ԵՍԱՅԻԱ 10:1-34 ABA1910 - Bible AI

1Վա՜յ անօրէն կանոններ դնողներին, եւ այն դպիրներին, որ անիրաւութիւն են գրում.

2Աղքատների դատաստանը ծռելու համար, եւ իմ ժողովրդի տնանկների իրաւունքը յափշտակելու, որբեւայրիները նորանց աւարը լինելու համար եւ որ որբերին կողոպտեն։

3Եւ ի՞նչ էք անելու այցելութեան օրը, եւ այն կործանման ժամանակին՝ որ գալիս է հեռուանց, դէպի ո՞ւմ էք վազելու օգնութեան համար, եւ ո՞ւր էք ձգելու ձեր փառքը։

4Եթէ ոչ՝ գերիների մէջ ծռուին, եւ սպանուածների մէջ ընկնեն։ Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։

5Վա՜յ Ասորեստանին՝ իմ բարկութեան գաւազանին, որի ձեռքի ցուպը իմ ցասումն է։

6Մի կեղծաւոր ազգի դէմ եմ ուղարկելու նորան, եւ իմ բարկացած ժողովրդի վերայ նշանակելու եմ նորան, աւար աւարելու եւ կողոպուտ կողոպտելու համար, եւ որ նորան ոտնահար անէ ինչպէս փողոցների ցեխը։

7Բայց նա այնպէս չէ մտածում, եւ նորա սիրտը այնպէս չէ խորհում, այլ նորա սրտինը փչացնել է, եւ շատ ազգեր բնաջինջ անել է։

8Որովհետեւ նա ասում է. Մի՞թէ իմ իշխաններն ամենքն էլ թագաւորներ չեն։

9Մի՞թէ Քարքամիսի պէս չէ Քաղանէն, կամ թէ Արփադի պէս չէ՞ Եմաթը, կամ թէ Դամասկոսի պէս՝ Սամարիա՞ն։

10Ինչպէս որ իմ ձեռքը հասաւ կուռքերի թագաւորութիւններին, եւ նորանց քանդակածոյները շատ էին Երուսաղէմինիցն ու Սամարիայինիցը։

11Մի՞թէ ինչպէս որ արել եմ Սամարիային եւ նորա կուռքերին, նոյնպէս չե՞մ անելու նաեւ Երուսաղէմին եւ նորա կուռքերին։

12Եւ կ’լինի որ երբ Տէրը կ’կատարէ իր բոլոր գործքը Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմումը, կ’քննեմ Ասորեստանի թագաւորի հպարտ սրտի պտուղը եւ նորա ամբարտաւան աչքերի փառքը։

13Որովհետեւ նա ասում է, Իմ ձեռքի ուժովն արի եւ իմ իմաստութեամբը, որովհետեւ ես խելօք եմ, եւ ազգերի սահմանները վերցրի, եւ նորանց պաշարները յափշտակեցի, եւ նուաճեցի զօրաւորի պէս նորանց գահակալներին։

14Եւ իմ ձեռքը հասաւ ազգերի ստացուածքին ինչպէս մի բոյնի, եւ թողուած ձգուած ձուեր հաւաքելու պէս ես հաւաքեցի բոլոր երկիրը. Եւ չ’կար մի թեւ շարժող, կամ բերան բացող եւ ճիչ հանող։

15Մի՞թէ կացինը կ’պարծենայ իրանով կտրողի դէմ, կամ սղոցը կ’գոռոզանա՞յ իրանով քաշողի դէմ. Իբր թէ գաւազանը շարժէր իրան վեր առնողին, իբր թէ ցո՜ւպը բարձրացնում լինէր՝ փայտ չ’լինելով։

16Նորա համար Տէրը՝ Զօրաց Տէրը նորա պարարտների դէմ նիհարութիւն պիտի ուղարկէ, եւ նորա փառքի տակին պիտի հրդեհուի հրդեհը՝ ինչպէս բոցավառ հրդեհութիւն։

17Եւ Իսրայէլի Լոյսը հուր պիտի դառնայ եւ նորա Սուրբը՝ բոց, եւ այրէ ու սպառէ նորա փուշն ու ցախը մէկ օրում։

18Եւ նորա անտառի եւ նորա բարեբեր ագարակի փառքը պիտի փչացնէ՝ հոգին էլ մարմինն էլ. Եւ նա հաշող մաշողի պէս կ’լինի։

19Եւ նորա անտառի ծառերի մնացորդը սակաւաթիւ կ’լինի, եւ մի երեխայ կարող էր նորանց գրել։

20Եւ այն օրը կ’լինի, որ Իսրայէլի մնացորդը եւ Յակոբի տան ազատուածները այլ եւս պիտի չ’ապաւինեն իրանց զարկողին, այլ պիտի ապաւինեն Եհովայ՝ Իսրայէլի Սուրբին՝ ճշմարտութեամբ։

21Մնացորդը պիտի դառնայ, Յակոբի մնացորդը՝ դէպի Հզօր Աստուածն պիտի դառնայ։

22Որովհետեւ եթէ քո ժողովուրդը, ով Իսրայէլ, ծովի աւազին չափ լինի, նորանցից մէկ մնացորդ է ետ դառնալու. աւերումը որոշուած է, յորդում է արդարութիւն։

23Որովհետեւ աւերումը եւ որոշումը անում է Տէրը՝ Զօրաց Տէրը բոլոր երկրի մէջ։

24նորա համար Զօրաց Եհովայ Տէրը այսպէս է ասում. Ով իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիօնումը, Ասորեստանից մի վախենար. Նա քեզ զարկում է գաւազանով, եւ իր մահակը բարձրացնում է քեզ վերայ Եգիպտոսին պէս։

25Որովհետեւ շատ փոքրիկ ժամանակ էլ կայ, որ յետոյ ցասումը կ’վերջանայ, եւ իմ բարկութիւնը կ’լինի նորանց փչացնելու համար։

26Եւ Զօրաց Տէրը կ’բարձրացնէ նորա վերայ խարազանը՝ Օրէբ վէմի մօտ Մադիամի հարուածին նման. Եւ իր գաւազանը ծովի վերայ է, եւ նա կ’բարձրացնէ նորան ինչպէս որ Եգիպտոսի վերայ։

27Եւ այն օրը կ’լինի որ նորա բեռը վեր կ’առնուի քո ուսիցը, եւ նորա լուծը՝ քո պարանոցի վերայից, եւ լուծը պիտի կոտրուի ճարպի պատճառովը։

28Գալիս է Անգէն, անցնում է Մագրոնը, Մաքմասումը տեղաւորում է իր կահ կարասիքը.

29Անցնում են անցքովը, Գաբայումն օթեւանում, Ռաման սարսափում է, Սաւուղի Գաբաան փախչում.

30Ձայնովդ բղաւիր, ով Գաղղիմի աղջիկ, ականջ դիր, Լայիս. Խե՜ղճ Անաթովթ.

31Տարագրուեցաւ Մադմենան, Գեբիմի բնակիչները շտապում են պրծնելու.

32Այսօր էլ Նոբումը պիտի կենայ եւ ձեռքը շարժէ Սիօնի աղջկան սարի վերայ՝ Երուսաղէմի բլուրի վերայ։

33Ահա Զօրաց Եհովայ Տէրը կտորելու է ճիւղերը ահաւոր զօրութեամբ, եւ հասակով բարձրերը պիտի կրճատուին, եւ բարձրացածները պիտի ցածանան.

34Եւ նա պիտի կտրէ անտառի ծմակները կացինով, եւ Լիբանանը վայր պիտի ընկնի Հզօրի միջոցովը։

>