտակում է դէպի մահ, եւ նորա ուղիները՝ դէպի ուրուականները։
19Նորա մօտ գնացողները այլ եւս ետ չեն դառնալ, եւ կեանքի ճանապարհներին չեն հասնիլ։
20Որպէս զի դու բարիների ճանապարհովը գնաս, եւ արդարների ճանապարհները պահես։
21Որովհետեւ ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կ’մնան նորանում։
22Իսկ անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից։