ԵՍԱՅԻԱ 33:1-24 ABA1910 - Bible AI

1Վա՜յ քեզ, ով կործանող, որ չ’կործանուեցար, եւ ով յափշտակող, որ քեզ չ’յափշտակեցին. երբոր վերջացնես կործանելը, պիտի կործանուիս, երբոր դադարես յափշտակելուց, քեզ պիտի յափշտակեն։

2Ով Տէր, մեզ ողորմիր, քեզ ենք յուսացել. Նորանց բազուկը եղիր ամեն առաւօտ, նաեւ մեր փրկութիւնը՝ նեղութեան ժամանակին։

3Աղմուկի ձայնից փախչում են ժողովուրդները, քո բարձրանալուցը ցրվում են ազգերը։

4Եւ ձեր աւարը պիտի ժողովուի ինչպէս թրթուրն է ժողովում, եւ մարախի ոստնելու պէս ոստոստելու են նորա վերայ։

5Տէրը բարձրացած է, որովհետեւ բարձրումն է բնակվում նա. Լցրել է Սիօնը իրաւունքով ու արդարութիւնով։

6Եւ քո ժամանակների հաստատութիւնը կ’լինի փրկութեան առատութիւն, իմաստութիւն եւ գիտութիւն. Տիրոջ երկիւղը կ’լինի նորա գանձը։

7Ահա նորանց քաջազունները աղաղակում են դրսումը, խաղաղութեան դեսպանները լաց են լինում դառնապէս։

8Ամայացել են ճանապարհները. Դադարել է ճանապարհորդը. ուխտը քանդել է. Քաղաքները անարգել. Մարդիս բանի տեղ չէ համարում։

9Տրտմած տխրած է երկիրը, ամաչած է Լիբանանը՝ թոռոմած, Սարօնը անապատի պէս է եղել, եւ Բասանն ու Կարմեղոսը տերեւաթափ են լինում։

10Հիմա վեր եմ կենալու, ասում է Տէրը, հիմա բարձրանալու եմ. Հիմա վեր եմ բարձրանալու։

11Յարդով էք յղացել, մղեղ էք ծնելու. Ձեր շունչը կրակ է դառնալու որ ձեզ ուտէ։

12Եւ ժողովուրդները կիր այրուելու պէս պիտի դառնան, նորանք կտրուած փուշերի պէս կրակով պիտի այրուին։

13Ով հեռաւորներ, լսեցէք ինչ որ արել եմ. Իմացէք, ով մօտաւորներ, իմ զօրութիւնը։

14Սիօնում վախենում են մեղաւորները, դող է բռնել կեղծաւորներին, թէ մեզանից ո՞վ է կարող բնակուել լափող կրակում, մեզանից ո՞վ է կարող բնակուել յաւիտենական բոցերում։

15Արդարութեամբ վարուողը եւ ուղղութիւն խօսողը, անիրաւութեան շահը մերժողը, կաշառք բռնելուց ձեռքը թափ տուողը, արիւնահեղութեան խօսքեր լսելուց իր ականջը խփողը, եւ չարութիւն տեսնելուց իր աչքերը խփողը։

16Նա բարձրերումը պիտի բնակուէ, նորա բերդը վէմերի ամրութիւններն են. Նորա հացը տրվում է, նորա ջրերը ապահով են։

17Քո աչքերը տեսնելու են թագաւորին իր գեղեցկութեան մէջ, տեսնելու են լայնութիւնների երկիրը։

18Քո սիրտը վախերի վերայ է մտածելու թէ Ո՞ւր է դպիրը, ո՞ւր է կշռողը, ո՞ւր է աշտարակներ համարողը։

19Այն խիստ ժողովրդին չես տեսնելու, այն ժողովրդին որ անծանօթ եւ անհասկանալի շրթունք ունէր, որ թոթովախօս ու անիմանալի լեզու ունէր։

20Նայիր Սիօնին, մեր տօնախմբութեան քաղաքին. Քո աչքերը կ’տեսնեն Երուսաղէմը, իբրեւ ապահով բնակարան՝ անսասան վրան, որի ցիցերը յաւիտեան չեն շարժուիլ, եւ որի ամեն չուանները չեն կտրուիլ։

21Այլ Տէրը փառաւոր պիտի լինի այնտեղ մեզ համար լայնատարած գետերի՝ վտակների տեղը, ուր որ չի գնալ թիաքարշ նաւը, եւ այնտեղով մեծ նաւ չի անց կենալ։

22Որովհետեւ մեր դատաւորը Տէրն է, մեր օրէնսդիրը Տէրն է, մեր թագաւորը Տէրն է, նա է մեզ ազատողը։

23Քո չուանները թուլացել են, իրանց կայմի խարիսխը պինդ չ’բռնեցին, առագաստ չ’բացին, այն ժամանակ մեծ աւար բաժանուեցաւ, մինչեւ անգամ կաղերն էլ կողոպուտ կողոպտեցին։

24Եւ այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ. այն ժողովուրդը որ բնակվում է այնտեղ՝ նորա անօրէնութիւնը թողուած է։

>