ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 24:1-27 ABA1910 - Bible AI

1Եւ երբոր նորան կանչեց, Տերտիւղոսը սկսեց ամբաստանել եւ ասել.

2Որովհետեւ քեզանով շատ խաղաղութիւն ենք գտել՝ եւ այս ազգի համար շատ բաների կարգադրութիւն է եղել քո խնամք տանելովը, ամեն կերպով եւ ամեն տեղ շատ գոհութեամբ շնորհակալ ենք քեզանից, ով պատուական Փելիքս։

3Բայց որպէսզի աւելի նեղութիւն չ’տամ քեզ, աղաչում եմ՝ որ համառօտաբար լսես մեզ քո հեզութեամբը։

4Որովհետեւ մենք գտանք այս մարդին որ ապականիչ եւ խռովարար է այն ամեն Հրէաներին, որ բոլոր աշխարհքումը կան. Եւ Նազովրեցիների աղանդի առաջնորդ է.

5Որ տաճարն էլ ուզեց պղծել. Որին բռնեցինք էլ. եւ մեր օրէնքի պէս ուզեցինք դատաստան էլ անել։

6Բայց Լիւսիաս հազարապետն եկաւ՝ եւ մեծ բռնութեամբ մեր ձեռքերիցը հանեց,

7Հրամայելով որ նորա դատախազներն էլ գան քեզ մօտ. Որ դու վերաքննելով կարող ես տեղեկանալ այն ամեն բանի համար, որ մենք գանգատում ենք դորանից։

8Հրէաներն էլ միաբան եղած ասեցին, թէ Այդպէս է։

9Պօղոսն էլ պատասխանեց՝ երբոր կուսակալը նորան ակնարկեց որ խօսէ. Գիտենալով որ դու շատ տարուց հետէ այս ազգի դատաւորն ես, աւելի յօժարութեամբ իմ մասին պատասխան եմ տալիս։

10Որովհետեւ դու կարող ես գիտենալ, որ տասնեւերկու օրից աւելի չէ՝ որ ես եկայ երկրպագութիւն անել Երուսաղէմումը։

11Եւ ոչ տաճարումն են գտել ինձ մի մարդի հետ խօսելիս, կամ շատ մարդ մէկտեղ հաւաքելիս, եւ ոչ ժողովարանումը,

12Եւ ոչ էլ քաղաքումը. Եւ ոչ էլ կարող են քո առաջին ցոյց տալ այն, որոնց համար հիմա ամբաստանում են ինձանից։

13Բայց սա եմ խոստովանում քեզ, թէ այն ճանապարհովն՝ որ ասում են հերձուած, այնպէս պաշտում եմ հայրենական Աստուծուն, ամեն բաների հաւատալով՝ որ օրէնքումը եւ մարգարէներումը գրուած է.

14Յուսալով այն Աստուծուն որին դորանք էլ սպասում են, թէ արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի։

15Որ հէնց սորա համար ինքս ջանք եմ անում, որ ամեն ժամ մաքուր խղճմտանք ունենամ Աստուծոյ առաջին եւ մարդկանց առաջին։

16Արդ շատ տարիներից յետոյ եկայ որ իմ ազգին ողորմութիւն անեմ եւ ընծաներ բերեմ.

17Որ այդ բանի մէջ մի քանի Ասիացի Հրէաներ ինձ գտան տաճարումը սրբուած, ոչ շատերի եւ ոչ էլ ամբոխի հետ։

18Որ նորանց պէտք էր գալ քո առաջին եւ գանգատ անել, եթէ մի բան ունենային ինձանից։

19Կամ հէնց սորանք իրանք թող ասեն, թէ ինձանում ինչ անիրաւութիւն գտան՝ դեռ քանի որ ատեանումը կանգնած էի։

20Բայց այս մէկ խօսքի համար, որ նորանց միջումը կանգնած աղաղակեցի, թէ Մեռելների յարութիւն առնելուն համար եմ ես այսօր դատվում ձեզանից։

21Փելիքսն էլ երբոր լսեց այս բաները, նորանց ուշացրեց, որովհետեւ շատ լաւ տեղեկացած էր այն ճանապարհի համար, եւ ասեց. Երբ որ Լիւսիաս հազարապետը իջնէ, կ’տեղեկանամ ձեր գործին։

22Եւ հարիւրապետին հրամայեց՝ որ Պօղոսին պահէ՝ բայց արձակութիւն տայ. Եւ նորա մարդկանցից ոչ մէկին չ’արգիլէ՝ նորան ծառայութիւն անելու կամ նորա մօտ գնալու։

23Եւ մի քանի օրից յետոյ Փելիքսն եկաւ իր Դրուսիլա կնկայ հետ, որ Հրէայ էր, Պօղոսին կանչեց՝ եւ նորանից Քրիստոսի հաւատքի համար բան լսեց։

24Եւ երբոր նա խօսում էր արդարութեան եւ ժուժկալութեան եւ գալու դատաստանի համար, Փելիքսը շատ ահով բռնուեցաւ, եւ պատասխանեց. Դու հիմա գնա. Երբոր ժամանակ ունենամ, կ’կանչեմ քեզ։

25Բայց նա յոյս էլ ունէր, որ Պօղոսիցը մի բան կ’տրուի իրան, որ նորան արձակէ եւ նորա համար շատ անգամ կանչում էր նորան եւ նորա հետ խօսում։

26Եւ երբոր երկու տարին լրացաւ, Փելիքսի տեղ եկաւ Փեստոս Պորկիոսը. Եւ որովհետեւ Փելիքսը կամեցաւ Հրէաներին մի շնորհք անել, Պօղոսին կապած թողեց։

27Եւ Փեստոսը երբոր իր իշխանութեան երկիրը հասաւ, երեք օրից յետոյ Կեսարիայից վեր ելաւ Երուսաղէմ։

/article>