1Տէր Եհովայի հոգին ինձ վերայ է, ըստ որում Տէրը օծել է ինձ. Նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում.
2Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին, եւ վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար. բոլոր սգաւորներին մխիթարելու համար.
3Սիօնի սգաւորների համար որոշելու, որ նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ. Եւ նորանց պիտի կոչեն արդարութեան բեւեկնիներ, որ Տէրը տնկել է իր փառաւորութեան համար։
4Եւ նորանք պիտի շինեն այն աւերակները որ ի վաղուց կան, առաջի փլատակները պիտի կանգնեցնեն, եւ պիտի նորոգեն աւերման քաղաքները, դարէ ցդար ամայի մնացած տեղերը։
5Եւ օտարականները պիտի կանգնեն եւ ձեր հօտերը հովուեն. Եւ օտարների որդիքը ձեր երկրագործներն ու այգեգործները պիտի լինեն։
6Եւ դուք պիտի Տիրոջ քահանաները կոչուիք, «Մեր Աստուծոյ պաշտօնեաներ» են ասելու ձեզ. ազգերի հարստութիւնը պիտի ուտէք, եւ նորանց փառքովը պանծաք։
7Ձեր ամօթի փոխարէն կրկնապատիկ ուրախութիւն, եւ անարգանքի փոխարէն պիտի ցնծան իրանց բաժնի վերայ, սորա համար կրկնապատիկը պիտի ժառանգեն իրանց երկրումը, յաւիտենական ուրախութիւն են ունենալու նորանք։
8Որովհետեւ ես Տէրս սիրում եմ իրաւունքը, ատում եմ անիրաւութիւնն եւ յափշտակութիւնը, եւ պիտի տամ նորանց գործերի վարձքը հաւատարմութիւնով, եւ նորանց հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ։
9Եւ պիտի ճանաչուին ազգերի մէջ նորանց սերունդը, եւ նորանց զաւակունքը ժողովուրդների մէջ. Բոլոր նորանց տեսնողները պիտի գիտենան թէ նորանք Տիրոջ օրհնած սերունդն են։
10Ես ուրախութեամբ պիտի ուրախանամ Տէրովը, իմ անձը պիտի խնդայ իմ Աստուծովը. Որովհետեւ նա ինձ փրկութեան հանդերձներ հագցրեց, արդարութեան պատմուճանը գցեց ինձ վերայ. Ինչպէս մի փեսայ, որ դնում է իր խոյրը, եւ մի հարսի պէս՝ որ զարդարվում է իր զարդերովը։
11Որովհետեւ ինչպէս որ երկիրը բուսցնում է իր տունկը, եւ ինչպէս որ պարտէզը ծլիլ է տալիս իր մէջ սերմուածը, այսպէս էլ Տէր Եհովան բուսցնելու է արդարութիւնը եւ օրհնաբանութիւնը բոլոր ազգերի առաջին։