ԱՌԱԿԱՑ 20:1-30 ABA1910 - Bible AI

1Ծաղրող է գինին, խռովարար՝ ցքին. Եւ ամեն ով որ դորանցով մոլորուի՝ իմաստուն չի լինիլ։

2Թագաւորի սպառնալը առիւծի մռնչիւնին է նման. Նորան գրգռողը մեղանչում է իր անձի դէմ։

3Պատիւ է մարդիս համար կռիւից քաշուիլը, բայց ամեն յիմար կռուասէր է։

4Ձմեռուայ պատճառով ծոյլը չի հերկիլ, հունձքին կ’մուրայ եւ չի ունենալ։

5Խոր ջուրեր է մարդիս սրտի խորհուրդը, բայց խելօք մարդը նորան կ’հանէ։

6Շատ մարդ հրատարակում է մարդիս բարերարութիւնը, բայց հաւատարիմ մարդին ո՞վ կ’գտնէ։

7Ով որ իր ուղղութիւնովը գնում է՝ արդար է. երանի՜ նորանից յետոյ նորա որդկանցը։

8Թագաւորը դատաստանի աթոռի վերայ նստելիս իր աչքերովը ցրիւ է տալիս ամեն չարութիւնը։

9Ո՞վ կարող է ասել թէ Սիրտս սրբել եմ, մաքուր եմ իմ մեղքիցը։

10Տեսակ տեսակ կշռաքարեր՝ եւ տեսակ տեսակ չափեր՝ երկուսն էլ զզուելի են Տիրոջը։

11Մի երեխան անգամ ճանաչվում է իր արարքիցը՝ թէ մաքուր եւ թէ ուղիղ է նորա գործքը։

12Լսող ականջն ու տեսնող աչքը՝ երկուսն էլ Տէրն է անում։

13Մի սիրիր քունը որ մի գուցէ աղքատանաս, աչքերդ բաց՝ հացով կշտացիր։

14վատ է՝ վատ է՝ կ’ասէ առնողը. Բայց երբոր կ’գնայ, այն ժամանակ կ’գովէ։

15Կայ ոսկի եւ շատ գոհարեղէն. Բայց պատուական գործիք են գիտուն շրթունքները։

16Առ նորա հանդերձը, որ երաշխաւոր է դառել օտարին. Եւ գրաւ պահիր նորան օտարների փոխարէն։

17Քաղցր է մարդիս համար ստութեան հացը, բայց յետոյ բերանը լցվում է խիճով։

18Դիտաւորութիւնը հաստատվում է խորհրդով. Եւ խոհեմութեամբ արա պատերազմը։

19Գաղտնիքը յայտնում է բանսարկութեամբ ման եկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցիր։

20Ով որ իր հօրն ու մօրն անիծէ, նորա ճրագը կ’հանգչի մթին խաւարի մէջ։

21Մի ժառանգութիւն, որ սկզբումը շտապելով է ստացուել, նորա վախճանն էլ չի օրհնուիլ։

22Մի ասիր. Չարութեան փոխարէնը հատուցանեմ. Տիրոջը յուսացիր, եւ նա քեզ կ’ազատէ։

23Երկու տեսակ կշռաքարերը զզուելի են Տիրոջը, եւ խարդախ կշիռքը լաւ չէ։

24Տէրիցն է մարդիս քայլերի յաջողութիւնը, ուրեմն մարդս ի՞նչ է հասկանում իր ճանապարհը։

25Որոգայթ է մարդիս համար անխորհրդաբար ասել, Նուէր. Եւ ուխտելուց յետոյ կշռադատել։

26Ամբարիշտներ ցրուող է իմաստուն թագաւորը, եւ նորանց վերայ դարձնում է անիւը։

27Մարդիս հոգին Տիրոջ ճրագն է. Նա քննում է սրտի բոլոր ներսերը։

28Ողորմութիւնը եւ ճշմարտութիւնը պահում են թագաւորին, եւ նա ողորմութիւնով կ’պահպանէ իր աթոռը։

29Երիտասարդների զարդը իրանց ոյժն է, եւ ծերերի փառքը՝ ալեւորութիւնը։

30հարուածի վէրքերը մաքրում են չարութիւնը, եւ ծեծելը՝ որ ազդում է մինչեւ սրտի ներսերը։

>