1Որդեակս, մտիկ տուր իմ իմաստութեանը, եւ ականջ դիր իմ հանճարին,
2Որ խոհեմութիւն պահես, եւ քո շրթունքները գիտութիւն պահեն։
3Որովհետեւ օտար կնկայ շրթունքները մեղրի խորիսխ են կաթեցնում, եւ նորա քիմքը իւղից կակուղ է.
4Բայց նորա վախճանը դառն է օշինդրի պէս, սուր է երկսայրի սուրի պէս։
5Նորա ոտները իջնում են մահը, դժոխքին են հասնում նորա քայլերը։
6Կեանքի ճանապարհովը նա բնաւ չի գնալ, նորա ճանապարհները փոփոխական են. Դու չ’գիտես։
7Եւ հիմա, որդեակք, ինձ լսեցէք, եւ մի հեռանաք իմ բերանի խօսքերիցը։
8Այն կնկանից հեռու պահիր քո ճանապարհը, եւ չ’մօտենաս նորա տան դռանը.
9Որ մի գուցէ քո փառքն ուրիշներին տաս, եւ քո տարիներն անողորմին։
10Որ մի գուցէ օտարները կշտանան քո զօրութիւնիցը, եւ քո վաստակը օտարի տունը գնայ.
11Եւ դու քո վերջումը հառաչես, երբոր միսդ ու մարմինդ կ’մաշուին.
12Եւ ասես. Ի՜նչպէս ես խրատը ատեցի, եւ սիրտս անարգեց յամդիմանութիւնը.
13Եւ չ’լսեցի ինձ խրատողի ձայնը, եւ իմ ականջները չ’տուի իմ ուսուցիչներին։
14Քիչ է մնացել որ ամեն մի չարութեան մէջ լինիմ, ժողովքի եւ ժողովրդի մէջ լինելովս։
15Դու քո ջրակոյտիցը ջուր խմիր, եւ քո ջրհորի միջիցը հոսող ջուրերը։
16Քո աղբիւրները տարածուին դրսումը, հրապարակներումը՝ ջրերի վտակները։
17Մինակ քոնը լինին, եւ ոչ թէ օտարներինը եւ քոնը։
18Թող քո աղբիւրը օրհնեալ լինի, եւ ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ.
19Նա քեզ սիրելի եղնիկի եւ շնորհալի այծեամի պէս լինի, նորա ստինքները թող քեզ կշտացնեն ամեն ժամանակ, նորա սիրովը միշտ զմայլիս։
20Եւ ի՞նչու համար, որդեակս, օտարի սիրովն զմայլիս, եւ օտար կնկայ ծոցը գրկես։
21Որովհետեւ Տիրոջ աչքի առաջին են մարդիս ճանապարհները, եւ նա ուղղում է նորա բոլոր շաւիղները։
22Չարագործին պիտի բռնեն նորա անօրէնութիւնները, եւ նա պիտի բռնուի իր մեղքի չուաններովը։
23Նա պիտի մեռնի առանց խրատի, եւ պիտի մոլորուի իր յիմարութեան շատութիւնովը։