ԱՌԱԿԱՑ 3:1-35 ABA1910 - Bible AI

1Որդեակս, իմ օրէնքը մի մոռանար, եւ թող պահէ քո սիրտը իմ պատուէրները.

2Որովհետեւ նորանք երկայն օրեր եւ կենդանութեան տարիներ, եւ խաղաղութիւն կ’շատացնեն քեզ համար.

3Շնորհքն ու ճշմարտութիւնը քեզ չեն ձգիլ. նորանց պնդացրու քո պարանոցի վերայ, նորանց գրիր քո սրտի տախտակի վերայ։

4Այսպէս դու շնորհք եւ հաճութիւն կ’գտնես Աստուծոյ եւ մարդկանց առաջին։

5Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։

6Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները։

7Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից։

8Սա առողջութիւն կ’լինի քո մարմնի համար, եւ պարարտութիւն՝ քո ոսկորներին։

9Պատուիր Տիրոջը քո ստացուածքիցը, եւ քո բոլոր բերքերի երախայրիներիցը.

10Այն ժամանակ կ’լցուին քո շտեմարաններն առատութիւնով, եւ քո հնձանները պիտի զեղանեն նոր գինիով։

11Որդեակս, մի անարգիր Տիրոջ խրատը, եւ նորա յանդիմանութիւնիցը մի ձանձրանար.

12Որովհետեւ Տէրը որին որ սիրում է՝ յանդիմանում է, եւ ինչպէս մէկ հայր որ իր որդիին սիրում է։

13Երանի այն մարդին որ իմաստութիւն է գտել, եւ այն մարդին որ հանճար է ստանում։

14Որովհետեւ նորա շահը լաւ է արծաթի շահիցը, եւ նորա արդիւնքը՝ մաքուր ոսկիից։

15Նա պատուական է գոհարներից, եւ քո բոլոր ցանկալի բաները նորան չ’արժեն։

16Նորա աջ ձեռքին օրերի երկայնութիւն կայ, նորա ձախ ձեռքին՝ հարստութիւն եւ փառք։

17Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են։

18Նա կենաց ծառ է նորանց համար որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կ’անէ։

19Տէրը իմաստութիւնով հիմնեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։

20Նորա գիտութիւնովն անդունդները յորդեցին, եւ ամպերը ցօղ ցանեցին։

21Որդեակս, սորանք չ’գնան քո աչքի առաջից, պինդ պահիր խոհեմութիւնն ու խորհուրդը։

22Եւ նորանք քո հոգիի համար կեանք լինին, եւ շնորհք՝ քո պարանոցի համար։

23Այն ժամանակ ապահով կ’գնաս քո ճանապարհովը, եւ ոտքդ չի գայթիլ։

24Եթէ պառկես, չես վախենալ. Եւ կ’պառկես եւ քունդ քաղցր կ’լինի։

25Յանկարծահաս երկիւղիցը չես վախենալ, եւ ամբարիշտների փոթորիկիցը, երբոր գայ։

26Որովհետեւ Տէրը կ’լինի քո յոյսը, եւ նա կ’պահէ քո ոտքը, որ չ’բռնուի։

27Բարութիւնը մի խնայիր որին որ կ’վայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու.

28Մի ասիր քո ընկերին. Գնա՝ միւս անգամ եկ, եւ էգուց կ’տամ. Քանի որ քեզ մօտ կայ։

29Քո ընկերի դէմ չարութիւն մի մտածիր, քանի որ նա վստահաբար կենում է քեզ մօտ։

30Մարդի հետ զուր տեղը մի վիճիր, եթէ նա քեզ չարութիւն չէ արել։

31Բռնաւոր մարդին մի նախանձիր, եւ նորա բոլոր ճանապարհներին մի հաւանիր.

32Որովհետեւ խոտորնակ մարդը զզուելի է Տիրոջը, բայց Նորա մտերմութիւնը ուղիղների հետն է։

33Ամբարշտի տանը Տիրոջ անէծքը կայ, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։

34Իրաւ նա ծաղր անողներին ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։

35Փառք պիտի ժառանգեն իմաստունները, բայց յիմարները կ’բարձրանան անարգանքով։