1Բայց ասում եմ. Քանի ժամանակ որ ժառանգը երեխայ է՝ ծառայից ոչինչ տարբերութիւն չ’ունի, թէ եւ ամեն բանի տէր է։
2Բայց վերակացուների եւ տնտեսների ներքեւ է մինչեւ հօր որոշած ժամանակը։
3Այնպէս էլ մենք, քանի որ երեխաներ էինք՝ աշխարհքի սկզբունքների ներքեւ ծառայութեան մէջ էինք։
4Բայց երբոր ժամանակի լրումն եկաւ, Աստուած ուղարկեց իր Որդին՝ կնկանից ծնուած՝ եւ օրէնքի ներքեւ եղած,
5Որ օրէնքի տակ լինողներին փրկէ, որ որդեգրութիւնն ընդունենք։
6Եւ որովհետեւ դուք որդիք էք, Աստուած իր Որդու Հոգին ուղարկեց ձեր սրտերի մէջ, որ աղաղակում է Աբբա Հայր։
7Ուրեմն այլ եւս ծառայ չես՝ այլ որդի. եւ եթէ որդի՝ Աստուծոյ ժառանգ էլ Քրիստոսով։
8Բայց այն ժամանակ որ Աստուծուն չ’գիտէիք, ծառայում էիք նորանց որ ’ի բնէ աստուածներ չեն։
9Բայց հիմա որ ճանաչեցիք Աստուծուն, մանաւանդ թէ Աստուածանից ճանաչուեցաք, ի՞նչպէս էք կրկին ետ դառնում դէպի այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնց կամենում էք դարձեալ ծառայել։
10Օրեր էք զանազանում եւ ամիսներ եւ ժամանակներ եւ տարիներ։
11Վախենում եմ ձեզանից՝ որ մի գուցէ զուր տեղն աշխատեցի ձեր միջումը։
12Ինձ նման եղէք, որովհետեւ ես էլ ձեզ նման եմ. Եղբարք, աղաչում եմ ձեզ, դուք ինձ ոչ մի վնաս չէք տուել։
13Եւ գիտէք որ մարմնի տկարութիւնով աւետարանեցի ձեզ առաջի անգամը.
14Եւ իմ փորձանքն՝ որ իմ մարմնումն էր, չ’անարգեցիք եւ չ’արհամարհեցիք, այլ ինչպէս Աստուծոյ հրեշտակ ընդունեցիք ինձ՝ ինչպէս Քրիստոս Յիսուսին։
15Արդ ի՞նչ էր այն ձեր երանութիւնը. Որովհետեւ վկայում եմ ձեզ համար, որ եթէ կարելի էր՝ ձեր աչքերն էլ կ’հանէիք եւ ինձ կ’տայիք։
16Ուրեմն թշնամի՞ եղայ ձեզ՝ ձեզ հետ ճշմարիտը խօսելովս։
17Նախանձով են ձեզ համար, ոչ թէ ’ի բարին. Այլ կամենում են արգելել մեզ որ նորանց համար նախանձաւոր լինիք։
18Սակայն լաւ է բարի բանում ամեն ժամանակ նախանձաւոր լինել, եւ ոչ թէ միայն երբ որ ձեզ մօտ լինեմ։
19Իմ որդեակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցաւով, մինչեւ որ Քրիստոսը կերպարանուի ձեզանում։
20Կամենում էի որ հիմա ձեզ մօտ գամ եւ ձայնս փոխեմ. Որովհետեւ տարակուսած եմ ձեզ համար։
21Ասեցէք ինձ դուք, որ կամենում էք օրէնքի տակ լինել, օրէնքը չէ՞ք լսում։
22Որովհետեւ գրուած է, թէ Աբրահամը երկու որդիք ունէր, մինն աղախնիցը, եւ միւսն ազատիցը։
23Բայց նա որ աղախնիցն էր՝ մարմնի կողմանէ էր ծնուած, եւ նա որ ազատիցն՝ խոստմունքի համեմատ։
24Այս բաները այլաբանօրէն են. Որ նորանք երկու կտակարաններն են, մէկը Սինա սարիցը ծառայութեան մէջ ծնուած՝ որ է Հագարը։
25Որովհետեւ Հագարը Սինա սարն է՝ Արաբիայումն, որ հաւասար է այժմեան Երուսաղէմին, որ իր զաւակներովը հանդերձ ծառայ է։
26Բայց վերին Երուսաղէմն ազատ է, որ մեր ամենիս մայրն է։
27Որովհետեւ գրուած է թէ, Ցնծա, ով ամուլ՝ որ չէիր ծնում, գոչիր եւ աղաղակիր դու՝ որ ծնելու ցաւ չէիր քաշում. Որովհետեւ աւելի շատ են թողուածի որդիքը քան թէ արամբիինը։
28Իսկ մենք, եղբարք, Իսահակի պէս խոստմունքի որդիք ենք։
29Բայց ինչպէս որ այն ժամանակ մարմնի կողմանէ ծնուածը հալածում էր նորան՝ որ հոգու կողմանէ էր, այնպէս էլ հիմա։
30Բայց գի՞րքն ինչ է ասում. Դուրս հանիր աղախնին ու նորա որդուն. որ աղախնի որդին ժառանգութիւն չ’պիտի ստանայ ազատի որդու հետ։
31Սորա համար, եղբարք, աղախնի որդիք չենք, այլ ազատի։