1Որդեակս, եթէ դու երաշխաւոր եղար քո ընկերի համար, եւ ձեռքդ տուիր օտարի համար.
2Դու բռնուել ես քո բերանի խօսքովը, եւ քեզ բռնել ես տուել քո բերանի ասածներովը։
3Սա այսպէս արա, որդեակս, եւ ազատիր քեզ, որովհետեւ քո ընկերի ձեռքն ընկար. Գնա խոնարհուիր եւ թախանձիր քո ընկերին։
4Քուն մի տար աչքերիդ, եւ նինջ՝ արտեւանունքիդ.
5Քեզ ձեռքիցը ազատիր այծեամի պէս, կամ հաւորսի ձեռքից ազատուած թռչունի պէս։
6Գնա մրջիւնին մօտ, ով ծոյլ, նորա ճանապարհները տես եւ իմաստուն եղիր.
7Որ իշխան, ոստիկան եւ տիրող չ’ունի.
8Բայց իր կերակուրը պատրաստում է ամառը, եւ իր ուտելիքը հունձի ժամանակին է ժողովում։
9Մինչեւ ե՞րբ ես պառկելու, ով ծոյլ, ե՞րբ ես զարթնելու քնիցդ։
10Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի դնել պառկել.
11Այն ժամանակ քո աղքատութիւնը ճանապարհորդի պէս կ’գայ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս։
12Անպիտան մարդը՝ անօրէն մարդը ծուռ բերանով է ման գալիս,
13Նա ակնարկում է աչքերովը, ոտներովը խօսում է, մատներովը՝ բան սովորեցնում.
14Նենգութիւն կայ նորա սրտումը, նա միշտ չարութիւն է հնարում, կռիւներ տարածում։
15Սորա համար յանկարծ կ’գայ նորա կորուստը, նա յանկարծ պիտի կոտրուի, եւ ողջութիւն պիտի չ’գտնէ։
16Վեց բան կայ որ Տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգիի առաջին.
17Ամբարտաւան աչքեր, ստախօս լեզու, եւ անմեղ արիւն թափող ձեռքեր.
18Չար խորհուրդներ հնարող սիրտ, չարութեան համար վազելու շտապող ոտքեր.
19Սուտեր փչող անիրաւ վկայ, եւ եղբայրների մէջ կռիւներ գցող։
20Որդեակս, պահիր քո հօր պատուիրանքը, եւ քո մօր օրէնքը մի մերժիր։
21Նորանց միշտ կապիր քո սրտի վերայ, քո վզին փաթաթիր նորանց։
22Թող գնալու ժամանակդ քեզ առաջնորդեն, քնած ժամանակդ քեզ պահպանեն, եւ երբոր զարթնես, թող քեզ հետ խօսակցեն։
23Որովհետեւ պատուիրանքը ճրագ է եւ օրէնքը՝ լոյս, եւ խրատի յանդիմանութիւնները՝ կեանքի ճանապարհ։
24Որ քեզ պահէ չար կնկանիցը, օտար կնկայ շողոքորթող լեզուիցը.
25Մի ցանկանար նորա գեղեցկութեանը քո սրտումը, եւ թող նա քեզ չ’յափշտակէ իր արտեւանունքներովը։
26Որովհետեւ մի պոռնիկ կնկայ պատճառով աղքատանում են մինչեւ մի նկանակ հացի. Եւ շնացող առնակինը պատուական հոգին կ’որսայ։
27Հնա՞ր է որ մի մարդ կրակ կրէ իր ծոցումը, եւ նորա հանդերձները չ’այրուին։
28կամ կարելի՞ է որ մի մարդ կայծերի վերայ ման գայ, եւ նորա ոտները չ’խանձուին։
29Այսպէս է նաեւ իր դրացիի կնկայ մօտ գնացողը. Ամեն նորան դիպչողը անմեղ չէ։
30Այն գողին չեն արհամարհիլ, որ գողացել է իր սովը կշտացնելու համար, որովհետեւ սոված էր։
31Սակայն եթէ բռնուի, եօթնապատիկ պիտի վճարէ, իր տան բոլոր ստացուածքը պիտի տայ։
32Բայց կին պղծողն անմիտ է. Իր հոգին է փչացնում, ով որ անէ այս։
33Նա վէրք եւ անարգանք կ’գտնէ, եւ նորա նախատինքը չի ջնջուիլ։
34Որովհետեւ նախանձը մարդիս կատաղութիւնն է, եւ նա չի խնայիլ վրէժխնդրութեան օրը։
35նա ոչ մի փրկանքի երեսին մտիկ չի անիլ, եւ նա չի հաճիլ, որքան էլ շատացնես դու կաշառքը։