ԵՍԱՅԻԱ 38:1-22 ABA1910 - Bible AI

1Այն օրերը հիւանդացաւ Եզեկիան մերձ ի մահ, եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն եկաւ նորա մօտ եւ նորան ասեց. Այսպէս է ասում Տէրը. Կտակդ արա քո տան մասին, որովհետեւ դու պիտի մեռնես եւ չ’ապրես։

2Եւ Եզեկիան իր երեսը դարձրեց դէպի պատը եւ աղօթք արաւ Տիրոջը,

3Եւ ասեց. Աղաչեմ, Տէր, յիշիր որ քո առաջին հաւատարմութեամբ եւ կատարեալ սրտով գնացի եւ քո աչքերին հաճելի եղածն արի։ Եւ Եզեկիան մեծ լացով լացաւ։

4Եւ Տիրոջ խօսքն եղաւ Եսայիային ասելով.

5Գնա եւ ասիր Եզեկիային թէ Այսպէս է ասում Տէրը՝ քո հայր Դաւիթի Աստուածը. Քո աղօթքը լսեցի, քո արտասուքը տեսայ. Ահա ես պիտի աւելացնեմ քո օրերի վերայ տասնեւհինգ տարի։

6Եւ քեզ պիտի ազատեմ Ասորեստանի թագաւորի ձեռքիցը, եւ այս քաղաքը պիտի պաշտպանեմ։

7Եւ սա քեզ նշան լինի Տէրիցը, որ Տէրը անելու է այս բանը, որ ասել է.

8Ահա ես ետ պիտի դարձնեմ աստիճանների ստուերը, որ իջել է Աքազի արեւի ժամացոյցի աստիճաններովը, տասը աստիճան։ Եւ արեւը ետ դառաւ տասը աստիճան այն իջած աստիճաններովը։

9Յուդայի թագաւոր Եզեկիայի գրուածքը՝ երբոր հիւանդացաւ եւ հիւանդութիւնիցն առողջացաւ։

10Ես ասեցի. Իմ օրերի հանգիստ ժամանակին պիտի գնամ գերեզմանի դռները, պիտի զրկուիմ իմ տարիների մնացորդիցը։

11Ասեցի. Տիրոջը չեմ տեսնելու՝ Տիրոջը՝ կենդանեաց երկրումը. Մարդի չեմ նայելու այլ եւս հանդերձեալի բնակիչների հետ միասին։

12Իմ շրջանը չուում է, եւ փոխադրվում է ինձանից հովիւի վրանի նման. Ես կտրեցի իմ կեանքը ոստայնանկի պէս. Նա ինձ կտրեց առէչիցը. Ցերեկից մինչեւ գիշերը ինձ կ’վերջացնես։

13Սպասեցի մինչեւ առաւօտը, ինչպէս առիւծը՝ նա այնպէս կոտրատում է իմ բոլոր ոսկորները. Ցերեկից մինչեւ գիշերը ինձ կ’վերջացնես։

14Կռունկի պէս՝ ծիծեռնակի պէս ճվճվում էի, մնչում էի աղաւնիի պէս, աչքերս նուաղում էին դէպի վեր. Ով Տէր, տագնապ ունիմ, օգնիր ինձ։

15Ի՞նչ ասեմ, որ նա ինձ ասեց եւ նա էլ արաւ. Կամաց պիտի գնամ իմ բոլոր տարիներումը իմ հոգիի ցաւի համար։

16Ով Տէր, նորանցով ապրում են նորանք. Եւ նորանց բոլորի մէջ է իմ հոգիի կեանքը. Եւ դու ինձ բժշկեցիր եւ ապրեցրիր։

17Ահա խաղաղութեան համար դառնութիւն եղաւ ինձ՝ դառնութիւն, բայց դու սիրեցիր իմ անձը ոչնչանալու գուբիցը հանելով, որովհետեւ բոլոր մեղքերս մէջքիդ ետեւը գցեցիր։

18Որովհետեւ գերեզմանը քեզ չի գովիլ, մահը քեզ չի օրհնաբանիլ. Գուբն իջնողները չեն յուսալ քո ճշմարտութեանը։

19Ապրողը՝ ապրողն է քեզ օրհնելու, ինչպէս ես այսօր. Հայրը որդկանցը պիտի իմացնէ քո ճշմարտութիւնը։

20Տէրը պատրաստ է ինձ օգնելու. Ուրեմն իմ երգերը լարաւոր նուագարաններով նուագենք, մեր կեանքի բոլոր օրերումը Տիրոջ տան մէջ։

21Եւ Եսայիան ասել էր որ չոր թուզեր առնեն եւ սպեղանի շինեն վէրքի վերայ եւ կ’առողջանայ։

22Եւ Եզեկիան ասել էր. Ի՞նչ է այն նշանը թէ Տիրոջ տունն եմ վեր գնալու։

>