ԵՍԱՅԻԱ 55:1-13 ABA1910 - Bible AI

1Ով բոլոր ծարաւներ, եկէք ջրերին մօտ. Եւ դուք որ փող չ’ունիք, եկէք, ծախու առէք եւ կերէք, եկէք առէք առանց փողի, առանց վճարի՝ գինի եւ կաթ։

2Ի՞նչու էք փող վճարում, եւ ոչ թէ հացի համար, եւ ձեր վաստակը՝ չ’կշտացնող բանի համար։ մէկ ինձ լսեցէք, որ բարիք ուտէք, եւ ձեր հոգին զուարճանայ պարարտութիւնով։

3Ձեր ականջը խոնարհեցրէք, եւ ինձ մօտ եկէք, լսեցէք եւ ձեր հոգին կ’ապրէ. Եւ ձեզ հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ՝ Դաւիթի հաւատարիմ ողորմութիւնները։

4Ահա ես նորան ժողովուրդների վկայ եմ դրել, ազգերի առաջնորդ եւ հրամանատար։

5Ահա չ’ճանաչած ազգիդ պիտի կանչես, եւ ազգեր որ քեզ չէին ճանաչում, վազելու են քեզ մօտ, քո Աստուած՝ Եհովայի պատճառով, եւ Իսրայէլի Սուրբի պատճառով, որ քեզ փառաւորեց։

6Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է. Նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է։

7Ամբարիշտը թողէ իր ճանապարհը, եւ անօրէն մարդը՝ իր խորհուրդները, եւ դառնայ Տիրոջը, եւ նա կ’ողորմէ նորան, եւ՝ մեր Աստուծուն, որովհետեւ նա շատ ներող է։

8Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տէրը.

9Այլ ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նոյնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը։

10Որովհետեւ ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին,

11Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի։

12Որովհետեւ դուք ուրախութեամբ պիտի դուրս գաք, եւ խաղաղութեամբ պիտի առաջնորդուիք, սարերն ու բլուրները պիտի բարձրաձայն ցնծան ձեր առաջին, եւ դաշտերի բոլոր ծառերը պիտի ծափ տան։

13Թուփի փոխարէն մայր պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի բուսնի. Եւ սա պիտի լինի Տիրոջ համբաւի համար իբրեւ յաւիտենական նշան, որ չի ջնջուիլ։

>