ԵԼԻՑ 14:1-31 ABA1910 - Bible AI

1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2Խօսիր Իսրայէլի որդիների հետ որ ետ դառնան եւ Փիաիրօթի առաջին Մագդողի եւ ծովի մէջտեղը բանակ տան Բէեղսեփոնի առաջին. Նորա դիմացը ծովի մօտ բանակ տուէք։

3Եւ Փարաւօնը Իսրայէլի որդիների համար պիտի ասէ. Թէ Երկրի մէջ մոլորուել են, անապատը նորանց պատել է։

4Եւ Փարաւօնի սիրտը կ’կարծրացնեմ, եւ նորանց ետեւիցը կ’ընկնէ. Եւ ես Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր զօրքերի վերայ կ’փառաւորուիմ, եւ Եգիպտացիք կ’գիտենան թէ ես եմ Եհովան։ Եւ նորանք այնպէս արին։

5Եւ Եգիպտոսի թագաւորին պատմուեցաւ, թէ ժողովուրդը փախաւ. Եւ Փարաւօնի եւ նորա ծառաների սիրտը ժողովրդի դէմ փոխուեցաւ, եւ ասեցին. Սա ի՞նչ արինք մենք, որ Իսրայէլին մեզ ծառայութիւն անելուց թող տուինք։

6Եւ իր կառքը պատրաստեց եւ իր ժողովուրդն իր հետը առաւ.

7Եւ վեր առաւ վեց հարիւր ընտիր կառքեր եւ Եգիպտոսի բոլոր կառքերը՝ եւ նորանց ամենի վերայ ոստիկաններ։

8Եւ Եհովան Եգիպտոսի Փարաւօն թագաւորի սիրտը կարծրացրեց, եւ նա Իսրայէլի որդիների ետեւիցն ընկաւ, եւ Իսրայէլի որդիքը բարձր ձեռքով դուրս եկան։

9Եւ Եգիպտացիք նորանց ետեւիցն ընկան. Եւ հասան նորանց ծովի մօտ բանակ տուած Փարաւօնի ամեն ձիերը, կառքերը՝ եւ նորա ձիաւորները եւ զօրքերը՝ Փիաիրօթի մօտ Բէեղսեփոնի առաջին։

10Եւ Փարաւօնը մօտեցաւ, եւ Իսրայէլի որդիքն իրանց աչքերը բարձրացրին, եւ ահա Եգիպտացիք գալիս էին իրանց ետեւիցը, եւ շատ վախեցին. Եւ Իսրայէլի որդիքն աղաղակեցին Եհովային.

11Եւ ասեցին Մովսէսին. Միթէ Եգիպտոսումը գերեզմաններ չ’կային, որ մեզ բերիր անապատի մէջ մեռնելու. Սա ի՞նչ է որ մեզ արիր, որ մեզ Եգիպտոսիցը հանեցիր։

12Սա այն խօսքը չէ՞ որ քեզ ասում էինք Եգիպտոսումը. Թէ Թող տուր մեզ՝ որ Եգիպտացիներին ծառայութիւն անենք. Որովհետեւ աւելի լաւ է մեզ համար Եգիպտացիներին ծառայութիւն անել, քան թէ անապատումը մեռնել։

13Եւ Մովսէսն ասեց ժողովրդին. Մի վախիք, կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը՝ որ այսօր կ’անէ ձեզ համար. Որովհետեւ ձեր այսօրուայ տեսած Եգիպտացիներին այլ եւս պիտի չ’տեսնէք յաւիտեան։

14Եհովան ձեզ համար պիտի պատերազմէ, եւ դուք լուռ կացէք։

15Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ինչո՞ւ ես ինձ աղաղակում. Ասիր Իսրայէլի որդիներին, որ չուեն.

16Եւ դու գաւազանդ բարձրացրու, եւ ձեռքդ մեկնիր ծովի վերայ եւ ճեղքիր նորան. Եւ Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնան։

17Եւ ես ահա Եգիպտացիների սիրտը պիտի կարծրացնեմ, եւ նորանց ետեւիցը պիտի գնան. Եւ ես Փարաւօնի եւ նորա բոլոր զօրքերի վերայ՝ նորա կառքերի եւ նորա ձիաւորների վերայ պիտի փառաւորուիմ։

18Եւ Եգիպտացիք կ’իմանան, թէ ես եմ Եհովան, երբոր ես Փարաւօնի եւ նորա կառքերի եւ նորա ձիաւորների վերայ փառաւորուիմ։

19Եւ Աստուծոյ հրեշտակը՝ որ Իսրայէլի բանակի առաջին գնում էր, ելաւ եւ նորանց ետեւիցը գնաց. Եւ ամպի սիւնը ելաւ նորանց առջեւիցը եւ կանգնեց նորանց ետքին,

20Եւ Եգիպտացիների բանակի եւ Իսրայէլի բանակի մէջտեղը եկաւ, ու ամպ ու խաւար եղաւ, բայց գիշերը լոյս էր տալիս, եւ բոլոր գիշերը միմեանց չ’մօտեցան։

21Եւ Մովսէսը մեկնեց իր ձեռքը ծովի վերան. Եւ Եհովան սաստիկ արեւելեան հովով քշեց ծովը բոլոր գիշերը եւ ծովը ցամաքացրեց, եւ ջրերը ճեղքուեցան։

22Եւ Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնացին. Եւ ջրերը նորանց աջ կողմից եւ ձախ կողմից պարիսպ եղան։

23Եւ Եգիպտացիք նորանց ետեւիցն ընկան. Եւ Փարաւօնի բոլոր ձիերը՝ կառքերը եւ ձիաւորները նորանց ետեւիցը ծովի մէջտեղը գնացին։

24Եւ եղաւ առաւօտեան պահին, որ Եհովան Եգիպտացիների բանակին նայեց կրակի ու ամպի սիւնիցը, եւ Եգիպտացիների բանակը խռովութեան մէջ գցեց.

25Եւ նորանց կառքերի անիւները հանեց, որ դժուարութեամբ էին առաջ գնում. Այնպէս որ Եգիպտացիք ասում էին. Փախչենք Իսրայէլի երեսիցը, որովհետեւ Եհովան նորանց համար պատերազմում է Եգիպտացիների հետ։

26Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր ծովի վերայ, որ ջրերը ետ դառնան Եգիպտացիների վերայ՝ նորանց կառքերի եւ նորանց ձիաւորների վերայ։

27Եւ Մովսէսը մեկնեց ձեռքը ծովի վերայ, եւ առաւօտեան դէմ ծովն իր ընթացքին դարձաւ. Եւ Եգիպտացիք նորա դիմացիցը փախան. Եւ Եհովան թօթափեց Եգիպտացիներին ծովի մէջը։

28Եւ ջրերը դարձան եւ ծածկեցին Փարաւօնի կառքերը եւ ձիաւորները եւ բոլոր զօրքերը, որոնք նորանց ետեւիցը ծովի մէջ մտան. Եւ նորանցից մէկն էլ չ’մնաց։

29Բայց Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնում էին, եւ ջրերը նորանց աջ կողմից եւ ձախ կողմից պարիսպ էին նորանց համար։

30Եւ Եհովան այն օրը Եգիպտացիների ձեռքիցն ազատեց Իսրայէլին. Եւ Իսրայէլը մեռած տեսաւ Եգիպտացիներին ծովի եզերքումը։

31Եւ Իսրայէլը տեսաւ այն մեծ ձեռքը, որ Եհովան ցոյց տուաւ Եգիպտացիների վերայ. Եւ ժողովուրդը վախեց Եհովայիցը, եւ հաւատաց Եհովային եւ նորա ծառայ Մովսէսին։

ՀԱԸ
/div>