1Սորանք էլ են Սողոմոնի առակները, որ Յուդայի Եզեկիա թագաւորի մարդիկը օրինակեցին։
2Աստուծոյ փառքն է բանը ծածկելը. Բայց թագաւորների փառքն է բանը քննելը։
3Երկինքը բարձրութիւնով, եւ երկիրը խորութիւնով, եւ թագաւորների սիրտը չի քննուիլ։
4Հանիր կղկղանքը արծաթից, եւ ոսկերչի համար անօթ դուրս կ’գայ։
5Դուրս արա թագաւորի առաջից ամբարշտին, եւ նորա աթոռը կ’հաստատուի արդարութեամբ։
6Մի պարծենար թագաւորի առաջին, եւ մեծամեծների տեղը մի կանգնիր։
7Որովհետեւ լաւ է որ քեզ ասեն. Վեր բարձրացիր այստեղ, քան թէ քեզ խոնարհեցնեն այն իշխանի առաջին, որին տեսնում են քո աչքերը։
8Շուտով կռուի մի գնար, մի գուցէ չ’իմանաս թէ վերջումը ինչ պիտի անես, երբոր ընկերդ քեզ ամաչեցնէ։
9Դատդ վարիր ընկերիդ հետ, բայց գաղտնիքը ուրիշին մի յայտնիր։
10Որ մի գուցէ լսողը քեզ անարգէ, եւ վատ անունդ միւս անգամ չ’գնայ։
11Մէկ յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ։
12Ոսկի օղ եւ գոհարեղէն մանեակ է իմաստունի խրատը՝ լսող ականջի համար։
13Ինչպէս է ձիւնի պաղութիւնը հունձքի ժամանակին, նոյնն է հաւատարիմ դեսպանն իրան ուղարկողի համար. Նա զուարթացնում է իր տիրոջ հոգին։
14Ամպեր եւ քամի՝ բայց առանց անձրեւի՝ այն մարդն է որ պարծենում է դարտակ պարգեւներով։
15Երկայնմտութեամբ կ’համոզուի իշխանը, եւ կակուղ լեզուն ոսկոր կ’կոտրէ։
16Եթէ մեղր գտնես՝ կեր պէտքիդ չափ. Մի գուցէ նորանից կշտանաս եւ փսխես նորան։
17Ոտքդ սակաւ յաճախէ ընկերիդ տունը, մի գուցէ քեզանից կշտանայ եւ զզուէ քեզանից։
18Ուռ եւ սուր եւ սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայութիւն է տալիս իր ընկերի դէմ։
19Կոտրած ատամ եւ դիւրագլոր ոտք է նեղ օրը անհաւատարիմ մարդի վերայ ապաւինելը։
20Ցուրտ օրին զգեստը հանել, կամ բորակի վերայ քացախ ածել է երգեր երգելը տրտում մարդի առաջին։
21Եթէ թշնամիդ սոված է՝ հաց տուր նորան, եւ եթէ ծարաւ է՝ ջուր խմեցրու նորան.
22Որովհետեւ այսպէս անելով նորա գլխի վերայ կրակի կայծեր կ’դիզես. Եւ Տէրը քեզ կ’հատուցանէ։
23Հիւսիսային քամին անձրեւ է բերում, եւ խոժոռ դէմքը՝ գաղտախօս լեզու։
24Լաւ է բնակուել մի կտուրի անկիւնում, քան թէ կռուասէր կնոջ հետ մեծ տան մէջ։
25Պաղ ջուր է ծարաւած սրտի համար բարի լուրը հեռու երկրից։
26Պղտորած ակնի եւ քանդուած աղբիւրի նման է ամբարշտի առաջին ընկճուող արդարը։
27Շատ մեղր ուտելը լաւ չէ, իր պատիւը որոնելը պատիւ չէ։
28Քանդուած անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չէ զսպում իր ոգին։