1Լեմուէլ թագաւորի խօսքերը, այն պատգամը որով նորան խրատեց իր մայրը.
2Ի՞նչ ասեմ, որդիս. Ի՞նչ, ով հարազատ որդիս. Ի՞նչ, ով իմ ուխտերի որդին.
3Քո զօրութիւնը մի տար կնիկներին, ոչ էլ քո ճանապարհները այն կանանցը, որ փչացնում են թագաւորներին։
4Ով Լեմուէլ, թագաւորների բանը չէ՝ թագաւորների բանը չէ գինի խմելը, եւ ոչ էլ իշխաններինը՝ թէ ո՞ւր է օղին։
5Եթէ ոչ՝ կ’խմէ եւ կ’մոռանայ օրէնքը, եւ կ’ծռէ ամեն տառապեալի դատը։
6Օղին կորչողին տուէք, եւ գինին՝ դառնահոգիներին.
7Թող խմէ եւ մոռանայ իր աղքատութիւնը, եւ իր տառապանքը այլ եւս չ’յիշէ։
8Դու բերանդ բաց համրի համար, եւ ամեն անխնամների դատի համար։
9Բաց բերանդ, դատիր արդարութեամբ, եւ տես աղքատի եւ տնանկի դատը։
10Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. Նորա գինը աւելի է քան թէ գոհարները։
11Նորա վերայ վստահ է իր մարդի սիրտը, եւ շահի կարօտութիւն չի լինիլ։
12Նա նորան բարիք կ’հատուցանէ եւ ոչ թէ չարիք, իր կեանքի բոլոր օրերումը։
13Նա կ’որոնէ բուրդ եւ քթան, եւ կ’գործէ իր ձեռքի յօժարութեամբը.
14Նա վաճառականի նաւերին կ’նմանուի, հեռուից կ’գայ նորա հացը։
15Նա դեռ գիշերն է վեր կենում եւ իր տան կերակուրը տալիս, եւ իր աղախիններին՝ բաժինը։
16Արտի վերայ է մտածում եւ նորան ծախու առնում, իր ձեռքի արդիւնքիցը այգի է տնկում։
17Իր մէջքը պնդացնում է զօրութիւնով, եւ զօրացնում է իր բազուկները։
18Նա ճաշակում է, որ իր աշխատանքը լաւ է. Նորա ճրագը գիշերը չէ հանգչում։
19Նա իր ձեռքը մեկնում է իլիկին, եւ իր ափովը՝ ճախարակը բռնում։
20Նա իր ձեռքը տարածում է դէպի աղքատը, եւ ձեռքը մեկնում է տնանկին։
21Նա չէ վախենում ձիւնից իր տան համար, որովհետեւ բոլոր ընտանիքը կրկնահանդերձ են հագած։
22Նա ծածկոցներ է շինում իր համար, նորա հանդերձները բեհեզ է եւ ծիրանի։
23Նորա մարդը յայտնի է դռներումը, երբոր նստում է երկրի ծերերի հետ։
24Նա կտաւ է շինում եւ ծախում, եւ գօտի է տալիս վաճառականին.
25Փառք եւ պատիւ է նորա հանդերձը, եւ ուրախ է ապագայ օրուայ համար։
26Նա իր բերանը բանում է իմաստութիւնով, եւ նորա լեզուի վերայ շնորհալի օրէնք կայ։
27Նա մտիկ է անում իր տան ընթացքին, եւ ծոյլ ծոյլ չէ ուտում հացը։
28Նորա որդիքը կանգնում են եւ նորան երանի տալիս, նորա մարդը կանգնում է եւ գովասանում նորան.
29Շատ աղջիկներ են առաքինութիւն գործել, բայց դու նորանց ամենիցն էլ գերազանց եղար.
30Սուտ է վայելչութիւնը, եւ ունայն՝ գեղեցկութիւնը. Այն կինը որ վախենում է Տէրիցը՝ նա կ’գովուի։
31Տուէք նորան իր ձեռքի արդիւնքիցը, եւ նորա գործերը գովեն նորան դռներումը։