ԵՍԱՅԻԱ 1:1-31 ABA1910 - Bible AI

1Ամովսի որդի Եսայիայի տեսիլքը որ տեսաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ Յուդայի թագաւորների՝ Ոզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերումը։

2Լսեցէք, ով երկինք, եւ ականջ դիր, ով երկիր. Որովհետեւ Եհովան է խօսում. Ես զաւակներ մեծացրի եւ բարձրացրի, բայց նորանք ապստամբուեցին ինձ դէմ։

3Եզը ճանաչում է իր տիրոջը, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլը չէ ճանաչում, իմ ժողովուրդը չէ իմանում։

4Վա՜յ մեղաւոր ազգին. Անօրէնութիւնով ծանրացած ժողովուրդ, չարագործների սերունդ, ապականիչ զաւակներ. Թող տուին Տիրոջը, անարգեցին Իսրայէլի Սուրբին, ետ քաշուեցին։

5Ձեր էլ ո՞ր տեղին կարելի է զարկել. Որ ապստամբութիւնը աւելացնում էք. Բոլոր գլուխը հիւանդ է, եւ բոլոր սիրտը նուաղել է։

6Ոտքի թաթից մինչեւ գլուխը ողջ տեղ չ’կայ նորա վերայ. Հարուածներ եւ վէրքեր եւ շարաւալի խոցեր, չեն մաքրվում եւ չեն կապվում եւ իւղով չեն կակղացնվում։

7Ձեր երկիրը աւերուած, ձեր քաղաքները կրակով այրուած են. Ձեր արտերը ձեր առաջին օտարներն են ուտում. Եւ խոպանացած են օտարների տակնուվերայ արածի պէս։

8Եւ Սիօնի աղջիկը մնացել է այգիի միջի մի խրճիթի պէս, եւ ինչպէս մի հիւղ վարունգի արտում, մի պաշարուած քաղաքի նման։

9Եթէ որ Զօրաց Տէրը մեզ համար մի քիչ մնացորդ չ’թողէր, Սոդոմի պէս կ’լինէինք, Գոմորին կ’նմանէինք։

10Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Սոդոմի իշխաններ, ականջ դրէք մեր Աստուծոյ օրէնքին, ով Գոմորի ժողովուրդ։

11Ի՞նչ պէտք է ինձ ձեր զոհերի շատութիւնը, ասում է Տէրը. Ես կշտացել եմ խոյերի ողջակէզներիցը, եւ պարարտների ճարպիցը. Եւ զուարակների ու ոչխարների ու նոխազների արիւնը չեմ ախորժում։

12Երբոր գալիս էք, իմ երեսը տեսնելու. Դա ո՞վ է պահանջում ձեր ձեռքից՝ կոխատել իր սրահները։

13Այլ եւս ունայն ընծաներ մի բերէք, ձեր խունկը ինձ համար պիղծ է. Ամսագլուխներին եւ շաբաթներին ու ժողովներ գումարուելուն չեմ տանիլ. Անօրէնութիւն եւ տօնախմբութի՜ւն։

14Ձեր ամսագլուխներից եւ տօներից զզուել է հոգիս, նորանք ինձ վերայ բեռ են. յոգնել եմ տանելուց։

15Եւ դուք ձեր ձեռքերը տարածելիս՝ ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաեւ երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արիւնով։

16Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, դադարեցէք չարութիւն գործելուց։

17Սովորեցէք բարութիւն անել, որոնեցէք իրաւունք, ուղղութիւն ցուցէք զրկուածին, որբի դատը տեսէք, որբեւայրիի դատը պաշտպանեցէք։

18Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. Եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան։

19Եթէ յօժարէք եւ լսէք, երկրի բարիքը կ’ուտէք։

20Բայց եթէ մերժէք եւ ապստամբուէք, սուրը պիտի ձեզ ուտէ. Որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց։

21Ի՜նչպէս պոռնկացաւ հաւատարիմ քաղաքը. Նա լիքն էր իրաւունքով, արդարութիւն էր օթեւանում նորանում. Բայց հի՞մա, մարդասպաններ։

22Արծաթդ կղկղանք է դարձել. Գինիդ ջրով խառնուած է։

23Իշխաններդ ապստամբներ եւ գողերի ընկերներ են, ամենքն էլ կաշառ են սիրում եւ վարձի ետեւից են ընկել. որբի դատը չեն նայում, եւ որբեւայրիի դատը չի գալիս նորանց առաջը։

24Նորա համար Զօրաց Եհովայ Տէր՝ Իսրայէլի հզօրի խօսքը սա է. Ահա՜ ես ինձ կ’հանգստացնեմ իմ նեղիչներիցը, եւ վրէժս կ’առնեմ իմ թշնամիներիցը։

25Եւ ես կ’դարձնեմ իմ ձեռքը դէպի քեզ, եւ կ’մաքրեմ քո կղկղանքը ինչպէս թէ բորակով, եւ կ’հեռացնեմ քո բոլոր անագը։

26Եւ ետ կ’բերեմ քո դատաւորներին՝ ինչպէս որ առաջ էր, եւ քո խորհրդականներին՝ ինչպէս որ սկզբումը։ Այնուհետեւ քեզ կ’ասեն՝ Արդարութեան քաղաք, հաւատարիմ աւան։

27Սիօնը իրաւունքով պիտի փրկուի եւ նորա ետ դարձողները՝ արդարութիւնով։

28Բայց անօրէնների ու մեղաւորների կործանումը միասին կ’լինի, եւ որոնք որ թողում են Տիրոջը, պիտի փչանան։

29Որովհետեւ նորանք պիտի ամաչեն ձեր ախորժած բեւեկնիներից, եւ պիտի ամօթով մնաք այն պարտէզներից որ հաւանել էք։

30Որովհետեւ դուք պիտի լինէք տերեւները թառամած բեւեկնիի պէս, եւ միջումը ջուր չ’եղող պարտէզի պէս։

31Եւ զօրաւորը կ’լինի որպէս խծուծ, եւ նորա գործքը՝ կայծ. Եւ երկուսը կ’այրուին մէկտեղ եւ հանգցնող չի լինիլ։