ԱՌԱԿԱՑ 27:1-27 ABA1910 - Bible AI

1Մի պարծենար վաղուայ օրովը. Որովհետեւ չ’գիտես թէ օրը ինչ կ’ծնէ։

2Թող քեզ ուրիշը գովէ, եւ ոչ թէ քո բերանը, օտարը՝ եւ ոչ թէ քո շրթունքները։

3Ծանր է քարը եւ բեռ ունի աւազը, բայց յիմարի բարկութիւնը երկուսիցն էլ ծանր է։

4Բարկութիւնը անգութ է եւ ցասումը հեղեղասաստ. Բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առաջին։

5Լաւ է յայտնի յանդիմանութիւնը, քան թէ ծածուկ սէրը։

6Անկեղծ են բարեկամի տուած վէրքերը. Բայց առատ են ատողի համբոյրները։

7Կուշտ անձը կոխ է տալիս մեղրախորիսխը, բայց սոված անձի համար ամեն լեղի բանը քաղցր է։

8Ինչպէս որ իր բոյնիցն թափառական եղած թռչունն է, այնպէս է իր տեղիցը թափառական եղող մարդը։

9Իւղն ու խունկը ուրախացնում են սիրտը, նաեւ ընկերի քաղցր խօսքը մտերիմ խրատով։

10Քո բարեկամին եւ հօրդ բարեկամին մի ձգիր, եւ եղբօրդ տունը մի գնար քո նեղութեան օրը. լաւ է մօտիկ հարեւանը քան թէ հեռու եղբայրը։

11Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին։

12Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում՝ վնասվում։

13Առ նորա հանդերձը որ երաշխաւոր է դառել օտարին, եւ գրաւ պահիր նորան օտարի փոխարէն։

14Ով որ առաւօտանց կանուխ իր դրացիին բարձր ձայնով օրհնէ, սա նորա համար անէծք կ’համարուի։

15Անդադար ծլծլոցը, անձրեւոտ օրը եւ կռուասէր կինը, իրար նման են։

16Ով որ նորան ծածկէ՝ քամի է ծածկում, եւ նորա աջ ձեռքի իւղը ձայն կ’տայ։

17Երկաթը երկաթով է սրվում, եւ մարդս սրում է իր ընկերի երեսը։

18Թզենին պահողը կ’ուտէ նորա պտուղը, եւ իր տիրոջ պահպանողը կ’պատվուի։

19Ինչպէս ջրումը երեսն է երեսի դէմ. Այնպէս է սրտի մէջ մարդս մարդի դէմ։

20Դժոխքը եւ կորուստը չեն կշտանալ, նոյնպէս չեն կշտանալ եւ մարդիս աչքերը։

21Հալոցը արծաթն է փորձում, եւ քուրան ոսկին, նոյնպէս էլ մարդս՝ իրան գովասանող բերանը թող փորձէ։

22Եթէ յիմարին թակովը ծեծես կորկոտի հետ սանդի մէջ, նորա յիմարութիւնը նորանից չի հեռանալ։

23Լաւ հոգ տար քո ոչխարներին, ուշ դարձրու քո հօտերին։

24Որովհետեւ հարստութիւնը մշտնջենաւոր չէ. Եւ թագը տեւո՞ղ է դարէ ցդար։

25Կանաչը կ’բուսնի եւ խոտը կ’երեւայ, եւ կ’ժողովուին սարերի խոտերը.

26Գառները հագուստիդ համար են, եւ դաշտի գինն են նոխազները։

27Եւ բաւական այծի կաթ կ’լինի քեզ կերակրելու եւ տունդ կերակրելու համար, նոյնպէս եւ ապրուստ քո աղախինների համար։

>