ԳԱՂԱՏԱՑԻՍ 1:1-24 ABA1910 - Bible AI

1Պօղոս առաքեալ ոչ թէ մարդկանցից եւ ոչ թէ մարդի ձեռով, այլ Յիսուս Քրիստոսի եւ Հայր Աստուծոյ ձեռովը, որ մեռելներից յարութիւն տուաւ նորան։

2Եւ ամեն եղբարքը՝ որ ինձ հետ են. Գաղատիայի եկեղեցիներիդ։

3Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Հայր Աստուածանից եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից,

4Որ իր անձը մեր մեղքերի համար տուաւ, որ մեզ այս չար աշխարհքիցը փրկէ՝ Աստուծոյ եւ մեր Հօր կամքի պէս։

5Որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

6Զարմանում եմ որ այսպէս շուտով փոփոխվում էք ձեզ Քրիստոսի շնորհքի մէջ կանչողից դէպի ուրիշ աւետարան։

7Որ ուրիշը չ’կայ. միայն թէ կան ոմանք որ ձեզ խռովեցնում են, եւ կամենում են Քրիստոսի աւետարանը փոխել։

8Բայց եթէ մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան թէ որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովուած լինի։

9Ինչպէս առաջ ասեցինք՝ եւ հիմա դարձեալ ասում եմ, եթէ մէկն աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան որ դուք առաք՝ նզովուած լինի։

10Որովհետեւ հիմա մարդկա՞նց եմ հաճեցնում, թէ Աստուծուն. կամ ուզում եմ մարդկա՞նց հաճոյ լինել. Եթէ տակաւին մարդկանց հաճոյ լինէի, Քրիստոսի ծառայ չէի։

11Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը, որ ինձանից աւետարանուեցաւ, որ նա մարդից չէ։

12Որովհետեւ ես էլ ոչ մարդից առայ նորան, եւ ոչ էլ սովորեցի. այլ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնովը։

13Վասնզի դուք իմ վարքը լսել էք, որ մի ժամանակ Հրէութեան մէջ էի. որ չափիցը դուրս հալածում էի Աստուծոյ եկեղեցին, եւ կործանում էի նորան։

14Եւ Հրէութեան մէջ իմ հասակակիցների շատերից յառաջադէմ էի իմ ազգի մէջ, աւելի նախանձաւոր լինելով իմ հայրենական աւանդութիւնների համար։

15Բայց երբոր բարեհաճեց Աստուած, որ իմ մօր որովայնիցն ինձ որոշել եւ իր շնորհքովն կանչել է,

16Որ իր Որդին ինձանով յայտնէ. որ նորան հեթանոսների միջումն աւետարանեմ. Այն ժամանակ իսկոյն մարմնի եւ արիւնի հետ խորհուրդ չ’արի.

17Եւ ոչ էլ գնացի Երուսաղէմ նորանց մօտ, որ ինձանից առաջ առաքեալներ էին. Այլ գնացի Արաբիա, եւ կրկին դարձայ Դամասկոս։

18Այնուհետեւ երեք տարուց յետոյ գնացի Երուսաղէմ, Պետրոսին տեսնելու. Եւ տասնեւհինգ օր նորա մօտ եղայ։

19Եւ առաքեալներից մի ուրիշին չ’տեսայ, բայց միայն Տիրոջ եղբայր Յակոբին։

20Բայց ինչ որ ձեզ գրում եմ, ահա Աստուծոյ առաջին, որ սուտ չեմ ասում։

21Յետոյ եկայ Սիւրիայի եւ Կիլիկիայի կողմերը։

22Եւ երեսով անծանօթ էի Հրէաստանի եկեղեցիներին՝ որ Քրիստոսումն էին։

23Բայց միայն լսել էին, թէ Նա որ մի ժամանակ մեզ հալածում էր, հիմա այն հաւատքն է աւետարանում որ առաջ կործանում էր։

24Եւ ինձանով փառաւորում էին Աստուծուն։

le>