ԵԲՐԱՅԵՑԻՍ 10:1-39 ABA1910 - Bible AI

1Որովհետեւ օրէնքը գալու բարիքների շուքն ունենալով, եւ ոչ թէ այն բաների յատուկ կերպարանքը, ամեն տարի մատուցուած մի եւ նոյն պատարագներովը չէր կարող կատարեալ անել մատուցանողներին։

2Ապա թէ ոչ՝ կ’դադարէին մատուցանելուց, որովհետեւ պաշտօն մատուցանողներն էլ մեղքի խղճմտանք չէին ունենալ՝ մէկ անգամ սրբուած լինելով։

3Բայց նորանցով ամեն տարի մեղքերի յիշատակ էր լինում։

4Վասնզի անկարելի է որ նոխազների եւ ցուլերի արիւնը մեղքեր վեր առնէ։

5Նորա համար աշխարհք մտնելիս ասում է. Զոհ եւ պատարագ չ’կամեցար, բայց մի մարմին պատրաստեցիր ինձ համար.

6Ողջակէզների եւ մեղքի համար պատարագների չ’հաճեցիր։

7Այն ժամանակ ասեցի թէ Ահա գալիս եմ, գրքի տոմսումը գրուած է ինձ համար քո կամքն անելու, ով Աստուած։

8Վերեւումն ասելով թէ զոհի եւ պատարագի եւ ողջակէզների եւ մեղքի համար պատարագների չ’կամեցար եւ չ’հաճեցիր նորանց, որոնք օրէնքի համեմատ մատուցանվում են.

9Այն ժամանակ ասում է. Ահա գալիս եմ քո կամքն անելու, ով Աստուած, առաջինը դէն է գցում որ երկրորդը հաստատէ։

10Որ այն կամքովը մենք սրբուեցանք մէկ անգամ Յիսուս Քրիստոսի մարմնի պատարագովը։

11Եւ ամեն քահանայապետ ամեն օր կանգնած պաշտօն է կատարում. Եւ նոյն պատարագներն է մատուցանում շատ անգամ, որ երբէք չեն կարող մեղքեր վեր առնել։

12Բայց սա մեղքերի համար մէկ պատարագ մատուցանելով մշտնջենաւորապէս նստեց Աստուծոյ աջ կողմը։

13Եւ այսուհետեւ սպասում է մինչեւ որ իր բոլոր թշնամիներն իր ոտների պատուանդանը դրուին։

14Որովհետեւ մէկ պատարագով յաւիտեան կատարեց սրբուողներին։

15Բայց Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ, այն առաջուց ասելովը.

16Թէ Սա է այն ուխտն որ կ’դնեմ նորանց հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը, կ’տամ իմ օրէնքները նորանց սրտերի մէջ, եւ նորանց խորհուրդների վերայ կ’գրեմ նորանց։

17Եւ ապա ասում է. Նորանց մեղքերը եւ նորանց անօրէնութիւնները էլ չեմ յիշիլ։

18Բայց որ տեղ որ սորանց թողութիւնը կայ, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պէտք չէ։

19Արդ, եղբարք, որովհետեւ համարձակութիւն ունինք սրբարանը մտնելու Յիսուսի արիւնովը,

20Որն որ նորոգեց մեզ համար նոր եւ կենդանի ճանապարհ վարագուրի միջովն, այսինքն իր մարմնովը,

21Եւ մի մեծ քահանայ՝ Աստուծոյ տան վերայ.

22Ապա թող մօտենանք նորան ճշմարիտ սրտով, հաւատքի լրութեամբ, մեր սրտերը մաքրուած չար խղճմտանքից, եւ մեր մարմինը լուացուած սուրբ ջրով.

23Պինդ բռնենք յոյսի դաւանութիւնն՝ անսայթաք. Որ հաւատարիմ է խոստացողը։

24Եւ զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով.

25Եւ չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. Բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է։

26Որովհետեւ եթէ մենք ճշմարտութեան գիտութիւնն ընդունելուց յետոյ յօժար կամքով մեղք գործենք, այլ եւս նորանից յետոյ մեղքերի համար զոհ չէ մնում,

27Այլ դատաստանի ահաւոր սպասելը, եւ կրակի զայրոյթը որ հակառակողներին կ’լափէ։

28Մէկը, որ Մովսէսի օրէնքն անարգում էր, առանց ողորմութեան երկու կամ երեք վկայի խօսքով մեռնում էր։

29Էլ ո՞րքան աւելի, կարծում էք, սաստիկ պատժի կ’արժանանայ, նա որ Աստուծոյ Որդուն ոտքի տակ կոխեց, եւ ուխտի արիւնը պիղծ համարեց որով նա սրբուեցաւ, եւ շնորհքի Հոգուն նախատեց։

30Որովհետեւ գիտենք նրան որ ասեց. Իմն է վրէժխնդրութիւնը ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը. Եւ դարձեալ, թէ Տէրը կ’դատէ իր ժողովրդին։

31Սարսափելի բան է կենդանի Աստուծոյ ձեռքն ընկնիլը։

32Արդ յիշեցէք առաջին օրերը, որ դուք լուսաւորուելուց յետոյ շատ չարչարանքների ճիգերին համբերեցիք։

33Երբեմն նախատինքների եւ նեղութիւնների մէջ խայտառակուեցաք, եւ երբեմն էլ այնպիսի վիճակում լինողների հետ մասնակից եղաք։

34Որովհետեւ իմ կապանքների հետ էլ չարչարուեցաք, եւ ձեր ստացուածքների յափշտակութիւնն էլ ուրախութիւնով ընդունեցիք. Գիտենալով որ ձեր անձերի համար աւելի լաւ եւ մնայուն ստացուածք ունիք երկնքումը։

35Ուրեմն դէն մի գցէք ձեր վստահութիւնը, որ մեծ վարձքի հատուցումն ունի։

36Որովհետեւ համբերութիւն է պէտք ձեզ, որ Աստուծոյ կամքն անելով խոստմունքն ստանաք։

37Որովհետեւ միայն մի քիչ ժամանակ էլ, եւ նա որ գալու է՝ կ’գայ եւ չի ուշանալ։

38Բայց արդարը հաւատքից կ’ապրի. Եւ եթէ մէկը ետ քաշուի, իմ անձը նորան չի հաւանիլ։

39Իսկ մենք ետ քաշուողներիցը չենք որ կորչենք. Այլ հաւատքիցն ենք որ մեր հոգիները փրկուին։

cle>