ԵՐԵՄԻԱ 6:1-30 ABA1910 - Bible AI

1Փախէք, ով Բենիամինի որդիք, Երուսաղէմի միջիցը, եւ Թեկուէումը փող հնչեցրէք, եւ Բեթաքարմայի վերայ նշան բարձրացրէք. որ չարիք է յարձակուել հիւսիսից եւ մեծ կոտորած։

2Ես լռեցնում եմ վայելչագեղ եւ փափկացեալ Սիօնի աղջկանը։

3Նորա մօտ գալիս են հովիւներ եւ իրանց հօտերը, նորա դէմ վրաններ են կանգնեցնում շուրջանակի, ամեն մէկը արածեցնում է իր բաժնումը։

4Սուրբ պատերազմ որոշեցէք նորա դէմ, վեր կացէք, որ վեր գնանք կէս օրին. Վա՜յ մեզ, որ օրը դարձել է, եւ երկարացել են երեկոյեան ստուերները։

5Վեր կացէք, որ վեր գնանք գիշերով, եւ կործանենք նորա պալատները։

6Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Փայտ կտրեցէք եւ պատնէշ կառուցէք Երուսաղէմի դէմ. Այս քաղաքին այցելութիւն պիտի լինի, բոլոր նորա միջինը զրկանք է։

7Ինչպէս որ ջրհորը բղխում է իր ջուրերը, նոյնպէս էլ նա բղխում է իր չարութիւնը. նորանում զրկանք եւ յափշտակութիւն է լսվում, իմ առաջին կան միշտ ցաւ եւ հարուած։

8Խրատուիր, ով Երուսաղէմ, որ հոգիս քեզանից չ’բաժանուի, որ քեզ աւերակ երկիր չ’շինեմ անբնակ։

9Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Բոլորովին ճռաքաղ պիտի անեն որթի պէս Իսրայէլի մնացորդին. Ձեռքդ դարձրու քաղողի պէս դէպի կողովը։

10Ո՞ւմ ասեմ եւ վկայեմ, որ լսեն. Ահա նորանց ականջը անթլփատ է, եւ չեն կարող լսել, ահա Տիրոջ խօսքը նորանց համար անարգանք եղաւ, նորանից չեն ախորժում։

11Սակայն Տիրոջ բարկութիւնովը լիքն եմ, յոգնած եմ տանելուցը։ Թափիր տղերանց վերայ դրսումը եւ երիտասարդների բոլոր խմբի վերայ. Որովհետեւ մարդն էլ կնկայ հետ պիտի բռնուին, ծերը՝ տարիները առածի հետ։

12Եւ նորանց տները պիտի ուրիշների անցնեն, ագարակներն ու կանայքն միասին. Որ իմ ձեռքը պիտի երկարացնեմ երկրի բնակիչների վերայ, ասում է Տէրը։

13Որովհետեւ նորանց պզտիկիցը մինչեւ նորանց մեծը, բոլորն էլ շահի ագահ են. Եւ մարգարէիցը մինչեւ քահանան բոլորն էլ ստաբաններ են։

14Եւ իմ ժողովրդի աղջկայ վէրքը բժշկում են թեթեւ կերպով, ասելով՝ Խաղաղութիւն, խաղաղութիւն. Քանի որ խաղաղութիւն չ’կայ։

15Մի՞թէ ամաչում են պղծութիւն անելիս, ոչ ամաչել են ամաչում, ոչ պատկառել գիտեն. Դորա համար պիտի ընկնեն ընկնողների հետ, եւ ես նորանց այցելելիս պիտի գլորուին, ասում է Տէրը։

16Այսպէս է ասում Տէրը. Կանգնեցէք ճանապարհներին եւ տեսէք եւ հարցրէք վաղեմի ճանապարհներից, թէ արդեօք որն է լաւ ուղին, այն ժամանակ գնացէք նորանով. Եւ դուք հանգստութիւն կ’գտնէք ձեր հոգիների համար։ Բայց նորանք ասում են՝ Չենք գնում։

17Եւ ձեզ վերայ դէտեր նշանակեցի, թէ Ուշադիր եղէք փողի ձայնին, բայց նորանք ասում են՝ Ուշադիր չենք լինում։

18Ուրեմն լսեցէք, ով ազգեր, եւ իմացիր, ով ժողով, նորանց միջինը։

19Լսիր, ով երկիր, ահա ես այս ժողովրդի վերայ չարիք եմ բերելու, նորանց խորհուրդների պտուղը. Որ ուշ չ’դարձրին իմ խօսքերին, եւ իմ օրէնքն էլ մերժեցին։

20Ի՞նչու Սաբայից կնդրուկ գայ ինձ համար, եւ անուշահոտ խնկեղէգը՝ հեռու երկրից. ձեր ողջակէզները ընդունելի չեն, եւ ձեր զոհերը ինձ հաճելի չեն։

21Վասն որոյ այսպէս է ասում Տէրը. Ահա ես խոչեր եմ դնում այս ժողովրդի համար. Եւ նորանցով պիտի գլորուին հայրերը եւ որդիքը մէկտեղ, դրացին եւ նորա հարեւանը պիտի կորչեն։

22Այսպէս է ասում Տէրը. Ահա մի ժողովուրդ է գալիս հիւսիսի երկրիցը, եւ մի մեծ ազգ է դուրս գալիս երկրի ծայրերիցը։

23Աղեղ եւ նիզակ են բռնած, անգութ են եւ չեն ողորմիլ, նորանց ձայնը գոռում է ծովի նման, եւ ձիերի վերայ են հեծնում, շարուած են պատերազմի մարդկանց պէս քեզ դէմ, ով Սիօնի աղջիկ։

24Նորա լուրը լսեցինք, մեր ձեռքերը թուլացան, ցաւը մեզ բռնեց ծննդականի երկունքի պէս։

25Դուրս մի գնաք արտերը եւ ճանապարհին մի կանգնէք, որովհետեւ թշնամիի սուրը կայ. Վախ է շուրջանակի։

26Ով իմ ժողովրդի աղջիկ, քուրձ հագիր, եւ մոխրում թաւալուիր. Միամօրի սուգ արա՝ դառնակսկիծ կոծ, որ յանկարծակի պիտի գայ կործանողը մեզ վերայ։

27Ես քեզ իմ ժողովրդի մէջ փորձող եմ շինել իբրեւ մի բերդ, որ իմանաս նորանց ճանապարհը եւ փորձես։

28Նորանք ամենքը կամակոր ապստամբներ են, բանսարկութեամբ վարուողներ են՝ պղինձ եւ երկաթ. Նորանք ամենքն էլ ապականիչ են։

29Փուքսը այրուեցաւ. Կրակիցը վերջացաւ կապարը, զուր է հալեցնում հալեցնողը. Որովհետեւ չարերը չ’ջոկուեցան։

30Խոտան արծաթ են կոչելու նորանց, որովհետեւ Տէրը մերժեց նորանց։