1Ահա Տիրոջ ձեռքը չէ կարճացել փրկելուց, եւ նորա ականջը չէ ծանրացել լսելուց.
2Այլ ձեր անօրէնութիւններն են բաժանում ձեր եւ ձեր Աստուծոյ մէջ տեղը. Եւ ձեր մեղքերը ծածկեցին նորա երեսը ձեզանից որ չ’լսէ։
3Որովհետեւ ձեր ձեռքերը պղծուած են արիւնով, եւ ձեր մատերը՝ անօրէնութիւնով, ձեր շրթունքները սուտ են խօսում, ձեր լեզուն անիրաւութիւն է արտաբերում։
4Չ’կայ արդարութեամբ բողոքող, եւ չ’կայ ճշմարտութեամբ դատ վարող, նորանք յոյս են դնում դարտակ բաների, եւ խօսում են ունայնութիւն. յղի են թշուառութիւնով եւ կ’ծնեն անօրէնութիւն։
5Քարբի ձուերով են թուխս գալիս, եւ սարդի ոստայն են հինում, նորանց ձուերիցն ուտողը կ’մեռնի, եւ կոտրուողիցը իժ է դուրս պրծնում։
6Նորանց ոստայնները հանդերձ չեն դառնալ, եւ չի ծածկուիլ նորանց գործերովը, նորանց գործերը անօրէնութեան գործեր են, եւ բռնութեան գործ է նորանք ձեռքինը։
7Նորանց ոտները չարութեան են վազում, եւ շտապում են անմեղ արիւն թափելու, նորանց խորհուրդները անօրէնութեան խորհուրդներ են, նորանց ճանապարհներումը աւերում ու ապականութիւն կայ։
8Խաղաղութեան ճանապարհը չ’գիտեն, եւ իրաւունք չ’կայ նորանց ուղիներումը. իրանց շաւիղները ծռմռել են, ամեն ով որ նորանում ման է գալիս՝ խաղաղութիւն չ’գիտէ։
9Սորա համար իրաւունքը հեռացաւ մեզանից, եւ մեզ չէ հասնում արդարութիւնը. սպասում ենք լոյսի՝ եւ ահա խաւարը, պայծառութեան՝ եւ ահա մառախուղում ենք ման գալիս։
10Կոյրերի պէս պատն ենք շօշափում, եւ աչք չ’ունեցողի պէս խարխափում ենք. Գլորվում ենք կէս օրին կարծես թէ գիշեր լինի, պարարտների մէջ լինելով մեռելների պէս ենք։
11Ամենքս մռնչում ենք արջերի պէս, եւ աղաւնիների պէս ճվճվում, սպասում ենք դատաստանի, բայց չ’կայ, փրկութեան՝ բայց նա մեզանից հեռու է։
12Որովհետեւ շատացել են մեր յանցանքները քո առաջին, եւ մեր մեղքերը վկայում են մեզ դէմ, որովհետեւ մեր յանցանքները մեզ հետ են, եւ մենք մեր անօրէնութիւնները գիտենք։
13Յանցանք ենք գործել, եւ ուրացել ենք Տիրոջը, եւ խոտորել ենք մեր Աստուծուն հետեւելուցը, բռնութիւն եւ ապստամբութիւն ենք խօսել, եւ մեր սրտերումը փուչ բաներ մտածել։
14Եւ դատաստանը ետ է դառել, եւ արդարութիւնը՝ հեռուանց կանգնել, որովհետեւ ճշմարտութիւնը գլորվում է հրապարակումը, եւ ուղղութիւնը չէ կարողանում ներս մտնել։
15Ճշմարտութիւնը աներեւոյթ է դառնում, եւ չարութիւնից հեռացողը կողոպտվում է։ Եւ Տէրը տեսաւ, եւ սա չար երեւեցաւ նորա աչքին, որովհետեւ իրաւունք չ’մնաց։
16Եւ տեսաւ որ մարդ չ’կար, եւ զարմացաւ որ միջնորդ չ’կար. Եւ նորա բազուկը օգնեց նորան, եւ նորա արդարութիւնը նորան նպաստեց։
17Եւ նա հագաւ արդարութիւնը զրահի պէս, եւ փրկութեան սաղաւարտը իր գլխին. Եւ վրէժխնդրութեան զգեստը հագաւ իբրեւ պատմուճան, եւ նախանձն իր վերայ առաւ վերարկուի պէս։
18գործերին համեմատ հատուցում է տալու. Բարկութիւն՝ իր հակառակորդներին, հատուցում՝ իր թշնամիներին, եւ կղզիներին իրանց վարձքը պիտի հատուցանէ։
19Եւ պիտի վախենան Տիրոջ անունից արեւմուտքից եղողները, եւ նորա փառքիցը՝ արեւելքից եղողները. Երբոր թշնամին գետի պէս գայ, Տիրոջ հոգին նորան կ’փախցնէ։
20Եւ Փրկիչ պիտի գայ Սիօնի համար, եւ Յակոբի մէջ յանցանքից ետ դարձողների համար, ասում է Տէրը։
21Իմ էլ ուխտը նորանց հետ սա է, ասում է Տէրը. Իմ հոգին որ քեզ վերայ է, եւ իմ խօսքերը որ դրել եմ քո բերանումը, պիտի չ’պակասեն քո բերանից եւ քո զաւակների բերանից եւ քո զաւակների զաւակների բերանիցը, ասում է Տէրը, այսուհետեւ մինչեւ յաւիտեան։