ԱՌԱԿԱՑ 24:1-34 ABA1910 - Bible AI

1Մի նախանձիր չար մարդկանցը, եւ մի ցանկանար նորանց հետ լինելը։

2Որովհետեւ նորանց սիրտը բռնութիւն է խորհում, եւ տանջանք են խօսում նորանց շրթունքները։

3Տունը կ’շինուի իմաստութիւնով, եւ հանճարով՝ կ’հաստատուի։

4Գիտութիւնով կ’լցուին շտեմարանները եւ կ’ստացուին ամեն պատուական ստացուածք եւ վայելչութիւնք։

5Իմաստուն մարդը զօրաւոր կ’լինի, եւ գիտուն մարդը իր ոյժը կ’աւելացնէ։

6Որովհետեւ պատերազմդ խոհեմութեամբ կ’անես, եւ յաջողակութիւնը խորհրդականների շատութիւնովը կ’լինի։

7Խիստ բարձր է յիմարի համար իմաստութիւնը, նա դռան մէջ չի բանալ իր բերանը։

8Ով որ մտածում է վնասել, նորան նենգամիտ մարդ կ’ասեն։

9Յիմարութիւն մտածելը մեղք է, եւ ծաղրողը զզուելի է մարդկանց համար։

10Եթէ նեղութեան օրը թուլացար, ոյժդ նեղ կ’լինի։

11Ազատիր մահուան տարուողներին, եւ դէպի սպանուելու դողդոջացողներին ազատելու ոչինչ մի խնայիր։

12Եթէ ասես թէ մենք չ’գիտենք. Ահա սիրտերը կշռողը գիտէ, եւ հոգիդ պահողը իմանում է, նա որ մարդիս հատուցանում է իր գործին համեմատ։

13Մեղր կեր, որդեակս, որ լաւ է, եւ մեղրախորիսխ, որ քաղցր է քո քիմքի համար.

14Այդպէս է իմաստութեան գիտութիւնը քո հոգիի համար, եթէ նորան գտել ես, եւ մի վախճան կայ, որ քո յոյսը չի կոտրուիլ։

15Դարանակալ մի լինիր, ով անզգամ, արդարի բնակարանին. Մի աւերիր նորա հանգստութեան տեղը։

16Որովհետեւ եօթն անգամ վայր կ’ընկնէ արդարը եւ կ’կանգնէ, բայց անզգամները չարիքի մէջ կ’կործանուին։

17Թշնամիդ վայր ընկնելիս մի ուրախանար, եւ նա կործանուելիս սիրտդ չ’ցնծայ։

18Մի գուցէ Տէրը տեսնէ, եւ նորա աչքին անհաճոյ երեւայ. Եւ իր բարկութիւնը ետ դարձնէ նորանից։

19Մի վառուիր չարերի պատճառովը. մի նախանձիր անզգամներին։

20Որովհետեւ վերջ չ’ունի չարը, ամբարիշտների ճրագը պիտի հանգչի։

21Որդեակս, վախիր Տէրիցը եւ թագաւորիցը. Եւ յեղափոխականների հետ մի ընկերանար.

22Որովհետեւ նորանց կործանումը յանկարծ վեր կ’կենայ. Եւ այն երկուսին էլ պատուհասը ո՞վ գիտէ։

23Սորանք էլ են իմաստուններինը՝ դատաստանում աչառութիւն անելը լաւ չէ։

24Ով որ անզգամին ասէ՝ Արդար ես, ազգերը նորան կ’անիծեն. Ժողովուրդները նորան կ’անարգեն։

25Բայց յանդիմանողներին բարիք կ’լինի, եւ նորանց վերայ բարի օրհնութիւն կ’գայ։

26Շրթունքներ է համբուրում նա, որ յարմար պատասխան է տալիս։

27Պատրաստիր դրսի գործքդ, եւ բանդ կարգադրիր դաշտումը, յետոյ էլ շինիր տունդ։

28Քո ընկերի դէմ զուր վկայութիւն մի տար, եւ մի խաբիր քո շրթունքներովը։

29Մի ասիր. Ինչպէս որ ինձ արաւ, ես էլ իրան այնպէս եմ անելու, այն մարդին հատուցանելու եմ նորա գործքին համեմատ։

30Ծոյլ մարդի արտի մօտովն անց կացայ, եւ պակասամիտ մարդի այգիի մօտովը.

31Եւ ահա բոլորը փուշեր էին դուրս եկել, նորանց երեսը ծածկել էին եղինճներ, եւ նորա քարի պատը փուլ էր եկած։

32Եւ երբոր տեսայ՝ դրի մտքիս մէջ, մտիկ արի եւ խրատ վեր առայ։

33Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի տալ պառկել.

34Այն ժամանակ քո աղքատութիւնը կ’գայ իբրեւ ճանապարհորդ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս։

>