ԴԱՆԻԵԼ 1:1-21 ABA1910 - Bible AI

1Յուդայի թագաւոր Յովակիմի թագաւորութեան երրորդ տարին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եկաւ Երուսաղէմ եւ պաշարեց նորան։

2Եւ Տէրը Յուդայի Յովակիմ թագաւորին եւ Աստուծոյ տան անօթների մի մասը նորա ձեռքը մատնեց, եւ նա նորանց տարաւ Սենաար երկիրը իր աստուծոյ տունը. Եւ անօթները դրաւ իր աստուծոյ գանձատանը։

3Եւ թագաւորն ասեց իր ներքնապետ Ասփանէզին, որ բերէ Իսրայէլի որդկանցից եւ թագաւորական սերունդից ու իշխանազուններից՝

4Բնաւ արատ չունեցող եւ գեղեցկադէմ եւ ամեն իմաստութեան ընդունակ եւ գիտութեան տեղեակ եւ հանճարեղ եւ թագաւորական պալատումը կանգնելու կարողութիւն ունեցող տղերք, եւ նորանց սովորեցնէ Քաղդէացիների գիրն ու լեզուն։

5Եւ թագաւորը նորանց համար օրական ռոճիկ որոշեց թագաւորի կերակուրիցը եւ իր խմած գինիիցը. Եւ որ նորանց սնուցանէ երեք տարի. Եւ յետոյ կանգնեն թագաւորի առաջին։

6Եւ նորանցում կային Յուդայի որդիներից Դանիէլը, Անանիան, Միսայէլը եւ Ազարիան։

7Եւ ներքնապետը նորանց անուններ դրաւ. Եւ Դանիէլին՝ Բաղդասասար, Անանիային՝ Սեդրաք, Միսայէլին՝ Միսաք եւ Ազարիային՝ Աբեդնագով։

8Եւ Դանիէլը որոշեց իր սրտումը, որ իրան չ’պղծէ թագաւորի կերակրովը եւ նորա խմած գինիովը, եւ խնդրեց ներքնապետիցը, որ իրան չ’պղծէ։

9Եւ Աստուած Դանիէլին շնորհք եւ ողորմութիւն տուաւ ներքնապետի առաջին։

10Եւ ներքնապետը ասեց Դանիէլին. Ես վախենում եմ իմ տէր թագաւորից, որ որոշել է ձեր ուտելիքը եւ խմելիքը. Որովհետեւ ի՞նչու համար նա ձեր երեսները վատ տեսնէ այն տղերանց երեսներից որ ձեզ հասակակից են, եւ ինձ գլխապարտ անէք թագաւորի մօտ։

11Եւ Դանիէլն ասեց Մելսարին, որին ներքնապետը դրել էր Դանիէլի, Անանիայի, Միսայէլի եւ Ազարիայի վերայ,

12Աղաչում եմ՝ փորձիր ծառաներիդ մի տասն օր, եւ մեզ ուտելու համար ընդեղէն եւ խմելու համար ջուր տան.

13Եւ երեւան քո առաջին մեր դէմքը եւ այն տղերանց դէմքը որ թագաւորի կերակրիցն ուտում են, եւ ինչպէս որ տեսնես, նորա համեմատ արա ծառաներիդ հետ։

14Եւ նա լսեց նորանց այս բանի համար, եւ նորանց փորձեց տասն օր։

15Եւ տասն օրից յետոյ նորանց դէմքը աւելի լաւ եւ մարմնով գէր էին քան թէ այն ամեն տղերքը, որոնք ուտում էին թագաւորի կերակրիցը։

16Եւ Մելսարը վեր էր առնում նորանց թագաւորական կերակուրը եւ նորանց խմելու գինին եւ նորանց ընդեղէն էր տալիս։

17Եւ Աստուած այս չորս տղերանց գիտութիւն եւ հանճար տուաւ ամեն դպրութիւնում եւ իմաստութիւնում, եւ Դանիէլը հասկանում էր ամեն տեսիլք եւ երազ։

18Եւ այն օրերը վերջանալուց յետոյ, որ թագաւորը հրամայել էր նորանց բերել, այն ժամանակ ներքնապետը բերաւ նորանց Նաբուգոդոնոսորի առաջը։

19Եւ թագաւորը խօսեց նորանց հետ, եւ նորանցից մէկը չ’գտնուեցաւ Դանիէլի, Անանիայի, Միսայէլի եւ Ազարիայի պէս. Եւ նորանք կանգնեցին թագաւորի առաջին։

20Եւ իմաստութեան գիտութեան վերաբերեալ ամեն բանում, որ թագաւորը հարցնում էր նորանցից, թագաւորը նորանց տասնապատիկ գերազանց էր գտնում իր բոլոր թագաւորութիւնումը եղող մոգերիցն ու հմայողներիցը։

21Եւ Դանիէլը մնաց մինչեւ Կիւրոս թագաւորի առաջի տարին։