ԵԲՐԱՅԵՑԻՍ 9:1-28 ABA1910 - Bible AI

1Իրաւ որ առաջի ուխտն էլ ունէր պաշտամունքի իրաւունքը՝ աշխարհական սրբարանը.

2Որովհետեւ առաջի խորանն այսպէս պատրաստուեցաւ, նորանում էր աշտանակը եւ սեղանը եւ հացերի նուէրը, սա կոչվում էր սրբութիւն։

3Իսկ երկրորդ վարագուրի ետեւը մի խորան կար որ Սրբութիւն սրբութեանց էր կոչվում.

4Որ ունէր ոսկէ բուրվառը, եւ ուխտի տապանակը ամեն կողմից ոսկով պատած. Որ նորանում կար ոսկէ սափորը մանանայովը, եւ Ահարօնի գաւազանը որ ծաղկեց, եւ ուխտի տախտակները։

5Եւ նորանից բարձր փառքի քերովբէները որ հովանի էին անում քաւութիւնի վերայ, որոնց համար պէտք չէ հիմա մանրամասն ասել։

6Եւ այս բաներն այսպէս պատրաստուած լինելով, քահանաներն ամեն ժամանակ մտնում էին առաջին խորանը պաշտամունքները կատարելու։

7Բայց երկրորդի մէջ մտնում էր քահանայապետը տարին մէկ անգամ, եւ ոչ առանց արիւնի, որ մատուցանում էր իրան համար եւ ժողովրդի սխալմունքների համար։

8Սուրբ Հոգին նորանով ցոյց էր տալիս, որ դեռ սրբութիւնների ճանապարհը յայտնուած չէր, քանի որ առաջի խորանը դեռ հաստատ կանգնած էր,

9Որ օրինակ էր այն յառաջիկայ ժամանակի համար, որ նորանում ընծաներ եւ զոհեր էին մատուցանվում, որ խղճմտանքի համեմատ չէին կարող կատարեալ անել պաշտօն մատուցանողին,

10Միայն կերակուրներով եւ խմելիքներով եւ կերպ կերպ լուացմունքներով, եւ մարմնի արդարութիւններով, մինչեւ ուղղութեան ժամանակը թողուած։

11Բայց Քրիստոս որ եկաւ, հանդերձեալ բարիքների քահանայապետը, աւելի մեծ եւ կատարեալ եւ անձեռագործ խորանովն, այսինքն այն որ այս արարածներիցը չէ,

12Եւ ոչ թէ նոխազների եւ զուարակների արիւնով, այլ բուն իր արիւնովը մէկ անգամ մտաւ այն սրբատեղին եւ յաւիտենական փրկութիւն գտաւ։

13Որովհետեւ եթէ ցուլերի եւ նոխազների արիւնը եւ երինջների մոխիրը սրսկելով սրբում էր պղծուածներին մարմնաւոր սրբութիւն ստանալու համար,

14Էլ ո՞րքան աւելի Քրիստոսի արիւնը, որ յաւիտենական հոգով իր անձն անարատ պատարագ մատուցրեց Աստուծուն, ձեր խղճմտանքը կ’սրբէ այն մեռած գործերից որ կենդանի Աստուծուն պաշտէք։

15Եւ սորա համար նա նոր ուխտի միջնորդ է, որ երբոր մահն եղաւ այն առաջի ուխտի ժամանակումն գործուած յանցանքների քաւութեան համար, խոստմունքն առնեն յաւիտենական ժառանգութեան կանչուածները։

16Որովհետեւ որտեղ որ կտակ կայ, հարկաւոր է որ կտակարարի մահը մէջ մտնէ.

17Որովհետեւ կտակը մեռնելուց յետոյ է հաստատ. Որ նա երբէք զօրութիւն չ’ունենալ քանի որ կտակարարը կենդանի է։

18Ուստի եւ առաջինն էլ առանց արիւնի չ’հաստատուեցաւ։

19Վասնզի Մովսէսը երբոր օրէնքի ամեն պատուիրանքները պատմեց ժողովրդին, ցուլերի եւ նոխազների արիւնն առաւ ջրի եւ կարմիր բրդի եւ զոպայի հետ, եւ բուն այն գրքի եւ բոլոր ժողովրդի վերայ սրսկեց,

20Եւ ասեց Սա այն ուխտի արիւնն է, որ Աստուած նորան պատուիրեց ձեզ։

21Եւ խորանի եւ պաշտամունքի բոլոր անօթների վերայ էլ արիւնը նոյնպէս սրսկեց։

22Եւ համարեա թէ ամեն բան արիւնով է սրբվում օրէնքին համեմատ, եւ առանց արիւն թափելու թողութիւն չէ լինում։

23Արդ հարկաւոր էր որ երկնքումը եղած բաների օրինակներն այսպիսի բաներով սրբուին. Բայց բուն երկնաւորները նորանից աւելի ազնիւ պատարագներով։

24Վասնզի ոչ թէ ձեռագործ սրբատեղերը մտաւ Քրիստոսը որ ճշմարտի օրինակներն էին, այլ բուն իսկ երկնքի մէջ որ հիմա Աստուծոյ երեսի առաջին երեւի մեզ համար։

25Ոչ թէ որպէս զի շատ անգամ իր անձը շատ անգամ պատարագ մատուցանէ ինչպէս քահանայապետը, որ ամեն տարի մտնում էր սրբութեանց սրբութիւնն օտար արիւնով։

26Ապա թէ ոչ պէտք էր որ աշխարհքի սկզբից յետոյ շատ անգամ չարչարուէր, բայց հիմա ժամանակների վերջումը մէկ անգամ յայտնուեցաւ, որ մեղքը դէն գցէ իր պատարագովը։

27Եւ ինչպէս մարդկանց համար սահմանուած է մէկ անգամ մեռնել եւ նորանից յետոյ դատաստանը.

28Նոյնպէս էլ Քրիստոսը մէկ անգամ պատարագուեցաւ շատերի մեղքերը վեր առնելու համար. Եւ երկրորդ անգամ առանց մեղքի կ’յայտնուի իրան սպասողներին փրկութեան համար։

le>