1Զարթնիր, զարթնիր, հագիր զօրութիւնդ, ով Սիօն, քո փառաւոր հանդերձները հագիր, ով Երուսաղէմ՝ սուրբ քաղաք. Որովհետեւ այլեւս պիտի միւսանգամ չ’մտնէ քո մէջը անթլփատը եւ պիղծը։
2Քեզ թափ տուր հողիցը, վեր կաց, նստիր, ով Երուսաղէմ, բաց արա պարանոցիդ կապերը, ով Սիօնի գերի աղջիկը։
3Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Դուք ձրի ծախուեցաք, եւ առանց փողի պիտի փրկուիք։
4Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Իմ ժողովուրդն առաջ իջաւ Եգիպտոս այնտեղ պանդխտանալու, եւ Ասորեստանցիք զուր տեղը նորան ճնշեցին։
5Եւ հիմա, ես ի՞նչ ունիմ այստեղ, ասում է Տէրը, որովհետեւ զուր վեր առնուեցաւ իմ ժողովուրդը, նորա վերայ իշխողները բղաւում են, ասում է Տէրը, եւ միշտ ամեն օր հայհոյվում է իմ անունը։
6Սորա համար պիտի գիտենայ իմ ժողովուրդը իմ անունը, սորա համար այն օրը՝ թէ ես եմ այն որ ասում եմ. Ահա ես։
7Ի՜նչ գեղեցիկ ես սարերի վերայ աւետարանչի ոտքերը, որ խաղաղութիւն է քարոզում, բարիք աւետում, փրկութիւն քարոզում, որ ասում է Սիօնին՝ քո Աստուածը թագաւոր է։
8Ահա քո պահապանները ձայն են բարձրացնում, միասին բարձրաձայն ցնծում, որովհետեւ դէմ յանդիման պիտի տեսնեն, երբոր Տէրը ետ բերէ Սիօնին։
9Աղաղակեցէք, բարձրաձայն ցնծացէք միասին, ով Երուսաղէմի փլատակներ. որ Տէրը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղէմին։
10Տէրը մերկացրել է իր սուրբ բազուկը, բոլոր ազգերի աչքի առաջին, եւ երկրի բոլոր ծայրերը պիտի տեսնեն մեր Աստուծոյ փրկութիւնը։
11Հեռացէք, հեռացէք, այնտեղից դուրս եկէք, պիղծ բանի մի դպչիք, դուրս եկէք նորա միջիցը, մաքուր եղէք, ով Տիրոջ սպասները կրողները։
12Որովհետեւ հապճեպով չ’պիտի դուրս գաք, եւ փախչելով էլ չէք գնալ, այլ Տէրը պիտի գնայ ձեր առաջից եւ ձեր թիկնապահը Իսրայէլի Աստուածն է։
13Ահա իմ ծառան իմաստութիւնով պիտի վարուի, պիտի մեծանայ եւ բարձրանայ եւ շատ փառաւորուի։
14Ինչպէս որ շատերը ապշեցին քեզ վերայ, (այնպէ՜ս խանգարուած է նորա տեսքը մարդի տեսքից, եւ կերպարանքը մարդի որդկանց կերպարանքից.)
15Նոյնպէս պիտի զարմացնէ շատ ազգեր, թագաւորները պիտի խփեն նորա առաջին իրանց բերանը. Որովհետեւ պիտի տեսնեն այն՝ որ իրանց չէ պատմուած, եւ այն որ չեն լսած՝ պիտի իմանան։