ԵԲՐԱՅԵՑԻՍ 1:1-14 ABA1910 - Bible AI

1Շատ մասերով եւ շատ կերպերով Աստուած առաջուց խօսելով մեր հայրերի հետ մարգարէների ձեռով,

2Այս վերջի օրերումը խօսեց մեզ հետ Որդովը, որին ամեն բանի ժառանգ դրաւ, որով աշխարհքն էլ արաւ.

3Որ նորա փառքի լոյսը լինելով եւ նորա էութեան նկարագիրը, որ իր զօրութեան խօսքովն ամեն բան կրում է՝ մեր մեղքերի սրբութիւնն իրանով անելուց յետոյ նստեց Աստուծոյ մեծութեան աջ կողմը բարձունքներումը,

4Եւ հրեշտակներիցն այնքան աւելի լաւ եղաւ, որքան նորանցից աւելի գերազանց անուն ժառանգեց։

5Որովհետեւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք, Իմ որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ. Եւ դարձեալ՝ Ես նորան Հայր կ’լինիմ, եւ նա ինձ Որդի կ’լինի։

6Եւ երբոր անդրանիկին միւսանգամ աշխարհ կ’մտցնէ ասում է. Եւ երկրպագեն նորան Աստուծոյ բոլոր հրեշտակները։

7Բայց հրեշտակների համար ասում է. Նա որ իր հրեշտակները հոգիներ արաւ, եւ իր պաշտօնեաները կրակի բոց։

8Բայց Որդուն ասում է, Քո աթոռն, ով Աստուած, մինչեւ յաւիտեանս յաւիտենից է. Քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է։

9Սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրէնութիւնը. Սորա համար օծեց քեզ, ով Աստուած, քո Աստուածը ուրախութեան իւղով աւելի քան թէ քո ընկերներին։

10Եւ դու, ով Տէր, ի սկզբանէ երկիրը հիմնեցիր. Եւ երկինքները քո ձեռքի գործն են։

11Նորանք կ’կորչեն, բայց դու կ’կենաս կ’մնաս. Եւ ամենը ձորձի պէս կ’մաշուին.

12Եւ վերարկուի պէս կ’գալարես նորանց եւ կ’փոխուին, բայց դու նոյնն ես եւ քո տարիները չեն պակասիլ։

13Եւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ որ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ։

14Չէ՞ որ ամենը սպասաւոր հոգիներ են ուղարկուած սպասաւորութիւն անելու նորանց համար, որ փրկութիւնը պիտի ժառանգեն։

le>