1Այսպէս է ասում Տէրը. Իջիր Յուդայի թագաւորի տունը, եւ ասիր այնտեղ այս խօսքը.
2Եւ ասիր. Լսիր Տիրոջ խօսքը, ով Յուդայի թագաւոր, որ նստել ես Դաւիթի աթոռի վերայ, դու եւ քո ծառաները եւ քո ժողովուրդը, որ եկել էք այս դռները,
3Այսպէս է ասում Տէրը. Իրաւունք եւ արդարութիւն արէք, եւ զրկեալին ազատեցէք հարստահարողի ձեռքիցը, մի ճնշէք, մի բռնանաք օտարականին, որբին եւ որբեւայրիին, եւ անմեղ արիւն մի թափէք այս տեղումը։
4Որովհետեւ եթէ իրաւ անէք այս բանը. այն ժամանակ կ’մտնեն այս տան դռներովը Դաւիթի աթոռի վերայ նստող թագաւորներ՝ կառքի եւ ձիերի վերայ հեծած՝ իրանք եւ իրանց ծառաներն ու իրանց ժողովուրդը։
5Իսկ եթէ չ’լսէք այս խօսքերը, Ինձանով երդում եմ անում ես, ասում է Տէրը, որ այս տունը աւերակ պիտի դառնայ։
6Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւորի տան մասին. Դու ինձ համար Գաղաադն ես՝ Լիբանանի գագաթն ես, բայց անշուշտ քեզ անապատ պիտի շինեմ, այնպիսի քաղաքներ, որ բնակուած չեն։
7Եւ քեզ դէմ կործանողներ եմ որոշելու, ամեն մէկն իր զէնքերովը. եւ նորանք պիտի կտրեն քո ընտիր եղեւինները եւ պիտի գցեն կրակի մէջը։
8Եւ շատ ազգեր պիտի անցնեն այս քաղաքովը եւ ասեն ամեն մէկն իր ընկերին. Ի՞նչու համար Տէրն այսպէս արաւ այս մեծ քաղաքին։
9Եւ նորանք պիտի ասեն. Որովհետեւ թողեցին իրանց Տէր Աստուծոյ ուխտը եւ երկրպագութիւն արին ուրիշ աստուածների եւ նորանց պաշտեցին։
10Լաց մի լինիք մեռնողի համար եւ նորա մասին մի ողբաք, այլ լաց եղէք գնացողի համար, որովհետեւ այլ եւս պիտի ետ չ’դառնայ, որ տեսնէ իր ծննդեան երկիրը։
11Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Սեղղումի մասին, որ թագաւորեց իր հօր Յովսիայի տեղը, որ դուրս եկաւ այս տեղիցը. այլ եւս ետ պիտի չ’դառնայ այստեղ։
12Որովհետեւ այնտեղ, ուր որ նորան գերի էին տարել, պիտի մեռնի, եւ այլ եւս պիտի չ’տեսնէ այս երկիրը։
13Վա՜յ նորան, որ իր տունը անարդարութիւնով է շինում, եւ իր վերնատները՝ անիրաւութիւնով, որ ձրի բանեցնում է իր դրացիին, եւ նորա վարձքը չէ տալիս նորան,
14Որ ասում է. Ես ինձ համար ընդարձակ տուն եւ հովասուն վերնատներ շինեմ, եւ իր համար պատուհաններ է բաց անում եւ ծածկում եղեւնափայտով, եւ ներկում կարմրագոյնով։
15Մի՞թէ կ’թագաւորես, որ տաքացել ես եղեւնափայտի համար. չէ՞ որ քո հայրը կերաւ եւ խմեց, եւ իրաւունք ու արդարութիւն արաւ. այն ժամանակ լաւ եղաւ նորա համար։
16Նա տեսաւ աղքատի եւ տնանկի դատը, եւ լաւ էր. մի՞թէ սա չէ ինձ ճանաչելը, ասում է Տէրը։
17Բայց քո աչքերն ու քո սիրտն ուրիշ բանի վերայ չէ բայց միայն քո շահասիրութեան վերայ, եւ անմեղ արիւն թափելու եւ անիրաւութեան ու զրկողութեան վերայ, որ անես։
18Սորա համար այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի մասին. Նորա վերայ պիտի չ’ողբան ասելով՝ Վա՜յ եղբայր, վա՜յ քոյր. նորա վերայ պիտի չ’ողբան ասելով՝ Վա՜յ տէր, վա՜յ նորա փառքը։
19Էշի թաղումով պիտի թաղուի նա, քաշ տալով ու Երուսաղէմի դռներիցը դուրս դէն գցելով։
20Վեր ելիր Լիբանանը ու կանչիր, եւ Բասանի վերայ ձայնդ բարձրացրու, եւ աղաղակիր Աբարիմիցը. որովհետեւ քո բոլոր հոմանիները փշրուեցան։
21Ես ասեցի քեզ քո յաջողութիւնումը. բայց դու ասեցիր՝ Չեմ լսում. սա է քո ճանապարհը քո մանկութիւնից, որ իմ խօսքը չ’լսես։
22Քո բոլոր հովիւներին քամին է քշելու, եւ քո հոմանիները գերի պիտի գնան. իրաւ այն ժամանակ պիտի ամաչես, եւ պիտի պատկառես քո բոլոր չարութիւններից։
23Ով Լիբանանումը բնակող եւ եղեւիններում բոյն դնող, ի՜նչ ողորմելի պիտի լինես դու, երբոր քեզ վերայ կ’գան ծննդեան ցաւերը՝ մի ծննդականի նման։
24Կենդանի եմ ես, ասում է Տէրը, որ եթէ Յուդայի թագաւորի Յովակիմի որդի Յեքոնիան մատանիի կնիք լինի իմ աջ ձեռքումը, որ այնտեղից էլ քեզ պիտի պոկեմ.
25Եւ քեզ պիտի տամ քո հոգին պահանջողների ձեռքը եւ նորանց ձեռքը, որոնց երեսիցը դու վախենում ես. եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը եւ Քաղդէացիների ձեռքը։
26Եւ ես դէն պիտի գլորեմ գցեմ քեզ եւ քո ծնող մօրն. օտար երկիր, ուր որ չէք ծնուել, որ այնտեղ մեռնէք։
27Եւ այն երկիրը, ուր որ նորանց անձը բաղձում է դառնալ, այնտեղ պիտի ետ չ’դառնան։
28Մի՞թէ մի անարգուած փշրուած աման է այս Յեքոնիա մարդը, կամ մի այնպիսի անօթ է, որ նորան չ’հաւանեն. ի՞նչու համար գլորուեցան ինքը եւ իր սերունդը, եւ քշուեցան իրանց չ’գիտեցած երկիրը։
29Ով երկիր, երկիր, երկիր, լսիր Տիրոջ խօսքը։
30Տէրն այսպէս է ասում. Անզաւակ գրեցէք այս մարդին, մի մարդ, որ յաջողութիւն պիտի չ’տեսնէ իր օրերումը, որովհետեւ չ’պիտի յաջողէ նորա սերունդից մէկ մարդ, որ նստի Դաւիթի աթոռի վերայ, եւ էլի տիրէ Յուդայի վերայ։