1Ահա մի թագաւոր արդարութեամբ է թագաւորելու, եւ իշխանները իրաւունքով են իշխելու։
2Եւ ամեն մէկը քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս, չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս պիտի լինի ծարաւուտ երկրում։
3Եւ տեսնողների աչքերը պիտի չ’շլանան, եւ լսողների ականջները ուշադիր են լինելու։
4Եւ վռազողների սիրտը կ’հասկանայ գիտենալ, եւ թոթովախօսների լեզուն կ’շտապէ պայծառ խօսել։
5Այլ եւս չեն կոչիլ տխմարին ազնուաբարոյ, եւ նենգամիտին չեն ասիլ՝ Վսեմաշուք։
6Որովհետեւ տխմարը տխմարութիւն կ’խօսի, եւ նորա սիրտը անօրէնութիւն կ’գործէ. Որ կեղծաւորութիւն անէ եւ Տիրոջ մասին ծռութիւններ խօսի, որ սովածի հոգին զրկէ հացից, եւ ծարաւի խմելիքը պակասեցնէ։
7Եւ նենգամիտի հնարքները չար են, նա նենգութիւններ է մտածում, որ աղքատներին կորցնէ սուտ խօսքերով, թէեւ տնանկը իրաւունքով էլ խօսի։
8Իսկ ազնուաբարոյ մարդը ազնիւ բաներ է խորհում. Եւ ազնիւ բաների վերայ կ’կանգնէ։
9Ով վստահալից կանայք, վեր կացէք, ձայնս լսեցէք. Ով ապահով աղջկերք, իմ խօսքին ականջ դրէք։
10Օրեր կան տարուայ համար, որ՝՝ պիտի դողաք, ով ապահովներ. Որ այգեկութը փչացել է, եւ հունձքի ժամանակ չէ գալու։
11Ով վստահալիցներ, դողացէք, սարսեցէք, ով ապահովներ, հանուեցէք ու մերկացէք, մէջքերնիդ քուրձ կապեցէք։
12Սգալով խփում են կուրծքերին ցանկալի արտերի, պտղաբեր որթի համար։
13Իմ ժողովրդի երկրի վերայ փուշ՝ ցախ պիտի բուսնէ. Նոյն իսկ ամեն ուրախութեան տան վերայ զուարճալի քաղաքումը։
14Որովհետեւ պալատը թողուած է, քաղաքի աղմուկը՝ ձգուած, Օփէլ ու աշտարակը յաւիտեան քարայրների տեղ պիտի լինեն ցիռերի զուարճութեան՝ խաշինքների արօտ լինելու համար։
15Մինչեւ որ մեզ վերայ հոգի թափուի վերեւից, եւ անապատը պտղաբեր արտ դառնայ, եւ պտղաբեր արտը անտառ համարուի։
16Եւ անապատումը կ’բնակուէ իրաւունքը, եւ արդարութիւնը պտղաբեր արտումը կ’նստի։
17Եւ արդարութեան գործը կ’լինի խաղաղութիւն, եւ արդարութեան արդիւնքը հանգիստ ու ապահովութիւն յաւիտեան։
18Եւ իմ ժողովուրդը կ’բնակուէ խաղաղաւէտ բնակարանում, եւ ապահով վրաններում եւ անդորր հանգչարաններում։
19Բայց կարկուտ է իջնելու անտառի վերայ, եւ խիստ ցած ցածանալու է քաղաքը։
20Երանի՜ ձեզ որ ցանում էք ամեն ջրերի մօտ, որ ազատ արձակում էք եզան եւ էշի ոտքերը։