ԵՍԱՅԻԱ 41:1-29 ABA1910 - Bible AI

1Լռեցէք ինձ մօտ, ով կղզիներ, եւ ով ազգեր, նորոգուեցէք ոյժով, թող մօտենան, այն ժամանակ խօսեն. Միասին մօտ գանք դատաստանի։

2Արդարին ո՞վ զարթեցրեց արեւելքից եւ կանչեց նորան դէպի իր շաւիղը։ Նա ազգերը գցում է նորա առաջը, եւ նա թագաւորներ է նուաճում՝ փոշիի պէս դնում նորա թուրի առաջին, եւ քշուած մղեղի պէս՝ նորա աղեղի առաջին։

3Նա նորանց հալածում է, անցնում է խաղաղութիւնով, մի ճանապարհով, ուր որ նա առաջ չէր գնացած իր ոտքովը։

4Ո՞վ գործեց եւ արաւ այս. Ազգերը ի սկզբանէ կանչողս՝ ես Եհովաս որ առաջինն եմ, եւ վերջինների հետ էլ ես եմ։

5Կղզիները տեսան եւ վախեցան, երկրի ծայրերը դողացին, նորանք մօտեցան եւ եկան։

6Նորանց ամեն մէկն օգնեց իր ընկերին, եւ իր եղբօրն ասեց. Զօրացիր։

7Եւ քաջալերեց արուեստաւորը ոսկերչին, ուռ զարկողը սալին զարկողին՝ ասելով. Կպցնելու համար լաւ է դա, եւ նորան պնդացնում է բեւեռներով, որ չերերայ։

8Եւ դու Իսրայէլ, իմ ծառայ, ով Յակոբ, որ քեզ ընտրել եմ, իմ սիրելիի՝ Աբրահամի սերունդը.

9Որ քեզ առի երկրի ծայրերիցը, եւ քեզ կանչեցի նորա եզերքներիցը, եւ քեզ ասեցի. Դու իմ ծառան ես. Ես քեզ ընտրել եմ, եւ քեզ չեմ մերժել։

10Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. Ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. Նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը։

11Ահա պիտի ամաչեն եւ ամօթահար լինեն բոլոր քեզ դէմ բորբոքուողները. Ոչնչի պէս պիտի դառնան եւ փչանան քեզ հետ վիճող մարդիկը։

12Դու նորանց կ’որոնես, բայց չես գտնիլ՝ այն քեզ հետ կռիւ անող մարդկանցը. Ոչնչի պէս պիտի դառնան եւ չիք լինեն քեզ հետ պատերազմող մարդիկը։

13Որովհետեւ ես Եհովաս՝ քո Աստուածը՝ զօրացնում եմ քո աջը. Որ ասում եմ քեզ, Մի վախենար, ես կ’օգնեմ քեզ։

14Մի վախենար, ով որդ Յակոբ, ով Իսրայէլի խմբիկը, Ես քեզ օգնելու եմ, ասում է Եհովան, եւ քեզ Փրկողը Իսրայէլի Սուրբն է։

15Ահա ես քեզ մի սուր, նոր, ատամնաւոր կամնասայլ եմ շինել. Սարերը պիտի ոտնահար անես եւ փշրես, եւ բլուրները մղեղի պէս անես։

16Դու նորանց պիտի հոսես եւ քամին պիտի տանէ նորանց, եւ փոթորիկը ցիրուցան պիտի անէ նորանց. Բայց դու Տէրովը պիտի ցնծաս, եւ Իսրայէլի Սուրբովը պիտի պարծենաս։

17Աղքատներն ու տնանկները ջուր են որոնում, եւ չ’կայ, նորանց լեզուն ծարաւից չորացել է. Ես Եհովաս նորանց պատասխան եմ տալու, Իսրայէլի Աստուածս նորանց չեմ ձգիլ։

18Բլուրների գագաթների վերայ գետեր պիտի բանամ, եւ հովիտների մէջ՝ աղբիւրներ. անապատը պիտի ջրի լիճի դարձնեմ, եւ չոր երկիրը՝ ջուր բղխելու տեղեր։

19Անապատումը եղեւին պիտի դնեմ, ստիմ, մրտենի եւ իւղենի ծառ. Ամայի տեղում պիտի տնկեմ մայր, սօսի ու տօսախ մէկտեղ։

20Որպէս զի տեսնեն եւ իմանան, եւ մտաբերեն ու հասկանան միասին, թէ Տիրոջ ձեռքն արաւ այս բանը, եւ Իսրայէլի Սուրբն ստեղծեց դորան։

21Մօտ բերէք ձեր դատը, ասում է Տէրը, յառաջ բերէք ձեր զօրաւոր փաստերը, ասում է Յակոբի Թագաւորը։

22Թող յառաջ գան եւ մեզ իմացնեն, թէ ինչ պիտի պատահի. Սկիզբը ի՞նչ է՝ ասեցէք, որ ուշադիր լինենք եւ իմանանք վերջը, կամ թէ ապագայ բաները մեզ լուր տուէք։

23Իմացրէք ետեւից եկող բաները, եւ մենք էլ կ’իմանանք, թէ աստուած էք դուք. Հէնց մէկ բարի կամ մէկ չար բան գործեցէք, որ հիանանք ու զարմանանք միասին։

24Տեսէք, դուք ոչնչից էք, եւ ձեր գործքը ոչնչիցն է. Գարշելի է ով որ ձեզ ընտրէ։

25Ես վեր եմ կացրել հիւսիսի կողմիցը, եւ նա գալիս է. Արեւելքիցը պիտի կանչէ իմ անունը. Եւ նա կոխ է տալիս կուսակալներին ցեխի պէս. Եւ բրուտի պէս որ կոխ է տալիս կաւը։

26Ո՞վ պատմեց սկզբիցը, որ իմանանք, եւ առաջուց, որ ասենք՝ Ճշմարիտ է. Ոչ իմացնող կայ. Ոչ լուր տուող կայ, եւ ոչ ձեր խօսքերին լսող կայ։

27Առաջ ես ասեցի Սիօնին. Ահա, ահա նորանք եւ Երուսաղէմին աւետաբերներ տուի։

28Եւ նայեցի, ու մարդ չ’կար, եւ սորանցից մի խորհուրդ տուող չ’կար, որոնց ես հարցնէի, եւ նորանք ինձ պատասխան տային։

29Ահա նորանք ամենքը սնոտի են, նորանց գործերը փուչ են. Քամի են՝ դարտակ են նորանց ձուլածոյ կուռքերը։

>