ԵՍԱՅԻԱ 11:1-16 ABA1910 - Bible AI

1Եւ Յեսսէի բունիցը մի շառաւիղ է դուրս գալու, եւ մի ընձիւղ է բուսնելու նորա արմատներիցը.

2Եւ նորա վերայ կ’հանգչէ Տիրոջ հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զօրութեան հոգին, գիտութեան եւ Տիրոջ երկիւղի հոգին։

3Եւ նորա ախորժանքը Տիրոջ երկիւղն է, եւ նա իր աչքի տեսածին պէս չի դատիլ, եւ ոչ իր ականջների լսածին պէս կ’յանդիմանէ։

4Այլ արդարութեամբ կ’դատէ աղքատներին, եւ ուղղութեամբ կ’յանդիմանէ երկրի խոնարհների մասին. Եւ երկրին կ’զարկէ իր բերանի գաւազանովը, եւ իր շրթունքների հոգովը կ’մեռցնէ ամբարշտին։

5Եւ արդարութիւնը նորա մէջքի գօտին կ’լինի, եւ ճշմարտութիւնը՝ նորա երանքի գօտին։

6Եւ գայլը կ’բնակուէ գառի հետ, եւ ինձը ուլի հետ կ’պառկէ. Եւ որթն ու առիւծը եւ պարարտ զուարակը մէկտեղ կ’լինին, եւ մի փոքր երեխայ կ’քշէ նորանց։

7Եւ կովն ու արջը կ’արածեն, մէկտեղ կ’պառկեն նորանց ձագերը, եւ առիւծը արջառի պէս յարդ կ’ուտէ։

8Եւ կաթնակեր տղան իժի ծակի վերայ կ’խաղայ, եւ կաթից կտրուածը ձեռքը քարբի բոյնի վերայ կ’դնէ։

9Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. Որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը։

10Եւ այն օրը կ’լինի, որ Յեսսէի արմատը ազգերի համար դրօշակ կ’կանգնէ, եւ ազգերը նորան կ’խնդրեն. Եւ նորա հանգիստը փառք կ’լինի։

11Եւ այն օրը կ’լինի, որ Տէրը կրկին անգամ իր ձեռքը կ’մեկնէ, որ իր ժողովրդի մնացորդը առնէ, որ մնացել է, Ասորեստանիցը, Եգիպտոսիցը, Պաթուրեսիցը, Եթովպիայիցը, Եղամիցը, Սենաարիցը, Եմաթիցը եւ ծովի կղզիներիցը։

12Եւ նա դրօշակ կ’բարձրացնէ ազգերի համար, եւ կ’ժողովէ Իսրայէլի տարագրեալներին, եւ Յուդայի ցրուեալներին կ’հաւաքէ երկրի չորս անկիւններիցը։

13Եւ կ’վերանայ Եփրեմի նախանձը, եւ Յուդայի նեղիչները բնաջինջ կ’լինին, Եփրեմը Յուդային չի նախանձիլ, եւ Յուդան Եփրեմին չի նեղիլ։

14Այլ նորանք Փղշտացիների ուսի վերայ դէպի ծովը կ’թռչեն, միասին կ’կողոպտեն արեւելցիներին, Եդովմի ու Մովաբի վերայ կ’երկարացնեն իրանց ձեռքը, եւ Ամմօնի որդիքը պէտք է հնազանդին նորանց։

15Եւ Տէրը պիտի կործանէ Եգիպտոսի ծովի լեզուն եւ իր ձեռքը պիտի շարժէ Գետի վերայ քամիի սաստկութեամբը եւ նորան պիտի զարկէ եօթը առուների բաժանէ, եւ կօշիկով գնալ պիտի տայ։

16Եւ մի պողոտայ պիտի լինի իր ժողովրդի մնացորդի համար, որ կ’մնայ Ասորեստանից, ինչպէս որ եղաւ Իսրայէլին Եգիպտոսից դուրս գալիս օրը։

>