ԵՍԱՅԻԱ 5:1-30 ABA1910 - Bible AI

1Աղէ երգեմ իմ սիրելիի համար իմ սիրականի երգը իր այգիի մասին։ Իմ սիրելին մի այգի ունէր մի պարարտ լեռնածայրին։

2Եւ նա ցանգով պատեց նորան, քարերը հանեց միջիցը, եւ նորանում ընտիր որթեր տնկեց, եւ մի հնձան էլ փորեց նորանում, եւ սպասեց որ խաղող բերէ, բայց նա ազոխ բերաւ։

3Եւ հիմա, ով Երուսաղէմի բնակիչ եւ Յուդայի մարդ, մէկ դատեցէք իմ ու իմ այգիի մէջ։

4Էլ ի՞նչ կար անելու իմ այգիին, որ ես չեմ արել նորան. Ի՞նչու համար սպասեցի, որ խաղող բերէր. Եւ նա ազոխ բերաւ։

5Եւ հիմա ձեզ իմացնեմ թէ ի՞նչ եմ անելու իմ այգիին, ես քանդելու եմ նորա ցանգը, որ լինի արօտատեղ. Ես քարուքանդ եմ անելու նորա պատերը, որ ոտնահար դառնայ։

6Ես խոպանացած եմ թողելու նորան, նա պիտի չ’յօտուի եւ չ’բրուի, եւ պիտի ցախ ու փուշ բուսնէ. Եւ ամպերին պատուիրելու եմ, որ նորա վերայ անձրեւ չ’տեղան։

7Որովհետեւ Զօրաց Տիրոջ այգին Իսրայէլի տունն է, եւ Յուդայի տունը՝ նորա ախորժելի տունկը. Եւ նա սպասում էր իրաւունքի, եւ ահա արիւնահեղութիւն, արդարութեան՝ եւ ահա աղաղակ։

8Վա՜յ նորանց որ տունը տան են կպցնում, արտը արտին են մօտեցնում մինչեւ որ այլեւս տեղ չէ լինում, որ դուք մինակ բնակուէք երկրիս մէջ։

9Իմ ականջներին ասեց Զօրաց Տէրը, Անշուշտ շատ տներ աւերակ են դառնալու, մեծ ու գեղեցիկ տներ՝ առանց բնակչի։

10Որովհետեւ տասը լծավար այգին մէկ մար պիտի տայ, եւ մէկ քոռ սերմը մէկ արդու պիտի տայ։

11Վա՜յ նորանց որ առաւօտանց կանուխ վեր են կենում եւ ցքիի ետեւից վազում. Ուշանում են իրիկունը, որ գինին նորանց տաքացրել է։

12Եւ լինում է քնար ու տաւիղ, թմբուկ ու սրինգ եւ գինի նորանց խնջոյքներումը. Բայց Տիրոջ արածներին մտիկ չեն տալիս, եւ նորա ձեռքի գործերը չեն տեսնում։

13Նորա համար իմ ժողովուրդը տգիտութիւնիցը գերի է գնում, եւ նորա փառաւորները սովատանջ մարդիկ են լինում. Եւ նորա բազմութիւնը տոչորվում է ծարաւութիւնից։

14Նորա համար դժոխքը կ’լայնացնէ իրան, եւ իր բերանը անչափ կ’բանայ, եւ նորա մէջ կ’իջնէ նորա պարծանքն ու բազմութիւնը, եւ նորա աղաղակն ու զուարճութիւնը։

15Եւ ռամիկ մարդը կ’խոնարհուի, եւ տղամարդը վայր կ’ընկնի, եւ ամբարտաւանների աչքերը կ’ցածանան։

16Եւ Զօրաց Տէրը կ’բարձրանայ իրաւունքով, եւ սուրբ Աստուածը կ’սրբուի արդարութիւնով։

17Եւ ոչխարները կ’արածեն իրանց արօտումը, եւ հարուստներից մնացած աւերակները օտարները կ’ուտեն։

18Վա՜յ նորանց որ քաշում են անօրէնութիւնը ունայնութեան չուաններով, եւ մեղքը՝ իբր թէ սայլի թոկերով.

19Որոնք ասում են. Թող շտապէ, շուտով անէ իր գործը, որ տեսնենք, եւ թող մօտենայ ու գայ Իսրայէլի Սուրբի խորհուրդը, որ գիտենանք։

20Վա՜յ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար. Որ խաւարը շինում են լոյս, եւ լոյսը՝ խաւար. Որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառն։

21Վա՜յ նորանց որ իրանց աչքին իմաստուն են, եւ իրանց առաջը՝ գիտուն։

22Վա՜յ նորանց որ քաջ են գինի խմելում եւ զօրաւոր են ցքին խառնելում.

23Որ արդարացնում են ամբարշտին կաշառքի համար, բայց արդարների արդարութիւնը հեռանում է նորանցից։

24Նորա համար ինչպէս որ կրակի բոցը ուտում է մղեղը, եւ խոտը անցնում է բոցի մէջ, նորանց արմատն էլ փտածի պէս պիտի լինի, եւ նորանց ծաղիկը փոշիի պէս պիտի վեր ելնէ. Որովհետեւ նորանք անարգեցին Զօրաց Տիրոջ օրէնքը, եւ Իսրայէլի Սուրբի խօսքը մերժեցին։

25Նորա համար բորբոքուել է Տիրոջ բարկութիւնը իր ժողովրդի դէմ, եւ նա երկարացրել է իր ձեռքը նորա վերայ ու նորան զարկել, որ սարերը դողում են. Եւ նորանց դիերը աղբի պէս եղան փողոցներումը. այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դառել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։

26Եւ նա դրօշակ է բարձրացնելու հեռու ազգերի համար, եւ սուլելու է նորանց երկրի ծայրիցը, եւ ահա նորանք շուտով հեշտութեամբ գալիս են։

27Յոգնածը չ’կայ, եւ սահողը չ’կայ նորանցում. Մէկը չէ ննջում եւ չէ քնում, եւ մէկի մէջքի գօտին չէ բացվում, եւ ոչ մէկի կօշիկի կապը չէ կտրվում։

28Որի նետերը սրուած են, եւ բոլոր աղեղները՝ լարուած, ձիանցը սմբակները համարեա թէ գայլախազ են, եւ անիւները՝ մրրկի նման։

29նորա մռնչիւնը առիւծի նման է. Գոռում է կորիւնների պէս. Եւ բղավում ու յափշտակում է կողոպուտը, եւ փախցնում, եւ ազատող չ’կայ։

30Եւ այն օրը պիտի գոռան նորա վերայ ծովի գոռալուն պէս. Եւ նա դէպի երկիրը մտիկ կ’տայ, եւ ահա խաւար է եւ տագնապ. Բայց լոյսը խաւարել է նորա երկնքի վերայ։