1Երբոր մի իշխանի հետ հաց ուտելու նստես, լաւ ուշադրութիւն արա թէ ինչ կայ առաջիդ,
2Եւ դանակ դիր կոկորդիդ վերայ, եթէ մեծ ախորժակի տէր ես։
3Նորա կերակուրներին մի ցանկանար, որովհետեւ նորանք խաբէութեան հաց են։
4Մի աշխատիր հարստանալու. քո այդ հասկացողութիւնիցը դադարիր։
5Մի՞թէ աչքդ պիտի դնես այն բանին որ ոչինչ է. Որ իրան համար անշուշտ թեւեր կ’շինէ, արծիւի պէս երկինքը կ’թռչի։
6Մի ուտիր չարաչք մարդի հացը, եւ նորա կերակուրներին մի ցանկանար։
7Որովհետեւ նա ինչպէս որ իր սրտումը հաշիւներ անողն է՝ այնպէս է. քեզ կ’ասէ. Կեր եւ խմիր, բայց սիրտը քեզ հետ չէ։
8Այն պատառդ, որ կերել ես՝ կ’փսխես, եւ դու կորցրել ես այն անոյշ խօսքերդ։
9Յիմարի ականջներին բան մի ասիր. Որովհետեւ նա կ’անարգէ քո խօսքերի իմաստութիւնը։
10Մի շարժիր տեղիցը վաղեմի սահմանանշանները, եւ որբի արտերի մէջը մի մտնիր։
11Որովհետեւ նորանց վրէժխնդիրը զօրաւոր է. Նա կ’վարէ նորանց դատը քեզ հետ։
12Սիրտդ տուր խրատի, եւ ականջներդ՝ գիտութեան խօսքերի։
13Երեխայից մի խնայիր խրատը, որովհետեւ եթէ նորան գաւազանով ծեծես՝ չի մեռնիլ։
14Դու նորան գաւազանով կ’ծեծես, բայց հոգին կ’ազատես դժոխքիցը։
15Որդեակս, եթէ սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կ’ուրախանայ,
16Եւ իմ երիկամունքները կ’ցնծան, քո շրթունքները ուղիղ բաներ խօսելիս։
17Թող սիրտդ չ’նախանձէ մեղաւորներին. Այլ Տիրոջ վախի մէջ եղիր ամեն օր։
18Յիրաւի մի վախճան կայ, եւ քո ապաւինելը պիտի չ’կտրուի։
19Լսիր դու, որդեակս, եւ իմաստուն եղիր, եւ ուղղիր ճանապարհիդ մէջ քո սիրտը։
20Գինեմոլների մէջ մի լինիր, եւ ոչ էլ որկրամոլութիւնով միս ուտողների հետ։
21Որովհետեւ գինեմոլն ու որկրամոլը պիտի աղքատանան, եւ քնափութիւնը պատառոտած հանդերձներ կ’հագցնէ։
22Լսիր քո ծնող հօրը, եւ մի անարգիր քո մօրը, երբոր պառաւ է։
23Ճշմարտութիւնը շահիր՝ եւ մի ծախիր. Նաև իմաստութիւն, խրատ եւ հանճար։
24Արդարի հայրը անշուշտ պիտի ցնծայ, իմաստունի ծնողը նորանով պիտի ուրախանայ։
25Թող ուրախանայ հայրդ ու մայրդ, եւ ցնծայ քո ծնողը։
26Սիրտդ ինձ տուր, որդեակս, եւ թող աչքերիդ հաճելի լինին իմ ճանապարհները։
27Որովհետեւ պոռնիկը խոր փոս է, եւ օտար կինը նեղ ջրհոր.
28Իրաւ նա աւազակի պէս դարան է մտնում եւ մարդկանց մէջ շատացնում է անհաւատարիմները։
29Ո՞ւմն է վա՜յը, ո՞ւմն է վո՜ւյը, ո՞ւմն են կռիւները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են ի զուր ստացուած վէրքերը, ո՞ւմն են կարմրոտած աչքերը։
30Նորանցը, որ ուշանում են գինիի մօտ, նորանցը, որ գնում են խառնած գինին քննելու։
31Մի նայիր գինիին, որ կարմրի է տալիս, որ բաժակի մէջ աչքով է անում, որ ուղիղ ուղիղ ինքն իրան գնում է.
32Նա վերջը օձի պէս կ’կծէ, եւ իժի պէս կ’ծակէ։
33Աչքերդ օտար կնիկների կ’նայեն եւ սիրտդ ծուռումուռ բաներ կ’խօսէ,
34Եւ ծովի միջումը քնողի նման կ’լինես, եւ կայմի վերայ քնողի նման։
35Կ’ասես. Ինձ ծեծել են, բայց չեմ զգացել, ինձ զարկել են, բայց չեմ իմացել. ե՞րբ եմ սթափուելու. Նորան դարձեալ պիտի որոնեմ։