ԵՍԱՅԻԱ 54:1-17 ABA1910 - Bible AI

1Ցնծա, ով ամուլ, որ չէիր ծնում, բարձրաձայն աղաղակելով ցնծա եւ աղաղակիր, ով երկունք չ’քաշող, որովհետեւ երեսից ձգուածի որդիքը շատ են արամբիի որդկանցիցը, ասում է Տէրը։

2Լայնացրու քո վրանի տեղը, եւ թող քո բնակարանի վարագոյրները տարածեն. Մի խնայիր, երկարացրու չուաններդ, եւ ցիցերդ պնդացրու։

3Որովհետեւ դու պիտի աջ ու ձախ տարածուիս, եւ քո սերունդը պիտի ժառանգէ ազգերին, եւ աւերակացած քաղաքները շէնացնելու են։

4Մի վախենար որովհետեւ պիտի չ’ամաչես, եւ մի պատկառիր, որովհետեւ պիտի չ’նախատուիս. Որովհետեւ քո մանկութեան ամօթը պիտի մոռանաս, եւ քո որբեւայրութեան նախատինքը այլ եւս պիտի չ’յիշես։

5Որովհետեւ քո այրը քեզ Ստեղծողն է, Զօրաց Եհովայ է նորա անունը, եւ քո Փրկիչը Իսրայէլի Սուրբն է, նա կոչվում է բոլոր երկրի Աստուած։

6Որովհետեւ Տէրը քեզ մի երեսից ձգուած եւ հոգով վշտացած կնոջ պէս կանչեց, եւ մի երիտասարդ կնոջ պէս, որ մերժուած է, ասում է քո Աստուածը։

7Մի փոքր վայրկեան քեզ թողեցի, բայց մեծ ողորմութիւններով քեզ պիտի ժողովեմ։

8Բարկութիւնս տաքանալով՝ մի վայրկեան ծածկեցի երեսս քեզանից, բայց յաւիտենական ողորմութիւնով քեզ պիտի ողորմեմ, ասում է քո Փրկիչը՝ Եհովան։

9Որովհետեւ Նոյի ջրերին պէս է սա ինձ համար, որ երդում արի, թէ այլ եւս պիտի չ’անցնեն Նոյի ջուրերը երկրի վերայ. Նոյնպէս էլ երդում արի, որ քեզ չ’բարկանամ եւ քեզ չ’յանդիմանեմ։

10Որովհետեւ սարերը կ’քաշուին, եւ բլուրները կ’սասանեն, բայց իմ ողորմութիւնը քեզանից չի քաշուիլ, եւ իմ խաղաղութեան ուխտը չի սասանիլ, ասում է քեզ ողորմող Տէրը։

11Ով ողորմելի ալեկոծեալ անմխիթար, ահա ես քո քարերը ծարուրով պիտի դնեմ, եւ քեզ պիտի հիմնեմ շափիւղաներով։

12Եւ քո բուրդերը կարմիր յակինթներով պիտի շինեմ, եւ քո դռները՝ կարկեհաններով, եւ քո բոլոր սահմանը պատուական քարերով։

13Եւ քո բոլոր որդիքը Տէրիցը ուսուած պիտի լինեն, եւ շատ պիտի լինի քո որդկանց խաղաղութիւնը։

14Արդարութիւնով պիտի հաստատուիս. Հեռացիր բռնութիւնից, որովհետեւ չես վախենալու, եւ արհաւիրքից՝ որովհետեւ քեզ չէ մօտենալու։

15Ահա նորանք անպատճառ հաւաքուելու են, առանց ինձանից լինելու. Ով որ քեզ վերայ հաւաքուի, քո կողմը պիտի ընկնի։

16Ահա ես եմ ստեղծել դարբինին որ փչում է կրակի կայծերին, եւ գործիք հնարում իր արուեստի համար. Նոյնպէս էլ ես եմ ստեղծել կործանողին որ աւերէ։

17Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի, եւ ամեն լեզու որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի, պիտի դատապարտուի. Սա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ նորանց արդարութիւնը ինձանից է, ասում է Տէրը։

>