1Ոհ թէ ճեղքէիր երկինքը՝ վայր իջնէիր. քո առաջը սարերը պիտի հալուէին՝
2Ինչպէս կրակով վառվում է խռիւը, եւ ջուրը եփում՝ կրակով. Որ իմացնէիր քո անունը քո թշնամիներին, եւ քո երեսից դողային ազգերը։
3Երբոր դու արիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, եւ իջար, քո երեսից սարերը հալուեցան։
4Եւ յաւիտենից ’ի վեր չէ լսուած եւ ականջի չէ հասած, աչք էլ չէ տեսել, որ քեզանից բաց մէկ ուրիշ աստուած այսպիսի բաներ անէր իրան յուսացողներին։
5Դու հասնում ես ուրախ եղողին եւ արդարութիւն անողին, որ յիշում են քեզ քո ճանապարհներումը. Ահա դու բարկացար, եւ մենք յանցաւոր էինք. յաւէտ դորանցում ենք գտնվում. Մի՞թէ մենք կ’փրկուինք։
6Եւ մենք ամենքս պիղծ բանի պէս ենք դառել, եւ դաշտանի շորի պէս է մեր ամեն արդարութիւնը, եւ տերեւի պէս մենք ամենքս թոռոմել ենք, եւ մեր յանցանքները քամիի պէս վեր են առնում մեզ։
7Եւ քո անունը կանչող չ’կայ, մէկ զարթնող՝ որ քեզանով զօրանար. Որովհետեւ դու ծածկել ես քո երեսը մեզանից, եւ մեզ մաշեցնում ես մեր անօրէնութիւնների միջոցովը։
8Եւ հիմա, ով Տէր, դու ես մեր հայրը. մենք կաւն ենք, եւ դու՝ մեր բրուտը, եւ քո ձեռքի գործ ենք մենք ամենքս։
9Խիստ մի բարկանար, ով Տէր, եւ մի յաւիտեան յիշիր անօրէնութիւնը, ահա նայիր մէկ, ամենքս քո ժողովուրդն ենք։
10Քո սուրբ քաղաքները անապատ են եղել, Սիօնը անապատ է դառել, Երուսաղէմը՝ աւերակ։
11Մեր սրբութեան եւ մեր փառաց տունը, որի մէջ քեզ օրհներգում էին մեր հայրերը, կրակի ճարակ է դառել. Եւ մեր ամեն ցանկալիքը ամայի են դառել։
12Այս բաների վերայ պիտի զսպե՞ս քեզ, ով Տէր, պիտի լռե՞ս եւ մեզ անչափ նեղե՞ս։