1Եթէ մէկն արջառ կամ ոչխար գողանայ՝ եւ մորթէ կամ ծախէ նորան, մէկ արջառի տեղ հինգ արջառ՝ եւ մէկ ոչխարի տեղ չորս ոչխար հատուցանէ։
2Եթէ գողը տուն ծակելիս գտնուի եւ զարկուի որ մեռնէ, նորա համար արիւն չ’կայ։
3Եթէ նորա վերայ արեւը ծագել էր, նորա արիւնը նորա վերայ. Բոլորը հատուցանէ, եթէ բան չ’ունի այն ժամանակ իր գողացած բանի համար ծախուի։
4Եթէ գողացածը իր ձեռքին ողջ գտնուի, թէ եզ լինի՝ թէ էշ եւ թէ ոչխար, կրկինը հատուցանէ։
5Եթէ մէկն արտ կամ այգի արածեցնէ, թող տալով իր անասունին ուրիշի արտումը արածելու, իր արտի ամենալաւիցը եւ իր այգու ամենալաւիցը հատուցանէ։
6Եթէ կրակ դուրս գայ եւ փշերին փակչէ եւ դիզուած որաները՝ կամ չ’հնձուած ցորենը՝ կամ արտը այրէ, կրակը գցողը այրածը հատուցանէ։
7Եթէ մէկն իր դրացուն փող կամ կարասիք պահ տայ, եւ այն մարդի տնիցը գողանուայ, եթէ գողը գտնուի, նա կրկինը հատուցանէ.
8Եթէ գողը չ’գտնուի, տան տէրը դատաւորների մօտ տարուի, թէ արդեօ՞ք նա իր ձեռքը իր դրացու ստացուածքին չէ դպցրել։
9Ամեն կերպ անիրաւութեան համար, թէ եզի՝ թէ էշի՝ թէ ոչխարի՝ թէ հանդերձի համար, ամեն կերպ կորած բանի համար՝ որ մէկն ասէ թէ իրանն է, երկուսի դատը դատաւորների առաջը տարուի. և դատաւորները որի վերայ վճռելու լինին, նա կրկինը հատուցանէ իր դրացուն։
10Եթէ մէկն իր դրացուն էշ կամ եզ կամ ոչխար կամ ինչեւիցէ անասուն պահ տայ, եւ նա մեռնէ՝ կամ վնասուի՝ կամ յափշտակուի եւ տեսնող չ’լինի,
11Այն ժամանակ երկուսի մէջտեղը Եհովայի երդումը լինի՝ իր դրացու ստացուածքին ձեռք չ’դպցնելու համար. Եւ նորա տէրը ընդունէ երդումը, եւ նա չ’հատուցանէ։
12Եւ եթէ իրաւ իր մօտիցը գողացուել է, ինքը նորա տիրոջը հատուցանէ։
13Եթէ գազանից գիշատուել է, թող վկայութիւն բերէ, և գիշատուածը չ’հատուցանէ։
14Եւ եթէ մէկն իր դրացուց անասուն փոխ առնէ, եւ նա վնասուելու կամ մեռնելու լինի նորա տէրը հետը չ’լինելով, ինքը անպատճառ հատուցանէ։
15Բայց եթէ նորա տէրը հետն էր, չ’հատուցանէ, եթէ վարձքով առնուած էր, վարձքի տեղն անցնէ։
16Եթէ մէկը չ’նշանուած աղջիկ խաբէ եւ նորա հետ պառկէ, անպատճառ նորա օժիտը տայ և նորան իր համար կին առնէ։
17Եթէ նորա հայրը բնաւ չ’ուզէ նորան տալ, կոյսերի օժիտի չափ փող պիտի վճարէ։
18Կախարդը չ’թողես ապրէ։
19Ամեն ով որ անասունի հետ պառկէ, անպատճառ մեռցնուի։
20Բացի միայն Եհովայից ուրիշ աստուածների զոհ անողը պիտի կորչի։
21Եւ օտարականին մի չարչարիր, եւ նորան մի նեղիր, որովհետեւ դուք էլ Եգիպտոսի երկրումն օտարական էիք։
22Ոչ մի որբեւայրի եւ որբ բնաւ մի չարչարէք։
23Եթէ նորան չարչարես, նա ինձ բողոքէ, անպատճառ պիտի լսեմ նորա աղաղակը.
24Եւ իմ բարկութիւնը կ’բորբոքուի եւ ձեզ սրով կ’մեռցնեմ. Եւ ձեր կանայքը որբեւայրի՝ եւ ձեր որդիները որբ կ’լինին։
25Եթէ իմ ժողովրդիցը քեզ մօտ եղած մէկ աղքատի փող փոխ տաս, վաշխառուի պէս մի լինիր նորա համար, եւ նորա վերայ վաշխ մի դնիր։
26Եթէ քո դրացու հանդերձը գրաւ առնես, մինչեւ արեւը մար մտնելն իրան ետ դարձրու։
27Որովհետեւ այն է միայն նորա ծածկոցը, իր մարմնի հանդերձն է այն. Ինչո՞վ պիտի պառկէ. Եւ կ’լինի որ երբոր ինձ աղաղակէ, կ’լսեմ, որովհետեւ ես ողորմած եմ.
28Դատաւորներին մի հայհոյիր, եւ քո ժողովրդի իշխանին մի անիծիր։
29Քո արմտիքների եւ հեղանիւթների երախայրիները մի ուշացնիր. Քո որդիների անդրանիկներն ինձ պիտի տաս։
30Քո եզին ու ոչխարին էլ այսպէս անես. եօթը օր մօրը հետ լինի, եւ ութերորդ օրը՝ նորան ինձ տաս։
31Եւ դուք սուրբ մարդիկ պիտի լինիք ինձ համար. Եւ դաշտումը գիշատուածի միսը պիտի չ’ուտէք. Շներին պիտի գցէք նորան։