ԵՍԱՅԻԱ 25:1-12 ABA1910 - Bible AI

1Եհովայ, դու իմ Աստուածն ես. Ես քեզ բարձրացնում եմ, գովում եմ քո անունը. որովհետեւ դու սքանչելիք արիր, վաղեմի խորհուրդներ, հաւատարմութիւն եւ ճշմարտութիւն։

2Որովհետեւ քաղաքիցը հողակոյտ շինեցիր, պարսպաւոր քաղաքը՝ փլատակ. Քաղաքը՝ օտարների պալատ, յաւիտեան չէ շինուելու։

3Նորա համար քեզ պիտի պատուէ զօրաւոր ժողովուրդը, ահարկու ազգերի քաղաքը պիտի վախենայ քեզանից։

4Որ դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ չքաւորին նորա նեղութեան մէջ, ապաւէն՝ փոթորիկից, հովանի՝ տաքութիւնից. Որովհետեւ զօրաւորների կատաղութիւնը պատ քանդող փոթորիկի նման է։

5Օտարների աղմուկը տաքութեան պէս է չոր տեղում, որ դու խոնարհեցրիր. Տաքութիւնը ամպի հովանիով անցնելու պէս բռնաւորների երգը պիտի իջնէ։

6Եւ Զօրաց Տէրը բոլոր ազգերի համար այս սարի վերայ խնջոյք է անելու պարարտ բաներով հին գինիներով, ծուծով լիքը պարարտ բաներով, հին եւ մաքրուած գինիներով։

7Եւ բնաջինջ է անելու այս սարի վերայ երեսի ծածկոցը, որ ծածկում է բոլոր ժողովուրդներին, եւ այն վարագոյրը որ վարագուրուած է բոլոր ազգերի վերայ։

8Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը պիտի հեռացնէ բոլոր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում։

9Եւ այն օրն ասելու են, ահա մեր Աստուածը, որին մենք յուսացել ենք, եւ նա մեզ փրկեց. Եհովան է սա, որին յուսացել ենք, ուրախանալու եւ ցնծալու ենք նորա փրկութիւնովը։

10Որովհետեւ Տիրոջ ձեռքը հանգչելու է այս սարի վերայ. Եւ Մովաբը ջարդուելու է նորա տակին, ինչպէս որ խոզանը կոխ է տրվում աղբահարումը։

11Եւ նա տարածելու է իր ձեռքերը նորա մէջ, ինչպէս որ տարածում է լողացողը լողանալիս, բայց նա պիտի ցածացնէ նորա հպարտութիւնը նորա ձեռքերի հնարքների հետ։

12Եւ քո պարիսպների բարձր ամրութիւնը նա պիտի խոնարհեցնէ, ցածացնէ, մինչեւ փոշին գետնովը տայ։

>