ԵՍԱՅԻԱ 47:1-15 ABA1910 - Bible AI

1Իջիր ու նստիր հողի վերայ, ով Բաբիլոնի կոյս աղջիկ, տափին նստիր առանց աթոռի, ով Քաղդէացիների աղջիկ, որովհետեւ այլ եւս քեզ քնքուշ եւ փափուկ չեն կոչելու։

2Առ երկանքը եւ ալիւր աղա, լաչակդ բաց, քղանցքդ վեր բարձրացրու, սրունքդ բաց արա, անցիր գետերով։

3Պիտի բացուի քո մերկութիւնը, պիտի երեւայ քո նախատինքը. վրէժ պիտի առնեմ, եւ չեմ խնայելու մարդի։

4Մեր Փրկչի անունը Զօրաց Տէր է, Իսրայէլի Սուրբը։

5Լուռ նստիր եւ մտիր խաւարի մէջ, ով Քաղդէացիների աղջիկ. որովհետեւ այլ եւս քեզ թագաւորութիւնների տիկին չեն կոչելու։

6Ես բարկացած էի իմ ժողովրդի վերայ, պղծեցի իմ ժառանգութիւնը, եւ նորանց յանձնեցի քո ձեռքը. Դու նորանց գթութիւն չ’արիր, ծերի վերայ շատ ծանրացրիր քո լուծը։

7Եւ ասեցիր՝ Ես յաւիտեան տիկին պիտի լինեմ. Այնպէս որ այս միտք չ’արիր, սորա վախճանը չ’յիշեցիր։

8Եւ հիմա լսիր այս, ով հեշտասէրդ, որ անհոգութեամբ նստել ես. Որ սրտիդ մէջ ասում ես. Ես եմ, եւ ինձանից ջոկ մէկը չ’կայ. որբեւայրի պիտի չ’նստեմ, եւ անզաւակութիւն պիտի չ’գիտենամ։

9Բայց քեզ վերայ գալու են այս երկուսը յանկարծ մէկ օրուայ մէջ՝ անզաւակութիւն եւ որբեւայրութիւն. Սորանք բոլորը գալու են քեզ վերայ քո շատ դիւթութիւնների պատճառով, եւ քո խիստ շատացած կախարդութիւնների համար։

10Եւ դու ապաւինեցիր քո չարութեանը, ասեցիր՝ Ինձ տեսնող չ’կայ, քո իմաստութիւնը եւ քո գիտութիւնն են քեզ մոլորեցնողը. բայց դու ասում ես քո սրտումը. Ես եմ, եւ ինձանից ջոկ մէկը չ’կայ։

11Եւ քեզ վերայ չարիք է գալիս, որ չես հասկանալու դիւթել. Եւ քեզ վերայ մի թշուառութիւն է ընկնելու, որ չես կարողանալու քաւել. Եւ քեզ վերայ յանկարծ մի աւերում է գալու առանց քո գիտենալու։

12Մէկ կանգնիր քո կախարդութիւններովը եւ քո շատ դիւթութիւններովը, որոնցով վաստակել ես քո մանկութիւնից ի վեր. Գուցէ կարողանաս օգուտ բերել, գուցէ վախեցնես։

13Դու ձանձրացել ես քո խորհուրդների շատութիւնովը, թող մէկ կանգնեն եւ քեզ փրկեն երկինքը զննողները, աստեղագէտները, նոր լուսինով գուշակողները այն բանիցը, որ գալու է քեզ վերայ։

14Ահա նորանք մղեղի պէս են դառել. Կրակը պիտի այրէ նորանց, իրանց հոգին չեն ազատելու բոցի ձեռքիցը, մի կայծ չէ լինելու տաքանալու համար, կամ մի կրակ՝ առաջին նստելու համար։

15Այսպէս պէտք է լինեն քեզ համար նորանք, որոնցով դու վաստակել ես, նորանք՝ որոնց հետ դու վաճառականութիւն արիր քո մանկութիւնից ի վեր. Իւրաքանչիւրն իր ճանապարհովը մոլորուեցաւ գնաց, քեզ ազատող չ’կայ։

>