1Եւ եղաւ տասնեւմէկերորդ տարուայ ամսի մէկին Տիրոջ խօսքը դէպի ինձ ասելով.
2Մարդի որդի, որովհետեւ Տիւրոսը Երուսաղէմի վերայ ասեց՝ Վա՜շ կոտրուեցան ժողովուրդների դռները, դէպի ինձ է շուռ տալիս. Ես պիտի լցուիմ. Նա անապատ է դառնում.
3Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա քեզ դէմ եմ, ով Տիւրոս, եւ շատ ազգեր պիտի յարուցանեմ քեզ վերայ, ինչպէս որ ծովը յարուցանում է իր ալիքները։
4Եւ նորանք պիտի քանդեն Տիւրոսի պարիսպները եւ փուլ ածեն նորա աշտարակները, եւ ես պիտի աւելեմ նորա հողը նորանից եւ նորան չոր ապառաժ պիտի շինեմ։
5Նա ուռկան փռելու տեղ պիտի դառնայ ծովի մէջ, որովհետեւ ես եմ խօսել, ասում է Տէր Եհովան. Եւ նա ազգերին աւար պիտի դառնայ։
6Եւ նորա աղջկերքը, որոնք դաշտումն են, սրով պիտի սպանուին, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը։
7Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես Տիւրոսի վերայ պիտի բերեմ Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորին հիւսիսից՝ թագաւորների թագաւորին ձիերով, կառքերով ու ձիաւորներով եւ բազմութիւնով ու մեծ ժողովուրդով։
8Նա քո աղջկերքը դաշտումը սրով պիտի սպանէ, եւ քեզ դէմ մարտկոց պիտի շինէ, եւ քեզ դէմ հողաբլուրներ պիտի կանգնեցնէ, եւ քեզ դէմ վահան պիտի բարձրացնէ.
9Եւ իր կործանիչ մեքենաները պիտի դնէ քո պարիսպների դէմ եւ քո աշտարակները պիտի քանդէ իր տապարներովը։
10նորա ձիերի շատութիւնից քեզ պիտի ծածկէ նորանց փոշին. Ձիաւորների, անիւների եւ կառքերի դղրդիւնիցը պիտի սասանեն քո պարիսպները, երբոր նա մտնէ քո դռներովը ինչպէս որ կոտրուած քաղաքը կ’մտնեն։
11Իր ձիերի սմբակներովը պիտի կոխ տայ քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանէ եւ քո զօրաւոր բերդերը գետինը պիտի իջնեն։
12Եւ քո հարստութիւնը պիտի թալանեն եւ պիտի կողոպտեն քո աւարը եւ պիտի քանդեն քո պարիսպները եւ քարուքանդ անեն քո ցանկալի տները, եւ քո քարերը ու քո փայտերը եւ քո հողը պիտի ջրի մէջը թափեն։
13Եւ ես պիտի դադարեցնեմ քո երգերի աղմուկը, եւ քո քնարների ձայնը այլ եւս պիտի չ’լսուի։
14Եւ ես քեզ պիտի չոր ապառաժ շինեմ. Ուռկան փռելու տեղ պիտի դառնաս. Այլ եւս պիտի չ’շինուիս. Որովհետեւ ես Տէրս եմ խօսել, ասում է Տէր Եհովան։
15Տէր Եհովան այսպէս է ասում Տիւրոսին. Մի՞թէ քո կործանման ձայնիցը՝ երբոր քո միջումը կոտորած կատարուելով վիրաւորուածների հեծելովը կղզիները պիտի չ’սասանեն։
16Եւ ծովի բոլոր իշխանները պիտի իջնեն իրանց աթոռների վերայից եւ պիտի հանեն իրանց պատմուճանները եւ իրանց նկարագործ հանդերձներիցը պիտի մերկանան, սոսկումներ պիտի հագնեն, գետնի վերայ պիտի նստեն եւ պիտի սարսափեն ամեն վայրկեան, եւ պիտի ապշեն քեզ վերայ։
17Եւ ողբ պիտի բարձրացնեն քեզ վերայ եւ քեզ ասեն. Ի՜նչպէս կործանուեցար, ով ծովաբնակ անուանի քաղաք, որ ծովումը զօրաւոր էիր ինքդ եւ բնակիչներդ, որ ահ էիք տալիս նորա բոլոր բնակիչներին։
18Հիմա պիտի զարհուրեն կղզիները քո կործանման օրը, եւ ծովումը եղող կղզիները պիտի ապշեն քո կորուստովը։
19Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ես քեզ այն անբնակ քաղաքների պէս աւերակ քաղաք շինելիս՝ անդունդը քեզ վերայ հանելիս, որ քեզ ծածկեն շատ ջրերը,
20Եւ քեզ գուբը իջնողների հետ այն յաւիտենական ժողովրդի մօտ իջեցնելիս քեզ տակի երկրումը յաւիտենական աւերակներումը նստեցնելիս գուբը իջնողների հետ որպէս զի չ’բնակուիս, այն ժամանակ ես փառք կ’դնեմ կենդանեաց երկրումը։
21Քեզ սոսկման առարկայ կ’շինեմ, եւ դու պիտի ոչնչանաս, եւ դու պիտի որոնուիս, բայց պիտի այլ եւս չ’գտնուիս յաւիտեան, ասում է Տէր Եհովան։