ԵԼԻՑ 19:1-25 ABA1910 - Bible AI

1Երրորդ ամսումը Իսրայէլի որդիների Եգիպտոսի երկրիցը դուրս գալուց յետոյ նոյն օրը Սինայի անապատն եկան։

2Այսինքն Ռափիդիմից չուեցին, եւ Սինայի անապատն եկան, եւ անապատումը բանակ տուին. Եւ Իսրայէլն այնտեղ սարի դիմացը բանակ տուաւ։

3Եւ Մովսէսը վեր գնաց Աստուծոյ մօտ. Եւ Եհովան կանչեց նորան սարիցն՝ ասելով. Այսպէս ասիր Յակոբի տանը եւ իմացրու Իսրայէլի որդիներին։

4Դուք տեսաք ինչ որ արի Եգիպտացիներին, եւ ձեզ արծիւի թեւերի վերայ տարի եւ ինձ մօտ բերի։

5Եւ հիմա եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք, այն ժամանակ դուք ինձ համար սեպհական ժողովուրդ կ’լինիք ամեն ազգերիցը, որովհետեւ իմն է բոլոր երկիրը։

6Եւ դուք ինձ համար քահանաների թագաւորութիւն եւ սուրբ ազգ կ’լինիք։ Սորանք են այն խօսքերը որ Իսրայէլի որդիներին պէտք է ասես։

7Եւ Մովսէսն եկաւ եւ ժողովրդի ծերերին կանչեց եւ նորանց առաջին դրաւ այս բոլոր խօսքերը, որոնք Եհովան պատուիրեց իրան։

8Եւ բոլոր ժողովուրդը միասին պատասխանեցին եւ ասեցին. Եհովայի բոլոր ասածները կ’անենք։ Եւ Մովսէսը ժողովրդի խօսքերը Եհովային դարձրեց։

9Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ահա ես քեզ մօտ կ’գամ թանձր ամպի մէջ, որ ժողովուրդը լսէ՝ ես քեզ հետ խօսելիս, եւ քեզ էլ հաւատայ յաւիտեան։ Եւ Մովսէսը ժողովրդի խօսքերը Եհովային պատմեց։

10Եւ Եհովան ասեց Մովսէսին. Գնա ժողովրդի մօտ եւ սրբիր նորանց այսօր եւ էգուց, եւ թող իրանց հանդերձները լուանան.

11Եւ երրորդ օրուայ համար պատրաստ լինին. Որովհետեւ երրորդ օրը Եհովան բոլոր ժողովրդի աչքի առաջին Սինայ սարի վերայ պիտի իջնէ։

12Եւ դու ժողովրդի շուրջը սահման դնես՝ ասելով. Զգուշացէք սարը վեր ելնելուց կամ նորա ծայրին դպչելուց. ով որ սարին դպչի անպատճառ պիտի մեռցնուի։

13Նորան ձեռք չ’դպչի. Դպչողը անպատճառ պիտի քարկոծուի, կամ նետով սպանուի. Թէ անասուն եւ թէ մարդ՝ պիտի չ’ապրէ. Փողի ձայնը հնչուելիս նորանք սարը ելնեն։

14Եւ Մովսէսը սարիցը դէպի ժողովուրդն իջաւ եւ սրբեց ժողովրդին. Եւ նորանք իրանց հանդերձները լուացին։

15Եւ նա ասեց ժողովրդին. Երրորդ օրուայ համար պատրաստ եղիք, կնոջ մի մօտենաք։

16Եւ եղաւ երրորդ օրը՝ առաւօտը ծագելիս որոտումներ եւ կայծակներ էին լինում, եւ մի թանձր ամպ կար սարի վերայ, եւ շատ սաստիկ փողի ձայն, եւ բանակի մէջ եղած բոլոր ժողովուրդը զարհուրեց։

17Եւ Մովսէսը դուրս հանեց ժողովրդին բանակիցը Աստուծոյ առաջը. Եւ նորանք սարի տակին կանգնեցին։

18Եւ Սինայ սարը բոլորովին ծխում էր, որովհետեւ Եհովան նորա վերայ իջաւ կրակով, եւ նորա ծուխը հնոցի ծուխի պէս էր դուրս գալիս, եւ բոլոր սարը սաստիկ դողում էր։

19Եւ փողի ձայնը գնալով շատ սաստկանում էր. Մովսէսը խօսում էր, եւ Աստուած ձայնով նորան պատասխան էր տալիս։

20Եւ Եհովան Սինայ սարի վերայ՝ սարի գլուխն իջաւ. Եւ Եհովան կանչեց Մովսէսին սարի գլուխը, եւ Մովսէսը վեր գնաց։

21Եւ Եհովան ասեց Մովսէսին. Իջիր՝ ժողովրդին պատուիրիր, մի գուցէ սահմանիցն անցնեն Եհովային տեսնելու համար եւ նորանցից շատերը կորչեն։

22Եւ Եհովային մօտեցող քահանաներն էլ սրբուին, որ մի գուցէ Եհովան նորանց վերայ յարձակուի։

23Եւ Մովսէսն ասեց Եհովային. Ժողովուրդը չէ կարող վեր գնալ Սինայ սարը. Որովհետեւ դու մեզ պատուիրեցիր՝ ասելով. Սահման դիր սարին, եւ սրբիր նորան։

24Եւ Եհովան ասեց նորան. Գնա՝ վայր իջիր. Եւ Ահարօնի հետ մէկտեղ ելիր. Բայց քահանաներն ու ժողովուրդը Եհովայի մօտ վեր գնալու համար սահմանիցը չ’անցնեն, որ մի գուցէ նորանց վերայ յարձակուի։

25Եւ Մովսէսը ժողովրդի մօտ իջաւ եւ խօսեց նորանց հետ։

ՀԱԸ
/div>