1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի մօտ գնա, եւ խօսիր նորա հետ, թէ Եբրայեցիների Եհովայ Աստուածը այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն.
2Որովհետեւ եթէ չ’ուզես արձակել, եւ տակաւին պինդ բռնես նորանց,
3Ահա Եհովայի ձեռքը կ’գայ քո դաշտումը եղած հօտերի վերայ, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների եւ ոչխարների վերայ, շատ սաստիկ կոտորած կ’լինի։
4Եւ Եհովան Իսրայէլի հօտերի եւ Եգիպտոսի հօտերի մէջտեղը կ’որոշէ, եւ Իսրայէլի որդիների մէկ անասունը չի մեռնիլ։
5Եւ Եհովան ժամանակ որոշեց ասելով. Էգուց կ’անէ Եհովան այս բանը երկրի վերայ։
6Եւ հետեւեալ օրը Եհովան այս բանը արաւ, այսինքն Եգիպտացիների բոլոր հօտերը մեռան, բայց Իսրայէլի որդիների հօտերիցը մէկ հատ չ’մեռաւ։
7Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ ահա Իսրայէլի հօտերիցը մէկն էլ չէր մեռել. Եւ Փարաւօնի սիրտը խստացաւ, եւ ժողովրդին չ’արձակեց։
8Եւ Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին. Ձեր ձեռքերը լիքը հնոցի մոխիր առէք, եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տայ Փարաւօնի առաջին։
9Եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ փոշի կ’լինի, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մարդկանց եւ անասունների վերայ խաղաւարտներ հանող ուռեցքներ կ’լինին։
10Եւ հնոցի մոխիրն առին եւ Փարաւօնի առաջին կանգնեցին. Եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տուաւ. Եւ մարդկանց եւ անասունների վերայ խաղաւարտներ հանող ուռեցքներ եղան։
11Եւ մոգերը չ’կարողացան կանգնել Մովսէսի առաջին ուռեցքների պատճառով, որովհետեւ ուռեցքները մոգերի վերայ էլ եւ բոլոր Եգիպտացիների վերայ էլ եղաւ։
12Եւ Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նորանց չ’լսեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին ասել էր։
13Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առաւօտանց կանուխ վեր կաց, եւ Փարաւօնի առաջին կանգնիր, եւ նորան ասիր. Այսպէս է ասում Եբրայեցիների Եհովայ Աստուածը. Արձակիր իմ ժողովրդին որ ինձ պաշտեն.
14Որովհետեւ այս անգամ իմ բոլոր հարուածները պիտի ուղարկեմ քո սրտի վերայ եւ քո ծառաների եւ քո ժողովրդի վերայ, որպէս զի գիտենաս թէ բոլոր երկրի մէջ ինձ նմանը չ’կայ։
15Որովհետեւ հիմա իմ ձեռքը կ’մեկնեմ եւ կ’զարկեմ քեզ եւ քո ժողովրդին ժանտախտով, եւ կ’կորչես երկրիցը։
16Եւ հէնց սորա համար քեզ վեր կացրի, որ իմ զօրութիւնը քեզանով ցոյց տամ, եւ բոլոր երկրի մէջ իմ անունը պատմուի։
17Դու տակաւին իմ ժողովրդի դէմ ես կենում որ չ’արձակե՞ս նորանց։
18Ահա ես էգուց այս ժամանակ շատ սաստիկ կարկուտ կ’տեղամ, որի պէս Եգիպտոսումն եղած չէ՝ նորա հաստատուած օրիցը մինչեւ հիմա։
19Եւ հիմա մարդ ուղարկիր, և ժողովիր հօտերդ, եւ ինչ որ ունիս դաշտումը. Որովհետեւ ամեն մարդ եւ անասուն որ դաշտումը գտնուի՝ եւ տների մէջ չ’ժողովուին, նորանց վերայ կարկուտ է իջնելու, եւ պիտի մեռնին։
20Եւ Փարաւօնի ծառաներիցը ով որ Եհովայի խօսքիցը վախում էր, իր ծառաներին եւ հօտերին տների մէջ ժողովեց.
21Եւ ով որ Եհովայի խօսքին ուշադրութիւն չ’արաւ, իր ծառաները եւ իր հօտերը թողեց դաշտումը։
22Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ դէպի երկինքը մեկնիր, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ մարդկանց եւ անասունների վերայ եւ Եգիպտոսի երկրումը եղած արտերի բոլոր խոտի վերայ կարկուտ պիտի գայ։
23Եւ Մովսէսն իր գաւազանը դէպի երկինքը մեկնեց եւ Եհովան որոտում եւ կարկուտ ուղարկեց, եւ երկրի վերայ կրակ էր վազում. Եւ Եհովան Եգիպտոսի երկրի վերայ կարկուտ տեղաց։
24Եւ կարկուտ եղաւ, եւ կարկտի հետ միասին խառնուած կրակ եկաւ. Շատ սաստիկ էր, այնպէս որ Եգիպտոսի բոլոր երկրումը նորա նմանը եղած չէր, քանի որ նա ազգ էր եղել։
25Եւ կարկուտը զարկեց Եգիպտոսի բոլոր երկրի մէջ դաշտումը եղածի ամենը՝ մարդից մինչեւ անասուն. Եւ դաշտի բոլոր խոտը զարկեց կարկուտը եւ դաշտի բոլոր ծառերը կոտրատեց։
26Միայն Գեսէմի երկրի մէջ, ուր որ Իսրայէլի որդիքն էին, կարկուտ չ’եղաւ։
27Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց նորանց. Այս անգամ մեղանչեցի. Եհովան արդար է, իսկ ես եւ իմ ժողովուրդը յանցաւոր ենք։
28Աղաչեցէք Եհովային որ Աստուծոյ որոտումները եւ կարկուտը բաւական է. Եւ ձեզ կ’արձակեմ, եւ այլ եւս չէք մնալ։
29Եւ Մովսէսն ասեց նորան. Հէնց որ քաղաքիցը դուրս գամ՝ ձեռքերս դէպի Եհովային կ’տարածեմ, և որոտումները կ’դադարեն, եւ այլ եւս կարկուտ չի լինիլ, որ գիտենաս թէ երկիրը Եհովայինն է։
30Բայց ես գիտեմ, որ դու եւ քո ծառաները տակաւին Եհովայ Աստուածանից չէք վախում։
31Եւ կտաւատն ու գարին ջարդուեցան. Որովհետեւ գարին հասած էր, եւ կտաւատը սերմ բռնած։
32Բայց ցորենը եւ հաճարը չ’ջարդուեցան. Որովհետեւ նորանք ուշ են բուսնում։
33Եւ Մովսէսը Փարաւօնի մօտիցը քաղաքից դուրս ելաւ, եւ ձեռքերը դէպի Եհովային տարածեց, եւ որոտումներն ու կարկուտը դադարեց, եւ երկրի վերայ անձրեւ չ’կաթեց։
34Եւ Փարաւօնը երբոր անձրեւի եւ կարկտի եւ որոտումի դադարելը տեսաւ, դարձեալ մեղանչեց, եւ սիրտը խստացրեց՝ ինքը եւ իր ծառաները։
35Եւ այսպէս Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ Իսրայէլի որդիներին չ’արձակեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին ասել էր։