1Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմութիւն ունինք մեզ շրջապատած, դէն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. Եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը.
2Մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին, որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց։
3Ուրեմն մտածեցէք նորա վերայ, որ իրան դէմ եղած այսպիսի հակառակութիւն քաշեց մեղաւորներիցը, որ դուք ձեր անձերովը չ’յոգնիք թուլացած։
4Տակաւին մինչեւ արիւն թափելու չափ պատերազմելով հակառակ չէք կացած մեղքին.
5Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների հետ խօսում է. Իմ որդեակ, մի անարգիր Տիրոջ խրատը. Եւ ոչ էլ վհատուիր, նորանից յանդիմանուած ժամանակդ։
6Որովհետեւ Տէրը իրան սիրածին խրատում է. Նա ծեծում է ամեն որդի որ ընդունում է։
7Եթէ խրատին համբերէք, Աստուած ձեզ հետ ինչպէս որդկանց հետ կ’վարուի. Որովհետեւ ո՞ր որդին է որ հայրը նորան չէ խրատում։
8Բայց եթէ առանց խրատի էք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ էք եւ ոչ որդիք։
9Նաեւ մենք մեր մարմնաւոր հայրերը խրատող ունենալով նորանցից ամաչում էինք. չէ՞ որ առաւել եւս պիտի հնազանդինք հոգիների Հօրը, եւ ապրենք։
10Որովհետեւ սորանք մի քիչ ժամանակ իրանց հաճոյ երեւեցածի պէս խրատում էին, բայց նա՝ օգտի համար, որ նորա սրբութիւնն ընդունենք։
11Եւ ամեն խրատ հէնց նոյն ժամանակին ուրախութիւն չէ երեւում, այլ տրտմութիւն. բայց յետոյ նորանով վարժուածներին արդար խաղաղութեան պտուղ է վճարում։
12Նորա համար հաստատեցէք թուլացած ձեռները, եւ տկարացած ծունկերը,
13Եւ ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեցէք, որ կաղը չ’գլորուի, այլ մանաւանդ բժշկուի։
14Հետեւեցէք խաղաղութեան ամենի հետ եւ սրբութեան, որ առանց նորան ոչ ով Տիրոջը չի տեսնիլ.
15Զգոյշ կացէք, որ մէկը յետ մնացող չ’լինի Աստուծոյ շնորհքիցը. որ մի դառն արմատ վեր չ’բուսնէ եւ նեղութիւն տայ, եւ նորանով շատերը պղծուին։
16Որ չ’լինի մէկը պոռնիկ եւ պիղծ ինչպէս Եսաւը, որ մի կերակուրի համար իր անդրանկութիւնը ծախեց։
17Որովհետեւ գիտէք որ թէեւ յետոյ կամեցաւ օրհնութիւնը ժառանգել, բայց մերժուեցաւ. որովհետեւ ապաշխարութեան տեղի չ’գտաւ, թէեւ արտասուքով խնդրեց նորան։
18Որովհետեւ դուք չէք մօտեցել շօշափելի սարին, որ կրակով վառուած էր եւ այն մէգին եւ խաւարին եւ մրրկին.
19Եւ փողի հնչումին եւ խօսքերի ձայնին, որից հրաժարուեցան լսողները, որ խօսքը չ’շարունակուի նորանց։
20Վասնզի չէին դիմանում այն հրամանին. Եթէ մի անասուն էլ մօտենայ սարին՝ քարկոծուի կամ նետով սպանուի։
21Եւ այնպէս ահաւոր էր տեսիլքն, որ Մովսէսն ասում էր, թէ Զարհուրում եմ եւ դողում։
22Այլ մօտեցել էք Սիօն սարին, եւ կենդանի Աստուծոյ քաղաքին, երկնաւոր Երուսաղէմին, եւ բիւրաւոր հրեշտակներին,
23Եւ երկնքումը գրուած անդրանիկների հանդէսին եւ եկեղեցուն, եւ ամենի դատաւոր Աստուծուն, եւ կատարեալ արդարների հոգիներին.
24Եւ նոր կտակարանի միջնորդ՝ Յիսուսին. Եւ այն արիւնի սրսկմանը որ աւելի լաւ է խօսում քան թէ Հաբէլի արիւնը։
25Զգոյշ կացէք որ չ’մերժէք նորան որ խօսեց. որովհետեւ եթէ չ’կարողացան պրծնել երկրիս վերայ պատգամ տուողին մերժողները, որքա՜ն աւելի ապա մենք եթէ երկնքից խօսողին մերժենք։
26Որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց. Եւ հիմա խոստացել է եւ ասում է թէ Միւսանգամ եւս կ’շարժեմ, ոչ միայն երկիրը բայց երկինքն էլ։
27Բայց այն Միւսանգամը ցոյց է տալիս որ շարժուող բաներն իբրեւ եղածներ պիտի փոխուին, որ հաստատ մնան չ’շարժուողները։
28Ուստի անշարժ թագաւորութիւն ընդունած լինելով, պինդ բռնենք այն շնորհքը որով պաշտում ենք հաճութեամբ Աստուծուն, ահով եւ երկիւղածութեամբ։
29Որովհետեւ մեր Աստուածը փճացնող կրակ է։