1Որդիք, լսեցէք հօր խրատը. Եւ ականջ դրէք որ իմաստութիւնն իմանաք.
2Որովհետեւ ես ձեզ բարի ուսում եմ տալիս, իմ օրէնքը մի ձգէք.
3Որովհետեւ ես իմ հօր որդին էի, փափուկ եւ միամօր էի։
4Նա ինձ սովորեցնում էր եւ ասում ինձ. Թող քո սիրտը բռնէ իմ խօսքերը, պահիր իմ պատուէրները, եւ կ’ապրես։
5Իմաստութիւն ստացիր, հանճար ստացիր. Մի մոռանար, եւ մի խոտորիր իմ բերանի խօսքերիցը։
6Մի թողիր նորան, եւ նա քեզ կ’պահէ. նորան սիրիր, եւ նա քեզ կ’պաշտպանէ։
7Իմաստութեան սկիզբն է՝՝, «իմաստութիւն ստացիր». Եւ քո ամեն ստացուածքի հետ հանճար ստացիր։
8Դու նորան մեծարիր, եւ նա քեզ կ’բարձրացնէ. Նա քեզ կ’պատուէ, երբոր նորան գրկես։
9Նա քեզ գեղեցիկ պսակ կ’տայ քո գլխի համար, եւ փառքի թագ կ’պարգեւէ քեզ։
10Լսիր, որդեակս, եւ ընդունիր իմ խօսքերը, եւ կ’շատանան քո կեանքի տարիները։
11Իմաստութեան ճանապարհը քեզ սովորեցրի, քեզ առաջնորդեցի ուղղութեան շաւիղներումը։
12Դու գնալիս՝ քո քայլերը պիտի չ’նեղուին, եւ վազելիս չես գայթակղուիլ։
13Պինդ բռնիր խրատը, մի ձգիր. Նորան պահիր, որ նա քո կեանքն է։
14Անզգամների ճանապարհը մի մտնիր. Եւ մի ման գար չարերի ճանապարհումը։
15Թող տուր նորան, նորա վերայ մի գնար, նորանից խոտորիր եւ անցիր։
16Որովհետեւ նորանք չեն քնիլ, մինչեւ որ չարութիւն չ’անեն. Եւ քնից կ’զրկուին, եթէ չ’կործանեն։
17Նորա համար որ նորանք ամբարշտութեան հացն են ուտում եւ անիրաւութեան գինին խմում։
18Բայց արդարների ճանապարհը ծագող լոյսի պէս է. Որ գնալով լուսաւորվում է, մինչեւ որ կատարեալ օր է դառնում։
19Ամբարիշտների ճանապարհը խաւարի նման է, նորանք չ’գիտեն թէ ինչով են գայթակղում։
20Որդեակս, ուշադիր եղիր իմ խօսքերին, եւ ականջդ տուր իմ ասածներին.
21Թող նորանք չ’գնան քո աչքի առջեւից, պահիր նորանց քո սրտի մէջ։
22Որ նորանք կեանք են նորանց գտնողներին, եւ նորանց բոլոր մարմնին՝ բժշկութիւն։
23Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը։
24Հեռացրու քեզանից բերանի ծռութիւնը, եւ նենգաւոր շրթունքները թող հեռու լինին քեզանից։
25Թող քո աչքերն ուղիղ նային, եւ քո արտեւանունքները ուղղուած լինին դէպի քո առաջը։
26Շիտակ արա քո ոտների շաւիղը, եւ քո բոլոր ճանապարհները կ’հաստատուին։
27Մի խոտորիր աջ եւ ձախ, ոտքդ հեռացրու չարիցը։